Անցնել բովանդակությանը

Եղբայր Վլադիմիր Ալուշկինը՝ իր ձերբակալությունից և ազատազրկումից առաջ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՄԱԿ-ը կոչ է անում Ռուսաստանին ազատ արձակել եղբայր Ալուշկինին

ՄԱԿ-ը կոչ է անում Ռուսաստանին ազատ արձակել եղբայր Ալուշկինին

ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը հրապարակել է 12-էջանոց զեկույց՝ դատապարտելով Ռուսաստանին եղբայր Վլադիմիր Ալուշկինին ապօրինաբար ձերբակալելու և կալանավորելու համար։ Զեկույցը կոչ է անում Ռուսաստանին ազատ արձակել եղբայր Ալուշկինին և արդարացի փոխհատուցում վճարել նրա իրավունքները ոտնահարելու դիմաց։

Եղբայր Ալուշկինը ձերբակալվեց 2018 թ. հուլիսի 15-ին, երբ ոստիկանության գրեթե մեկ տասնյակ դիմակավորված աշխատակիցներ գրոհային հրացաններով ներխուժեցին նրա տուն։ Ոստիկանները մոտ չորս ժամ խուզարկեցին նրա բնակարանը և բռնագրավեցին բջջային հեռախոսներ, էլեկտրոնային սարքեր, Աստվածաշնչեր և այլ գրականություն։ Այնուհետև եղբայր Ալուշկինին տարան ոստիկանության բաժանմունք՝ հարցաքննելու։

Եղբայր Վլադիմիր Ալուշկինը՝ Պենզայի Պերվոմայսկի շրջանային դատարանում (հունվար, 2019 թ.)

Տեղի իշխանությունները եղբորը երկու օր պահեցին ժամանակավոր կալանավայրում, այնուհետև Պերվոմայսկի շրջանային դատարանի որոշմամբ՝ նրան երկու ամսով նախնական կալանքի վերցրին։ Ավելի ուշ դատարանը երկու անգամ երկարաձգեց եղբայր Ալուշկինի նախնական կալանքի ժամկետը։ Մոտ վեց ամիս հետո նրա նախնական կալանքը փոխարինվեց տնային կալանքով, որը նա կրում է մինչ օրս։

Իրեն անմեղ ճանաչելու և ազատելու գանգատով եղբայր Ալուշկինը դիմեց ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին։ Մարդու իրավունքների հարցերով փորձագետների այս անկախ խումբը, որը համագործակցում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հետ, քննում է առանձին անհատների գործերը՝ կապված ոստիկանության կողմից ապօրինի կալանավորման, դատարանի որոշմամբ անհատին տնային կամ նախնական կալանքի վերցնելու և ազատազրկելու հետ։

Եղբայր Ալուշկինի՝ ծայրահեղական գործունեության մեջ ներգրավված լինելու մասին Ռուսաստանի պնդումը մանրամասնորեն քննելուց հետո ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը եզրակացրեց. «Պրն Ալուշկինը մասնակցել է բացառապես խաղաղ կրոնական քննարկումների։ Աշխատանքային խմբի համար հստակ է, որ պրն Ալուշկինը ընդամենը իրականացրել է Դաշնագրի [Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, որը վավերացվել է նաև Ռուսաստանի կողմից] 18-րդ հոդվածով երաշխավորված կրոնի ազատության իր իրավունքը»։ Ուստի եզրակացության մեջ ասվում է, որ «Աշխատանքային խումբը ցանկանում է ընդգծել, որ պրն Ալուշկինը չպետք է ձերբակալվեր ու նախնական կալանքի վերցվեր, և որ նրա առնչությամբ որևէ դատական գործ չպետք է լինի»։ Բացի այդ, ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը Ռուսաստանի կառավարությանը պարտավորեցրել է «անհապաղ շտկել պրն Ալուշկինի հետ կապված իրավիճակը»՝ նշելով, որ «համապատասխան շտկումը կլինի պրն Ալուշկինին անմիջապես ազատ արձակելը»։

ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը նաև ընդունել է, որ եղբայր Ալուշկինի գործը բացառություն չէ Ռուսաստանում։ Նա «ընդամենը մեկն է Ռուսաստանի Դաշնությունում օրեցօր ավելացող այն Եհովայի վկաներից, ովքեր ձերբակալվում, կալանավորվում և մեղավոր են ճանաչվում անօրինական գործունեություն ծավալելու մեջ պարզապես կրոնի ազատության իրենց իրավունքից օգտվելու համար», իրավունք, որը պաշտպանված է միջազգային իրավունքով։ Այսպիսով՝ դատապարտելով Ռուսաստանի կողմից մեր հավատակիցներին հետապնդելու գնալով ավելացող դեպքերը՝ Աշխատանքային խումբը հստակ նշեց, որ իր կարծիքը վերաբերում է ոչ միայն եղբայր Ալուշկինի գործին, այլև այն բոլոր Եհովայի վկաների, ովքեր «նման իրավիճակում են»։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն կիրառել Աշխատանքային խմբի հանձնարարականները։ Փոխարենը՝ Պենզայի իշխանությունները 2019 թ. օգոստոսին եղբայր Ալուշկինի գործը հանձնեցին դատարանի քննությանը։ Դատական նիստերը կշարունակվեն 2019 թ. նոյեմբերի 15-ին, 19-ին և 22-ին։

Մենք հույս ունենք, որ դատարանը հաշվի կառնի Աշխատանքային խմբի կարծիքը եղբայր Ալուշկինի գործով դատավճիռ կայացնելիս։ Սաղմոսերգուի պես՝ մենք լիովին ապավինում ենք Եհովային։ Նա ասաց. «Ես չեմ վախենա.... Եհովան իմ կողքին է, նա ինձ օգնողների մեջ է.... Ավելի լավ է ապաստան գտնել Եհովայի մոտ» (Սաղմոս 118։6–9