ՕԳՈՍՏՈՍԻ 9, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Լրանում է եղբայր Անջեյ Օնիշչուկի՝ մեկուսարանում գտնվելու մեկ տարին
Եղբայր Անջեյ Օնիշչուկը, որը Լեհաստանի քաղաքացի է, նախնական կալանքի տակ է 2018 թ. հոկտեմբերի 9-ից, երբ Ռուսաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալեցին նրան։ Վերջերս նրա նախնական կալանքի ժամկետը երկարաձգվեց հինգերորդ անգամ։ Նշանակված ժամկետը լրանում է հոկտեմբերի 2-ին՝ նրա կալանավորման մեկ տարին լրանալուց ընդամենը մի քանի օր առաջ։
Կալանավորման ողջ ընթացքում Անջեյը գտնվում է մեկուսարանում։ Առավոտյան ժամը 06։00-ից մինչև երեկոյան ժամը 21։00-ն նրան թույլ չի տրվում պառկել։ Անջեյին թույլ են տալիս տաք ջրով լողանալ միայն շաբաթը մեկ անգամ՝ 15 րոպեով։ Կալանավորման այս տասը ամիսների ընթացքում նրա կնոջը՝ Աննային, չեն թույլատրում այցելել իր ամուսնուն։ Նրանք կարող են հաղորդակցվել միայն նամակագրությամբ։ Աննան բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին Անջեյին այցելելու խնդրանքով, սակայն ամեն անգամ մերժում է ստացել։
Ինչպես արդեն հաղորդել էինք, Անջեյը ձերբակալվեց, երբ Կիրովում ոստիկաններն ու դիմակավորված հատուկ ուժերը ներխուժեցին նրա և 18 այլ հավատացյալների տներ։ Անջեյի նկատմամբ քրեական գործ հարուցվեց Թագավորության երգերը երգելու և կրոնական գրականություն ուսումնասիրելու համար։
Անցած տարի Անջեյի հետ ձերբակալվեցին և նախնական կալանքի վերցվեցին նաև Կիրովից չորս եղբայրներ՝ 44-ամյա Մաքսիմ Խալտուրինը, 66-ամյա Վլադիմիր Կորոբեյնիկովը, 26-ամյա Անդրեյ Սուվորկովը և 41-ամյա Եվգենի Սուվորկովը։ Այդ ժամանակվանից այս չորս անհատները տնային կալանքի տակ են։ Անջեյի և նրանց վերաբերյալ գանգատը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում։
Այս տարի Ռուսաստանի իշխանությունները քրեական գործեր են հարուցել Կիրովում բնակվող ևս յոթ եղբայրների նկատմամբ, որոնցից ամենատարեցը 70-ամյա Եվգենի Ուդինցևն է։ Այժմ իրենց հավատը դավանելու համար Կիրովում քրեական հետապնդման են ենթարկվում ընդհանուր հաշվով 12 Եհովայի վկաներ։
Թող որ երբեք չմոռանանք Անջեյի, Աննայի և Ռուսաստանի մեր մնացած սիրելի եղբայրների ու քույրերի վերաբերյալ հետևյալ հիշեցումը. «Հիշեցեք նրանց, ովքեր բանտի կապանքներում են, ասես թե դուք էլ եք նրանց հետ բանտարկված։ Հիշեք նաև նրանց, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանանում, քանի որ դուք էլ եք դեռ ապրում երկրի վրա» (Եբրայեցիներ 13։3)։