Անցնել բովանդակությանը

Այս 10 եղբայրներն ու քույրերը 8 այլ Վկաների հետ անարդարացիորեն ձերբակալվել են և կալանավորվել, ինչպես նշում է ՄԱԿ-ի փորձագետների խումբը։ Վերևում՝ ձախից աջ. Անդրեյ Մագլիվ, Իգոր Եգոզարյան, Ռուսլան Կորոլև, Վլադիմիր Կուլյասով, Վալերի Ռոգոզին։ Ներքևում՝ ձախից աջ. Վալերի Շալև, Տատյանա Շամշևա, Օլգա Սիլաևա, Ալեքսանդր Սոլովյով, Դենիս Տիմոշին

ՄԱՅԻՍԻ 18, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ըստ ՄԱԿ-ի փորձագետների խմբի՝ 18 Եհովայի վկաների կալանավորելով՝ Ռուսաստանը ոտնահարում է միջազգային իրավունքը

Ըստ ՄԱԿ-ի փորձագետների խմբի՝ 18 Եհովայի վկաների կալանավորելով՝ Ռուսաստանը ոտնահարում է միջազգային իրավունքը

Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) մարդու իրավունքների փորձագետների խումբը հրապարակել է 15-էջանոց եզրակացություն այն մասին, որ Ռուսաստանը, 2018 թ. մայիսից մինչև 2019 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում մի շարք քաղաքներում ձերբակալելով և կալանավորելով 18 Եհովայի վկաների, խախտել է միջազգային իրավունքը։ Փորձագետների խումբը պահանջում է անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել անազատության մեջ գտնվող Եհովայի վկաներին։

Փորձագետների նախնական եզրակացությունը հրապարակվել էր 2020 թ. մայիսի 15-ին, որի վերջնական տարբերակը շուտով կտեղադրվի ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։

Վերջին մեկ տարվա ընթացքում սա երրորդ անգամն է, որ ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) այսպիսի եզրակացություն է հրապարակել՝ հօգուտ մեր հավատակիցների։ Իր ամենավերջին զեկույցում Աշխատանքային խումբը դատապարտում է մեր քույրերի և եղբայրների նկատմամբ Ռուսաստանի դրսևորած բացահայտ անարդար վերաբերմունքը։

Անդրադառնալով Եհովայի վկաներին ձերբակալելիս իշխանությունների կողմից հատուկ միջոցների և բռնության կիրառմանը՝ Աշխատանքային խումբը հանգեց այն եզրակացության, որ «ոստիկանների գործողությունները արդարացնելու որևէ հիմք չկա, և ընդգծեց, որ ոչ մի Եհովայի վկա չպետք է ձերբակալվեր և պահվեր նախնական կալանքի տակ, չպետք է դատական գործ հարուցվեր նրանց նկատմամբ և չպետք է հարուցվի ապագայում»։

Փորձագետների խումբը կտրականապես հերքում է այսպես կոչված ծայրահեղական գործունեություն ծավալելու մեղադրանքը։ Խումբը նշում է, որ մեր քույրերն ու եղբայրները «խաղաղ պայմաններում կրոնի ազատության իրենց իրավունքը» իրականացնելուց բացի՝ ուրիշ ոչինչ չեն արել։

Իրենց զեկույցում փորձագետները դատապարտում են դատական նիստերի դահլիճում մեր եղբայրների հանդեպ դրսևորված վերաբերմունքը։ Օրինակ՝ դատավարության ժամանակ մեր քույրերից երկուսին պահել էին ճաղավանդակում։ Աշխատանքային խումբը նշում է, որ, ըստ միջազգային իրավունքի, յուրաքանչյուր ոք իրավունք ունի «անմեղ համարվելու, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով»։ Այդ պատճառով նիստերի դահլիճում մեր քույրերին չպետք է ձեռնաշղթաներ հագցնեին և պահեին ճաղավանդակում կամ այնպես ներկայացնեին, ասես վտանգավոր հանցագործներ են։

Աշխատանքային խումբը պահանջում է, որ Ռուսաստանը հանի 18 Եհովայի վկաների դատվածությունը և վերացնի դրա հետ կապված բոլոր հետևանքները, ինչպես նաև փոխհատուցի նրանց՝ համաձայն միջազգային իրավունքի։ Այնուհետև խումբը կոչ է արել, որ Ռուսաստանը «ապահովի լիարժեք և անկախ փորձաքննություն՝ պարզելու նրանց իրավունքների խախտման հանգամանքները» և «համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ դատապարտելու Վկաների իրավունքները ոտնահարողներին»։

Զեկույցում նշվում է նաև, որ 18 Վկաները ընդամենը մի քանիսն են Ռուսաստանի այն Եհովայի վկաներից, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել միայն այն պատճառով, որ նրանք իրականացրել են կրոնի ազատության իրենց իրավունքը՝ պաշտպանված միջազգային դաշնագրով, ինչը վավերացված է նաև Ռուսաստանի կողմից։ Թեև այս եզրակացության մեջ նշված են միայն մեր 18 հավատակիցների անունները, սակայն Աշխատանքային խումբը հստակ նշում է, որ այդ սկզբունքները «կիրառելի են նաև նմանատիպ իրավիճակներում գտնվողների նկատմամբ»։

Աշխատանքային խմբի հորդորը չի երաշխավորում, որ Ռուսաստանի մեր եղբայրներն ու քույրերը ազատ կարձակվեն։ Սակայն այն հույս է ներշնչում, որ վիճակը կբարելավվի։ Մենք սպասում ենք Ռուսաստանի արձագանքին։ Մինչ մեր եղբայրներն ու քույրերը քաջաբար դիմակայում են փորձությանը, մենք վստահ ենք, որ մեր սիրառատ հայր Եհովան կշարունակի նրանց խաղաղություն և ուրախություն տալ իրենց հավատի շնորհիվ (Հռոմեացիներ 15։13