Անցնել բովանդակությանը

Եղբայր Ռոման Բարանովսկին և նրա մայրը՝ քույր Վալենտինա Բարանովսկայան

ՀՈՒՆՎԱՐԻ 29, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ռոման Բարանովսկու և Վալենտինա Բարանովսկայայի դեմ մեղադրանք է առաջադրվել

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ռոման Բարանովսկու և Վալենտինա Բարանովսկայայի դեմ մեղադրանք է առաջադրվել

2022 թ. մայիսի 4-ին Խակասիայի վերաքննիչ դատարանը վճռեց ազատ արձակել 71-ամյա Վալենտինա Բարանովսկայային։ Դատարանը մերժեց դատախազի բողոքը, որը ցանկանում էր թույլ չտալ, որ քույր Վալետնինային ազատ արձակեն։ Քույր Բարանովսկայան մեկ տարուց ավելի եղել է բանտում։ Նրա որդին՝ Ռոմանը, նույնպես գտնվում է բանտում։

2022 թ. մարտի 4-ին դատախազությունը բողոքարկեց Ուստ-Աբականի շրջանային դատարանի՝ Վալենտինա Բարանովսկայային վաղաժամկետ ազատ արձակելու մասին որոշումը։ Դատախազը նշեց, որ Վալենտինան չի կարող վաղաժամկետ ազատ արձակվել բանտից, քանի որ «չի զղջացել իր կատարած հանցանքի համար»։ Վալենտինան կմնա բանտում մինչև դատախազի բողոքի քննարկումը։

2021 թ. մայիսի 24-ին Խակասիայի Հանրապետության Գերագույն դատարանը մերժեց Ռոման Բարանովսկու և նրա 70-ամյա մոր՝ Վալենտինայի բողոքը։ Նրանք կմնան բանտում։ Դատարանը նաև վճռեց ապագայում՝ բանտից ազատ արձակվելուց հետո, հավելյալ սահմանափակումներ նշանակել նրանց նկատմամբ։

2021 թ. փետրվարի 24-ին Խակասիայի Հանրապետության Աբական քաղաքի դատարանը Ռոման Բարանովսկուն դատապարտեց վեց տարվա, իսկ նրա մորը‵ Վալենտինա Բարանովսկայային՝ երկու տարվա ազատազրկման։ Սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանում մեր քույրը ազատազրկվում է հավատի համար։ 2021 թ. ապրիլի 21-ին Վալենտինան դարձավ 70 տարեկան։ 2020 թ. հուլիսին նա կաթված է ստացել։ Դատավճռի հրապարակումից հետո երկուսն էլ կալանավորվել են։

Տվյալներ

Ռոման Բարանովսկի

  • Ծնվել է 1974 թ. (Բալակովո, Սարատովի մարզ)

  • Կենսագրություն։ Ռոմանը մոր հետ է ապրում և գումար է վաստակում՝ տներ վերանորոգելով։ Սիրում է կիթառ նվագել և շախմատ ու ֆուտբոլ խաղալ։

    Պատանի տարիքում մտածում էր, թե որն է կյանքի իմաստը։ Ռոմանը հիշում է. «Աստծուն խնդրում էի, որ ինձ ճիշտ ճանապարհը ցույց տա»։ 1993 թ.-ին սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և 1997 թ.-ին մկրտվեց։

Վալենտինա Բարանովսկայա

  • Ծնվել է 1951 թ. (Վանովկա, Ղազախստան)

  • Կենսագրություն։ Նախքան 2006 թ.-ին թոշակի անցնելը աշխատել է որպես հաշվապահ և ֆինանսիստ։ Սիրում է պոեզիա, ինչպես նաև երգեր գրել և խոհարարությամբ զբաղվել։

    1995 թ.-ին նա և իր որդին սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Նա շատ է զարմացել, երբ իմացել է, որ Աստված երբեք չի ստում։ 1996 թ.-ին մկրտվել է։

Դատական գործի պատմություն

2019 թ. ապրիլի 10-ի գիշերը Աբականի իրավապահ համակարգի աշխատակիցները զինված ներխուժել են 4 տուն, այդ թվում՝ Ռոման Բարանովսկու և նրա մոր՝ Վալենտինայի տուն։ Իրավապահները բռնագրավել են նրանց Աստվածաշնչերը, էլեկտրոնային սարքերը և անձնական փաստաթղթերը։ Ռոմանի և Վալենտինայի դեմ քրեական գործ է հարուցվել։

Ռոմանը պատմում է. «Երբ ներխուժեցին մեր տուն, մենք մասնակցում էինք միջշաբաթյա հանդիպմանը և քիչ առաջ քննարկել էինք 1 Կորնթացիներ 10։13-ը։ Հետաքրքիր միտք էր հնչել, որ Եհովան նախապես չի որոշում, թե ինչ փորձություն ենք կրելու։ Նա չի մտածում. «Քանի որ դու ուժեղ ես, քեզ այս փորձությունն եմ տալիս։ Իսկ դու ավելի թույլ ես. քեզ ավելի հեշտ փորձություն կտամ»։ Եթե այդպես լիներ, ամեն ինչ կախված կլիներ մեր ուժերից։ Յուրաքանչյուրս էլ կարող ենք ամեն տեսակ փորձություն ունենալ։ Եթե ապավինենք Եհովայի զորությանը, բոլորս էլ կկարողանանք հաղթահարել»։

2020 թ. հուլիսին Վալենտինան ուղեղի կաթված ստացավ։ Նա պատմում է. «Որքան վատանում էր ֆիզիկական վիճակս, այնքան մոտ էի ինձ զգում Եհովային, քանի որ երբեք չեմ դադարել աղոթել։ Եվ այդ ժամանակ այնպիսի զգացողություն էի ունենում, որ Աստված ինձ իր թևերի մեջ է առել։ Չեմ կարող նկարագրել այն խաղաղությունն ու անդորրը, որ զգում էի այդ պահերին»:

Այս բոլոր դեպքերից Վալենտինան մի կարևոր եզրակացության է հանգել. «Ես վճռել եմ հավիտյան ծառայել մեր Հորը և հավատարիմ մնալ նրան՝ անկախ ամեն ինչից»։

Ռոմանն ասում է, որ թե՛ մեր, թե՛ աստվածաշնչյան ժամանակներում ապրած մարդկանց տոկունության օրինակների շուրջ խորհրդածելը ամրացրել է իր հավատը։ Այդ օրինակների մասին մտածելիս նա հաճախ հարցնում է ինքն իրեն. «Ի՞նչ իրավիճակներում էին նրանք հայտնվել։ Ինչո՞ւ։ Ի՞նչն օգնեց, որ նրանք հավատարիմ մնան։ Եհովան ինչպե՞ս օգնեց նրանց իր ոգու միջոցով»։ Այս հարցերի պատասխանները Ռոմանին ավելի շատ հավաստիացրին, որ «եթե գերմարդկային ուժի կարիք լինի, Եհովան դա էլ կտա»։

Մենք աղոթում ենք, որ Ռոմանի, Վալենտինայի և Ռուսաստանի մեր մյուս սիրելի հավատակիցների համար Եհովան շարունակի լինել ապավեն և զորություն (Սաղմոս 46։1