Անցնել բովանդակությանը

Սվետլանա Մոնիսը ամուսնու՝ Ալամ Ալիևի հետ

ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Սվետլանա Մոնիսը չի կորցնում իր դրական տրամադրվածությունը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Սվետլանա Մոնիսը չի կորցնում իր դրական տրամադրվածությունը

2022 թ. հոկտեմբերի 31-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջանի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց քույր Սվետլանա Մոնիսին և դատապարտեց երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման։ Քույրը չի կալանավորվի։

2022 թ. մարտի 9-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը բեկանեց Սվետլանային մեղավոր ճանաչելու վճիռը։ Նրա գործը ուղարկվեց Բիրոբիջանի շրջանային դատարան՝ վերաքննության։

2021 թ. փետրվարի 15-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջանի շրջանային դատարանը Սվետլանային մեղավոր ճանաչեց արգելված կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ և նրա նկատմամբ տուգանք նշանակեց 10 000 ռուբլու (135 դոլար) չափով։

Տվյալներ

Սվետլանա Մոնիս

  • Ծնվել է 1977 թ. (Լեսոզավոդսկ)

  • Կենսագրություն։ Սվետլանան աչքի արագ զարգացող հիվանդություն ունի։ Նա սիրում է լեզուներ սովորել։ Գիտի չինարեն, անգլերեն և գերմաներեն։ Գրեթե միայնակ է մեծացրել իր որդուն։ Ընտանիքի կարիքները հոգալու համար փոքրիկ չինական ռեստորան է բացել։

    Աշխարհում տիրող անարդարությունը տեսնելով՝ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մկրտվել է 2005 թ.-ին։ 2015 թ.-ին ամուսնացել է Ալամ Ալիևի հետ, որի դեմ մեկ այլ քրեական գործ է հարուցվել։

Դատական գործի պատմություն

2019 թ. սեպտեմբերի 26-ին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ավագ քննիչ, լեյտենանտ Դ. Յանկինը քրեական գործ հարուցեց Սվետլանայի դեմ։ Դատարանը նրան արգելեց մոտ երկու ամիս օգտվել ավտոմեքենայից, թեև նա դրա կարիքը ուներ իր 91-ամյա տատիկին հոգ տանելու համար։

Գործի նախնական քննությունը ավարտվեց 2019 թ. դեկտեմբերին։ Ավելի ուշ նրա գործը ուղարկվեց Բիրոբիջանի շրջանային դատարան։

Իր փորձությունների մասին Սվետլանան ասում է. «Երբ եկան խուզարկելու իմ տունը, ես շատ հանգիստ էի։ Այդ ժամանակ ես առաջին անգամ հասկացա Մատթեոս 5։10 համարի իմաստը. «Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են արդարության համար»» (Մատթեոս 5։10

Խուզարկությունից հետո Սվետլանայի ամուսինը՝ Ալամը, նույնպես ձերբակալվեց և 8 օրով տեղափոխվեց ժամանակավոր կալանավայր։ Սվետլանան ասում է. «Ինձ համար դժվար էր նրա մասին չափից շատ չանհանգստանալ։ Նա մեջքի քրոնիկ հիվանդություն ունի, որն այդ ժամանակ սրվել էր։ Ալամը խուզարկությունից մեկ շաբաթ առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից։ Ոչ մի կերպ չէի կարողանում խոսել նրա հետ և իմանալ, թե ինչպես է։ Եհովային աղոթեցի անհանգստություններիս մասին ու նրան ասացի, որ վստահ եմ, որ նա լավագույն կերպով հոգ կտանի Ալամի մասին»։

Սվետլանան համոզված է, որ Եհովան միշտ իր հետ է եղել։ Նա ասում. «Ես տեսել ու զգացել եմ նրա աջակցությունը։ Հասկանում էի, որ խուճապի մատնվելու ժամանակը չէ։ Աշխատում էի չկենտրոնանալ ինձ վրա, փոխարենը՝ մտածում էի, թե ինչպես եմ հավատարիմ մնալու Եհովային»։

Դրական տրամադրվածություն պահպանելու և իրենց հավատը ամրացնելու համար Սվետլանան և Ալամը շատ ջանքեր են թափում։ Սվետլանան ասում է. «Ես ու ամուսինս ամեն օր կարդում ու քննարկում ենք օրվա խոսքը և Աստվածաշնչից մի գլուխ։ Հատկապես ուշադրություն ենք դարձնում այն համարներին, որոնք մխիթարում են ու մղում են վստահել Եհովային»։ 2019 թ. տարվա խոսքը՝ Եսայիա 41։10-ը, որտեղ ասվում է. «Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ», օգնել է Ալամին ու Սվետլանային հավաստիանալ, որ Եհովան սիրում է իրենց։ Սվետլանան ասում է. «Մենք որոշեցինք տպել այդ խոսքերը և շրջանակի մեջ դնել»։

Սվետլանայի տոկունությունը դրական ազդեցություն է թողել իր ոչ Վկա հարազատների վրա։ Նա պատմում է. «Այս հալածանքները ինձ հնարավորություն տվեցին վկայություն տալ մորս, ով մի ժամանակ դեմ էր իմ հավատալիքներին։ Այժմ նա հարգանքով է վերաբերվում դրանց ու ամեն կերպ փորձում է կարեկցել և աջակցել մեզ։ 91-ամյա տատիկս, ով ուղղափառ եկեղեցու հետևորդ է, նույնպես մտահոգվում է մեզ համար։ Նույնիսկ սկսել է Աստվածաշնչով հետաքրքրվել»։

Մենք նույնպես անհանգստանում ենք Սվետլանայի և Ալամի համար։ Սակայն վստահ ենք, որ նրանք կպահպանեն իրենց դրական տրամադրվածությունը, քանի որ Եհովան կամրացնի նրանց սրտերը (Սաղմոս 10։17