ՀՈՒՆԻՍԻ 21, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Տատյանա Շոլները ապավինում է Եհովային և չի կորցնում իր ուրախությունը
2022 թ. սեպտեմբերի 14-ին Ընդհանուր իրավասության 9-րդ վճռաբեկ դատարանը մերժեց քույր Տատյանա Շոլների երկրորդ բողոքը։ Նա չի կալանավորվի։
2021 թ. դեկտեմբերի 16-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը մերժեց քույր Շոլների բողոքը։
2021 թ. հունիսի 25-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել Տատյանա Շոլներին և նրան դատապարտել 30 ամսվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի։
Տվյալներ
Տատյանա Շոլներ
Ծնվել է 1993 թ. (Բիրոբիջան)
Կենսագրություն: Տատյանան փոքր էր, երբ նրա հայրը մահացավ ողբերգական մահով. նրա մայրը մենակ է մեծացրել դստերը և որդուն։ Տատյանան աշխատում է դեղատանը։ Սիրում է չմուշկներով սահել, հեծանիվ վարել և վոլեյբոլ խաղալ։
Աստվածաշնչով սկսել է հետաքրքրվել, երբ տեխնիկումում կարուձև էր սովորում։ Նրա վրա մեծ տպավորություն է գործել Եհովայի վկա դասընկերը։ 2014 թ.-ին նրա 12-ամյա զարմիկը մահացել է, և նա շատ է մխիթարվել հարության հույսով։ 2017 թ.-ին մկրտվել է։
Դատական գործի պատմություն
2020 թ. փետրվարի 6-ին Բիրոբիջանում քրեական գործ հարուցվեց 6 քույրերի, այդ թվում՝ 27-ամյա Տատյանայի դեմ։ Իրենց կրոնը դավանելու համար նրանք մեղադրվում են «ծայրահեղականության» մեջ։ Հրեական ինքնավար մարզում առ այսօր ընդհանուր հաշվով 19 քրեական գործ է հարուցվել։
Տատյանան վստահ է, որ Եհովան օգնում է իրեն այս փորձությունների ընթացքում։ Նա ասում է. «Երբ քրեական հետապնդումները սկսվեցին, հոգևոր գրաֆիկս փոքր-ինչ տուժեց, սակայն ես շարունակում էի կանոնավոր ընթերցել Աստվածաշունչը։ Եհովային պատմում էի իմ բոլոր զգացմունքների և մտահոգությունների մասին։ Նրանից սուրբ ոգի էի խնդրում, որ կարողանայի դիմանալ և հավատարիմ մնալ մինչև վերջ։ Աղոթում էի նաև, որ քաջություն և իմաստություն տա ինձ, որ կարողանամ Աստծու անունը անվախորեն պաշտպանել դատարանում»։
Նա հավելում է. «Այն բանի գիտակցումը, որ Եհովան միշտ աջակցում ու պաշտպանում է իր ծառաներին, օգնում է, որ ուրախ մնամ։ Եհովան իր հզոր աջ ձեռքով բռնել է ինձ։ Դրա շնորհիվ ես լիովին վստահում եմ նրան և չեմ կորցնում խաղաղությունս» (Եսայիա 41։10)։
Մինչ սպասում ենք դատավարության ավարտին, վստահ ենք, որ Տատյանան կշարունակի «նեղությունների մեջ տոկալ» (Հռոմեացիներ 12։12)։