ՄԱՐՏԻ 18, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Բիրոբիջանից չորս եղբայրներ հնարավոր է՝ ազատազրկվեն
Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջանի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Ալամ Ալիևին, Վալերի Կրիգեռին, Սերգեյ Շուլյարենկոյին և Դմիտրի Զագուլինին։ Եղբայր Ալիևը դատապարտվեց վեցուկես տարվա ազատազրկման, իսկ եղբայր Զագուլինը՝ երեքուկես տարվա ազատազրկման։ Եղբայրներ Կրիգեռը և Շուլյարենկոն դատապարտվեցին յոթ տարվա ազատազրկման։ Չորս եղբայրներին էլ դատական նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։
Տվյալներ
Ալամ Ալիև
Ծնվել է 1963 թ. (Լյաքի, Ադրբեջան)
Կենսագրություն։ Ծառայել է Սովետական Միության բանակում՝ Գերմանիայում։ Ավելի ուշ աշխատել է ձկնորսական նավում։ 1998 թ.-ին տեղափոխվել է Խաբարովսկ։ Այժմ աշխատում է գործարանում։
Ռուսաստան տեղափոխվելուց կարճ ժամանակ անց սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մկրտվել է 1991 թ.-ին։ 2015 թ.-ին ամուսնացել է Սվետլանայի հետ։ Նրանք սիրում են միասին ժամանակ անցկացնել բնության գրկում։
Վալերի Կրիգեռ
Ծնվել է 1968 թ. (Հրեական ինքնավար մարզ)
Կենսագրություն։ Մեծացել է ոչ կրոնասեր ընտանիքում։ Փոքր ժամանակ զբաղվել է թեթև աթլետիկայով։ Սովորել է բուժական մերսում և այժմ ունի իր սեփական բիզնեսը։ Մկրտվել է 1994 թ.-ին։ 2017 թ.-ին ամուսնացել է Նատալյայի հետ։ Նրանք սիրում են վոլեյբոլ խաղալ և զբոսնել բնության գրկում։
Սերգեյ Շուլյարենկո
Ծնվել է 1984 թ. (Խաբարովսկ)
Կենսագրություն։ Փոքր տարիքում՝ հոր՝ բանակում ծառայելու տարիներին, ապրել է Թուրքմենստանում։ Աշխատել է որպես մեխանիկ։ Սիրում է դիմանկարներ անել և նոր լեզուներ սովորել։ Եհովայի մասին սովորել է մորից։ Մկրտվել է 1997 թ.-ին՝ 13 տարեկան հասակում։
Դմիտրի Զագուլին
Ծնվել է 1973 թ. (Խաբարովսկ)
Կենսագրություն։ Փոքր ժամանակ ցանկացել է դառնալ զինվոր։ Զբաղվել է մարտարվեստով և պարաշյուտով թռչելու մարզումներ է անցել։ Աշխատում է երկաթուղային ընկերությունում։ Սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել 1991 թ.-ին և մեկ տարի անց մկրտվել է։ 2012 թ.-ին ամուսնացել է Տատյանայի հետ։
Դատական գործի պատմություն
2018 թ. մայիսի 17-ին «Դատաստանի օր» կոչված օպերացիայի շրջանակներում իրավապահ մարմինների 150 աշխատակիցներ մի շարք տներ խուզարկեցին Բիրոբիջանում։ Եղբայր Ալամ Ալիևը մեղադրվեց «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը ծավալելու» մեջ և վերցվեց նախնական կալանքի։ Եղբայրներ Վալերի Կրիգեռի, Սերգեյ Շուլյարենկոյի և Դմիտրի Զագուլինի դեմ նույնպես մեղադրանք առաջադրվեց։ Բոլոր չորս եղբայրները քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն են տվել։ Ի հավելում այս սթրեսային իրավիճակին՝ Ալամի, Վալերիի և Դմիտրիի կողակիցների դեմ նույնպես դատական գործ է հարուցվել։
Նախքան ձերբակալվելը Ալանը փնտրտուքներ էր կատարել հալածանքի թեմայով և դրա մասին ելույթ էր ներկայացրել ժողովում։ Նա ասում է. «Ես քաջալերեցի հավատակիցներին չվախենալ փորձությունների ժամանակ։ Սա շատ ժամանակահարմար էր, որովհետև ուղիղ մեկ շաբաթ անց մեր ժողովից 21 ընտանիքների տներ խուզարկվեցին»։
Վալերին և նրա կինը՝ Նատալյան, քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն ունենալու պատճառով չկարողացան ներկա գտնվել Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում տեղի ունեցած Եհովայի վկաների համաժողովին։ Նրանց նաև չթույլատրեցին այցելել Վալերիի ծնողներին, որոնք ապրում են Իսրայելում։ Ցավոք, նրա հայրը 2019 թ. փետրվարին մահացավ։ Իսկ դրանից մի քանի ամիս առաջ մայրը ողնաշարի վիրահատության էր ենթարկվել և շուրջօրյա խնամքի կարիք ուներ։ Սակայն Եհովան Վալերիին մենակ չթողեց։ Չնայած Վալերիի ծնողները Վկաներ չեն, սակայն Իսրայելում ապրող մեր հավատակիցները հոգ էին տարել նրա մոր մասին։ Վալերին ասում է. «Մենք աղոթում էինք Եհովային մորս համար, և պատասխանը չուշացավ։ Իսրայելում ապրող մեր հավատակիցները աջակցեցին մորս։ Նրանք մորս իրենց տուն էին հրավիրում, շփվում էին նրա հետ ու հրավիրում ժողովի հանդիպումներին։ Ճիշտ է, մենք մորս կողքին չէինք, սակայն տեսանք Եհովայի ձեռքը այս իրավիճակում. նա իրոք գործում է մեր համաշխարհային եղբայրության միջոցով»։
Դմիտրին հալածանքի արդյունքում համոզվեց մի բանում։ Նա ասում է. «Երբ կյանքում ամեն ինչ լավ է ընթանում, և երկրպագության հարցում խոչընդոտներ չկան, մենք հեշտությամբ կարող ենք մոռանալ հոգևոր բաների արժեքը և հետին պլան մղել դրանք։ Բայց երբ իշխանությունները արգելում են ազատորեն երկրպագել Աստծուն, այդ ժամանակ է, որ հասկանում ենք, թե որքան կարևոր է օգտվել այն հնարավորություններից, որոնք ունենք հենց հիմա, և պատրաստվել գալիք դժվարություններին։ Ուստի իմաստուն կլինի օգտագործել մեր ունեցած ազատությունը և «գանձեր դիզել երկնքում»։ Սա կօգնի, որ մեր հավատը ամուր լինի, և մինչև վերջ համբերենք» (Մատթեոս 6։20)։
Կասկած չկա, որ Եհովան Ռուսաստանի մեր հավատակիցներին տալիս է «սովորականին գերազանցող ուժը», որպեսզի նրանք շարունակեն դիմանալ (2 Կորնթացիներ 4։7)։