ՀՈՒՆԻՍԻ 11, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Մայիսի 16-ին դատարանին ուղղված Դենիս Քրիստենսենի խոսքի սղագրությունը
2019 թ. մայիսի 16-ին վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Դենիսը հնարավորություն ունեցավ մոտ մեկ ժամ խոսել ի պաշտպանություն իրեն։ Ստորև ներկայանում ենք նրա հիանալի ճառի սղագրությունը (թարգմանված է ռուսերենից).
Շատ տարիներ առաջ մի նենգ անձնավորություն ասաց հետևյալը. «Որքան հաճախ է սուտը կրկնվում, այնքան ճշգրիտ է այն դառնում»։ Այլ կերպ ասած՝ եթե սուտը հազար անգամ կրկնես, այն կդառնա ճշմարտություն։ Այդ սուտը, որը մարդիկ փորձում են ներկայացնել որպես ճշմարտություն, բազմաթիվ անմեղ մարդկանց մեծ վնասներ է պատճառել։
Սակայն այս ամենը եղել է անցյալում, և այսօր շատերը կարծում են, որ 21-րդ դարի կիրթ հասարակությունը դասեր է քաղել պատմությունից։
Բայց, ինչպես երևում է, դա այդպես չէ։ Ստին դիմելու մեթոդները կրկին օգտագործվում են այս գործում, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող այլ Եհովայի վկաների պարագայում։ Եվ նորից այս ստերը հանգեցնում են շատ խնդիրների ու վնասներ պատճառում անմեղ մարդկանց։
Իմ պարագայում այս սուտը հիմնված է այն ենթադրությունների վրա, որ ես իբր շարունակել եմ Օրյոլում արգելքի տակ գտնվող Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպության (ՏԿԿ) գործունեությունը և գաղտնի գործել եմ այդ նպատակով։
Այս մեղադրանքը անդադար հնչել է դատավարության ժամանակ, սակայն որևէ ապացույց չի ներկայացվել։ Այս կերպով կարծես փորձում էին սուտը ճշմարտություն դարձնել։
Ճշմարտությունն այն է, որ ես երբեք որևէ կապ չեմ ունեցել Օրյոլում Եհովայի վկաների ՏԿԿ-ի հետ։
Այո՛, անշուշտ, ես հավատացյալ եմ՝ Եհովայի վկա։ Ես և իմ ընկերները հաճախում էինք տարբեր կրոնական հանդիպումների, որոնք որևէ կապ չունեին Օրյոլում Եհովայի վկաների ՏԿԿ-ի հետ, և այդ հանդիպումներին հաճախելը միանգամայն օրինական էին՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 28-րդ հոդվածի։
Ես չէի շարունակում Օրյոլում Եհովայի վկաների ՏԿԿ-ի գործունեությունը և չէի խախտում Ռուսաստանի որևէ օրենք։ Ես երբեք ծայրահեղական որևէ գործունեությամբ չեմ զբաղվել։
Շատերն են ինձ հարցրել. «Ինչո՞ւ են խաղաղասեր Եհովայի վկաներին ներկայացնում որպես ծայրահեղականներ, և ինչո՞ւմ են նրանք այսպես կոչված ծայրահեղական»։ Ես պատասխանել եմ՝ չգիտեմ»։
Եհովայի վկաները իրենց մերձավորին սիրում են իրենց անձի պես։ Նրանք փորձում են օգտակար գործեր անել հասարակության համար։ Նրանք ազնիվ մարդիկ են, ովքեր հնազանդվում են պետական օրենքներին և վճարում հարկերը։ Ի՞նչ «ծայրահեղական» բան են արել նրանք։ Անձամբ ես չգիտեմ և այս դատավարության ընթացքում դեռ չեմ ստացել այդ հարցի պատասխանը։
Ես մեղադրվում եմ մի փոքր իրավաբանական անձի գործունեությունը շարունակելու համար, որը բաղկացած է ընդամենը տասը հոգուց, և որը դատարանի կողմից ճանաչվել է ծայրահեղական։ Ե՞րբ և ինչպե՞ս եմ շարունակել այս իրավաբանական անձի գործունեությունը։ Կոնկրետ ո՞րն է իմ ծայրահեղական գործունեությունը։
Այս դատավարության ընթացքում ես այս հարցերից ոչ մեկի պատասխանը չստացա։ Գիտե՞ք, թե ինչու։ Քանի որ փորձում են սուտը դարձնել ճշմարտություն՝ անընդհատ այն կրկնելով։
Այստեղ՝ Ռուսաստանում, ինչ-որ մեկը ամեն ինչ անում է խաղաղասեր Եհովայի վկաներին ծայրահեղական ներկայացնելու համար։ Դա արդարացի չէ և ճշմարտության հետ որևէ առնչություն չունի։ Եհովայի վկաները ծայրահեղականներ չեն։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։
Նախ՝ Եհովայի վկաները երբեք զենք չեն վերցնում և չեն մասնակցում զինված բախումների։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում նրանք զոհել են իրենց կյանքը, քանի որ հրաժարվել են զորակոչվել Վեհրմախտ (Ֆաշիստական Գերմանիայի զինված ուժեր)։ Նրանք չեն գնացել պատերազմի և չեն սպանել ռուս զինվորների։
ԽՍՀՄ-ում Եհովայի վկաները ենթարկվել են դաժան հալածանքների, նրանց մեղադրել են հակակոմունիստական գաղափարախոսության մեջ և պիտակել որպես մարդկանց թշնամիներ։ Սակայն նրանք չեն ատել իրենց հալածողներին։
Այսօր Եհովայի վկաները միավորված են համաշխարհային եղբայրության մեջ, որը կազմված է տարբեր ազգերի մարդկանցից։ Նրանք միասին վայելում են խաղաղություն և ներդաշնակություն։ Սա ապացույցն է այն բանի, որ թեև մենք բոլորս տարբեր ենք, սակայն հնարավոր է հաղթահարել այն տարբերությունները, որոնք պառակտում են մարդկությունը։
Երկրորդ՝ աշխարհի ոչ մի երկրում, բացի Ռուսաստանից, Եհովայի վկաները չեն մեղադրվում ծայրահեղականության մեջ։ Եհովայի վկաները առանց խոչընդոտի և խաղաղ պայմաններում գործում են աշխարհի ավելի քան 200 երկրներում ու տարածքներում։ Նրանք հայտնի են որպես խաղաղասեր մարդիկ, ովքեր բացարձակապես որևէ առնչություն չունեն ծայրահեղականության հետ։
Նրանք բոլորը միավորված են աստվածաշնչյան մեկ ուսմունքի շուրջ, որը հորդորում է նրանց ցուցաբերել լավ հատկություններ՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, բարություն, առաքինություն, հավատ, [մեղմություն] և ինքնատիրապետում։
Աստվածաշնչում այս հատկությունները կոչվում են «ոգու պտուղ», իսկ նման հատկությունները հասարակության համար խնդիրներ չեն ստեղծում։ Այս հատկությունները ծայրահեղականության հետ որևէ առնչություն չունեն։ Ընդհակառակը՝ դրանք օգուտներ են բերում մարդկանց։
Երրորդ՝ «Ծայրահեղական գործունեության դեմ պայքարի մասին» Ռուսաստանի օրենքը Եհովայի վկաների նկատմամբ կիրառելը քննադատության է արժանացել Ռուսաստանի իրավապաշտպանների կողմից։ Նրանցից շատերը հստակ նշել են, որ դա արատավորում է Ռուսաստանի համբավը, որը պնդում է, թե օրենքով ղեկավարվող ժողովրդավարական պետություն է։ Այս ճանաչված իրավապաշտպանները չէին դատապարտի այդ օրենքի կիրառությունը, եթե Եհովայի վկաների գործունեության մեջ ծայրահեղականության նշույլներ լինեին։
Չորրորդ՝ միջազգային հանրությունը նույնպես քննադատել է «Ծայրահեղական գործունեության դեմ պայքարի մասին» Ռուսաստանի օրենքը Ռուսաստանում Եհովայի վկաների նկատմամբ կիրառելը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին դադարել այս օրենքը Եհովայի վկաների նկատմամբ կիրառելուց։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը բազմիցս հայտնել է իր մտահոգությունն այն մասին, որ Ռուսաստանը ծայրահեղականության դեմ պայքարի մասին օրենքը կիրառում է Եհովայի վկաների նկատմամբ, և արդյունքում հալածվում են խաղաղասեր և անմեղ մարդիկ։
Հիսուս Քրիստոսը նախազգուշացրել է իր հետևորդներին. «Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհաննես 15:20)։ a Վերջում նրան մեղավոր ճանաչեցին և մահվան մատնեցին ծայրահեղականության կեղծ մեղադրանքի հիմքով, ինչը աղաղակող անարդարություն էր։
Բայց մենք առաջին դարում չենք ապրում, ոչ էլ միջին դարերում։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, մի ժամանակաշրջանում, երբ բոլոր մարդիկ պետք է հավասարապես օգտվեն մարդու իրավունքներից և կրոնի ազատությունից։
Ճի՞շտ է արգելել մարդուն հավատալ Աստծուն և եթե շարունակում է հավատալ, ազատազրկել նրան։ Կարծում եմ՝ ճիշտ չէ։ Դա կարող է տեղի ունենալ միայն բռնատիրական երկրներում, ոչ թե ժողովրդավարական, որոնք ղեկավարվում են օրենքով, ինչպիսին, հուսով եմ, Ռուսաստանն է, կամ փորձում է այդպիսին լինել։
Այս դատական գործի քննության ընթացքում, ես լսեցի, որ ոմանք Ռուսաստանում կարծում են, թե ծայրահեղականություն է հավատալ, որ քո կրոնն է ճշմարիտ, և այն բացեիբաց դավանել։ Դա միանգամայն անտրամաբանական է, քանի որ բոլոր հավատացյալ մարդիկ էլ կարծում են, որ իրենց կրոնն է ճշմարիտ։ Մի՞թե նրանք կշարունակեին դավանել այդ կրոնը, եթե կարծեին, որ այն ճշմարիտ չէ։
Եթե այս փաստարկը բավարար է ինչ-որ մեկին ծայրահեղական ճանաչելու համար, ապա ստացվում է, որ Քրիստոսն էլ էր ծայրահեղական։ Նա ասաց Պոնտացի Պիղատոսին. «Ես ծնվել ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտության կողմն է, լսում է իմ ձայնը» (Հովհաննես 18:37)։
Սա նշանակում է, որ Աստվածաշնչյան ճշմարտություն գոյություն ունի։ Հիսուսը քարոզում էր ճշմարտության մասին և այն սովորեցնում էր իր աշակերտներին։ Նա նկատի չուներ ճշմարտությունը ընդհանուր առմամբ, այլ խոսում էր Աստծու նպատակների վերաբերյալ ճշմարտության մասին։ Հիմնականում Հիսուսի՝ «Դավթի որդու» (նրա ժառանգի) հետ կապված Աստծու նպատակն այն էր, որ նա պետք է ծառայեր որպես Քահանայապետ և Աստծու Թագավորության Թագավոր։
Հիսուսը բացատրում էր, որ իր երկիր գալու, երկրային կյանքի և ծառայության նպատակը Թագավորության մասին ճշմարտությունը հռչակելն էր։ Արդյո՞ք մարդիկ այսօր Հիսուսին համարում են ծայրահեղական զուտ այն պատճառով, որ նա քարոզում էր ճշմարտությունը։
Եհովայի վկաները հետևում են նրա օրինակին և քարոզում են ճշմարտությունը, որը գրված է Աստվածաշնչում։ Այդ ճշմարտությունն այն մասին է, որ Աստծու Թագավորությունն է մարդկության խնդիրների միակ լուծումը։ Նրանք բոլոր մարդկանց հետ խոսում են Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում գրվածի մասին։
Մի անգամ Հիսուսը Աստծուն աղոթելիս ասաց. «Սրբացրու նրանց ճշմարտությամբ. քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17:17)։ Հետևաբար շատ կարևոր է, որ բոլոր մարդիկ Աստվածաշնչից իմանան ճշմարտությունը։ Այն օգտակար է և որևէ առնչություն չունի ծայրահեղականության հետ։
Միայն Եհովայի վկաները չէ, որ գնահատում են Աստվածաշունչը։ Ռուս գիտնական Միխայիլ Լոմոնոսովը ասել է. «Արարիչը մարդկությանը երկու գիրք է տվել։ Մեկում նա բացահայտել է իր փառահեղությունը, իսկ մյուսում՝ իր կամքը։ Առաջինը տեսանելի աշխարհն է, որը նա ստեղծել է.... Իսկ երկրորդ գիրքը՝ Աստվածաշունչը»։
Անկասկած, Լոմոնոսովը մանրամասն ուսումնասիրել էր Աստվածաշունչը։ Եվ նա ճիշտ է ասել։ Մենք կարող ենք շատ բան իմանալ Աստծու մասին՝ դիտելով նրա ստեղծագործությունը։ Մենք կարող ենք նույնիսկ ավելին իմանալ նրա մասին, եթե կարդանք և ուսումնասիրենք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։
Աստվածաշունչն ինքն իր մասին ասում է. «Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված և օգտակար է սովորեցնելու.... արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթեոս 16, 17)։ Ամե՛ն բարի գործի համար։
Քրիստոնեական հանդիպումներին, որոնց ես հաճախում և մասնակցում էի, և որոնք անցկացվում էին կրոնական մի խմբի կողմից, որը որևէ առնչություն չուներ Օրյոլում Եհովայի վկաների ՏԿԿ-ի հետ, մենք քննարկում էինք, թե ինչպես կարող ենք կատարել բարի գործեր։
2017 թ. փետրվարի 19-ին և 26-ին տեղի ունեցած մեր կրոնական հանդիպումների երկու տեսագրություններում, որոնք դիտեցինք դատարանում, պարզ երևում էր, որ ծայրահեղական որևիցե բան չի արվել և չի ասվել։ Մենք քննարկում էինք Աստվածաշնչից մտքեր, որոնք շատ օգտակար են բոլորի համար։ Կրոնական հանդիպումները անցնում էին ուրախ և խաղաղ մթնոլորտում, ինչը հատուկ է Եհովայի վկաների հանդիպումներին։
Մեր քննարկած աստվածաշնչյան մտքերը չեն վնասում հասարակությանը։ Ընդհակառակը՝ դրանք մեծապես օգնում և մխիթարում են մարդկանց։ Նրանց համար, ովքեր սգում են իրենց հարազատի մահը, Աստվածաշունչը հետևյալ մխիթարական խոստումն է տալիս. «Եվ վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի» (1 Կորնթացիներ 15:26)։
Ցանկացած մարդու համար մահը սարսափելի թշնամի է, բայց ոչ Աստծու համար։ Եսայիա 25։8-ում նա խոստանում է. «Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից»։
Պատկերացրեք, թե ինչ հրաշալի ժամանակներ կլինեն։ Այլևս չեն լինի թաղման արարողություններ և գերեզմաններ։ Վշտի արցունքների փոխարեն՝ կլինեն ուրախության արցունքներ, երբ Աստված իրականացնի մահացածներին հարություն տալու մասին իր խոստումը։ Ի վերջո, մահվան պատճառած անհամար վերքերը կբուժվեն։
Անձամբ ինձ համար այս խոսքերը մեծ արժեք ունեն, քանի որ ես շատ հարազատ մարդկանց եմ կորցրել։ Իմ կալանքի ընթացքում մահացավ ինձ շատ հարազատ մի անձնավորություն։ Դա իմ տատիկն էր՝ Հելգա Մարգրետ Քրիստենսենը։
Նա մեր ընտանիքում առաջինը սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և դարձավ Եհովայի վկա։ Նա Աստվածաշնչի ճշմարտությունը նախ սովորեցրեց հորս, ապա՝ ինձ։ Շատերը, ովքեր ճանաչում էին տատիկիս՝ հարևանները, աշխատակիցները, ընտանիքի անդամները, սիրում ու հարգում էին նրան։
Նա նույնպես սիրում ու հարգում էր մարդկանց՝ անկախ նրանց կրոնից, ազգությունից ու մաշկի գույնից։ Նա փորձում էր օգնել մարդկանց և բարի գործեր էր անում նրանց համար։ Ցավոք, ոմանք հավանաբար նրան ծայրահեղական կհամարեին։ Սակայն ողջամիտ մարդիկ չէին համաձայնի նրանց հետ։
Ես սպասում եմ այն օրվան, երբ Աստված նրան կյանքի կբերի, և մենք կտեսնենք նրան։ Դժբախտաբար, ես չկարողացա մասնակցել նրա թաղման արարողությանը։ Ես չկարողացա մխիթարել իմ ընտանիքին այդ դժվար պահին, քանի որ ծայրահեղականության զավեշտալի մեղադրանքով գտնվում էի կալանավայրում։
Մահացածների հարության մասին աստվածաշնչյան հույսը մխիթարում է ինձ և հավաստիացնում, որ մի օր Աստծու Թագավորության իշխանության ներքո մենք կրկին կտեսնենք իրար։ Եթե այս հույսը կարող է օգնել ու մխիթարել ինձ, վստահ եմ՝ այն կօգնի ու կմխիթարի նաև ուրիշներին։
Մեր հանդիպումների ժամանակ քննարկված աստվածաշնչյան մտքերից մեկն էլ ապագա երկրային դրախտի մասին էր, որտեղ բոլորի համար բավականաչափ սնունդ կլինի, խաղաղություն կտիրի, ու հիվանդություն չի լինի, ինչպես մարգարեացված է Եսայիա 33:24-ում. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»։ Այդ երկրում բնակվող ժողովրդի հանցանքը կներվի»։
Կարո՞ղ է այս խոստումների մասին մարդկանց հետ զրուցելը վնասակար լինել հասարակության համար։ Ո՛չ։ Փոխարենը՝ այս խոստումները կարող են մարդկանց հույսով և ուրախությամբ լցնել։ Հիսուսն ինքն է ասել. «Երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկաս 11:28)։
Դրան հավատալը կամ չհավատալը յուրաքանչյուրի ընտրությունն է։ Աստված չի ստիպում որևէ մեկին ծառայել իրեն։ Երեմիա 29։11-ում ասվում է. «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ»։
Աստված բոլորիս առաջարկում է կյանքի լավագույն ուղին։ Նա ուզում է, որ մտերիմ փոխհարաբերություններ ունենանք իր հետ։ Եհովայի վկաները հրավիրում են մարդկանց ընտրելու լավագույն ուղին՝ Աստծու հետ մտերիմ լինելու ուղին, որը հավիտենական կյանքի է տանում։ Այս ուսմունքները ծայրահեղականության հետ որևէ առնչություն չունեն։ Ո՞րն է իմ կողմից իրականացված «ծայրահեղական գործունեությունը», և ինչո՞ւ են ուզում ինձ ազատազրկել վեց տարով։
Ես չեմ գործել որպես հանցագործ կամ ծայրահեղական։ Իմ հարևանները, համայնքային ոստիկանության տեսուչը և կալանավայրի աշխատակիցները իմ մասին դրական են արտահայտվում։ Հետևաբար նորից եմ ուզում հարցնել. «Ո՞րն է իմ կողմից իրականացված «ծայրահեղական գործունեությունը», և ինչո՞ւ են ուզում ինձ ազատազրկել վեց տարով»։
Ես դա չեմ հասկանում և չեմ հասկացել այս վերջին երկու տարիների ընթացքում։ Գուցե վերաքննիչ դատարանը կարողանա հստակ պատասխանել իմ հարցերին, քանի որ առաջին ատյանի դատարանը պատասխան չտվեց դրանց։
Ինչպես արդեն նշեցի, մենք ապրում ենք 21-րդ դարում, ոչ թե միջին դարերում։ Մարդկությունը տարբեր հարցերում առաջընթաց է ապրել։ Ցավոք, Ռուսաստանում մարդիկ հետապնդվում են, նույնիսկ կտտանքների են ենթարկվում զուտ իրենց հավատի համար։
2019 թ. փետրվարի 15-ին յոթ Եհովայի վկաների հարցաքննելիս Սուրգուտի քննչական կոմիտեն դիմեց կտտանքների՝ իր ուզած պատասխանը ստանալու համար։ Այդ հավատացյալներին թույլ չտրվեց օգտվել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 51-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, այսինքն՝ հրաժարվել իր կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց, թեև Սահմանադրության այս հոդվածը Ռուսաստանում հավասարապես կիրառելի է բոլորի նկատմամբ։
Նրանց ստիպեցին ծնկի գալ՝ ձեռքերը վեր պահած, հարվածեցին նրանց գլխին և մարմնի այլ մասերին, ստորացրին նրանց ազգության և կրոնի պատճառով։ Այնուհետև տոպրակներ հագցրին նրանց գլխին և կապեցին ժապավենով, որպեսզի չկարողանան շնչել, և ձեռքերը կապեցին մեջքին։ Ոտքերը նույնպես կապեցին։ Քննիչները, նրանց վրա բղավելով, փորձեցին ստիպել ասել որոշ բաներ։ Մի քանի հավատացյալներ զգացին, որ ուր որ կմեռնեն, և կորցրին գիտակցությունը, քանի որ շնչահեղձ էին եղել։ Հետո նրանց վրա ջուր լցրին և էլեկտրաշոկի ենթարկեցին։
Այս ամենը ամենայն մանրամասնությամբ փաստագրվել է փորձագիտական եզրակացության մեջ, սակայն քննչական կոմիտեի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել։ Իշխանությունները աչք են փակում այս ամենի վրա կամ էլ պնդում են, որ հավատացյալները իրենք են իրենց հասցրել այդ վնասները։ Սա ուղղակի ծիծաղելի է։ Պարզապես հրեշավոր մի սուտ։
Այս ամենը վարկաբեկում է Ռուսաստանի ժամանակակից պատմությունը։ Ես հույս ունեմ, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն։ Ինչպե՞ս կարելի է մարդկանց հետ այդպես վարվել։ Ինչպե՞ս կարելի է կիրառել այն նույն սարսափելի, անմարդկային մեթոդները, որոնք կիրառել են Հիտլերը և Ստալինը։ Հուսով եմ, որ սա ինչ-որ սխալմունք է։ Կարծում եմ, որ դա շուտով կշտկվի։
Առաջին ատյանի դատարանի դատավճռում ասվում է. «Ծայրահեղական գործունեության պատճառով դատարանի՝ ուժի մեջ մտած որոշմամբ լուծարված կրոնական կազմակերպության գործունեությունը շարունակելը ինքնին հանցանք է՝ քրեորեն պատժելի ծայրահեղական արարք»։ Սա ինձ համար անհասկանալի է։ Ի՞նչ կապ ունի դա ինձ հետ։
Նշվածներից ոչ մի բանը ինձ հետ կապ չունի։ Ես երբեք որևէ առնչություն չեմ ունեցել Օրյոլում Եհովայի վկաների ՏԿԿ-ի հետ։ Ես ոչ մի կերպ չեմ շարունակել ՏԿԿ-ի գործունեությունը։
Իմ գործողությունները կապված էին իմ քրիստոնյա լինելու հետ։ Կրոնական խումբը, որին ես հարում էի, որևէ կապ չուներ իրավաբանական անձի՝ Օրյոլում Եհովայի վկաների ՏԿԿ-ի հետ։ Իմ գործողությունները օրինական էին և չէին հակասում Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 28-րդ հոդվածին։
Ես իմ գործողությունները երբեք չեմ համարել Օրյոլում Եհովայի վկաների ՏԿԿ-ի «անօրինական» գործունեության շարունակություն։ Հեռախոսազրույցներից մեկում, որը լսեցինք դատարանում, ես իմ ընկերոջը ասացի. «Մենք կրոնական խումբ ենք։ Մենք կապ չունենք ՏԿԿ-ի կամ վարչական կենտրոնի հետ»։
Առաջին ատյանի դատարանը անտեսեց այս հանգամանքը և փոխարենը օգտագործեց գաղտնի վկա Ա. Պ. Երմոլովի, որը ԱԴԾ-ի (անվտանգության դաշնային ծառայության) գործակալ է, կեղծ ցուցմունքը։ Վերաքննիչ դատարանը կարող է ստուգել և տեսնել, որ Ա. Պ. Երմոլովը իրականում Օլեգ Գենադևիչ Կուրդյումովն է։
Սկզբում Օլեգ Կուրդյումովը քննիչին տված իր ցուցմունքում ասաց, որ ինքը ոչինչ չգիտի, և օգտվեց Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 51-րդ հոդվածով նախատեսված իրավունքից։ Հաջորդ օրը նա այլ ցուցմունք տվեց՝ հանդես գալով որպես Ա. Պ. Երմոլով։ Հետո նա ավելի շատ ցուցմունք տվեց այս կեղծանվան տակ։
Երբ դատարանում մենք դիտեցինք մեր քրիստոնեական հանդիպումների երկու տեսանյութ՝ նկարահանված 2017 թ. փետրվարի 19-ին և 26-ին, որոնք որևէ առնչություն չունեին Օրյոլում Եհովայի վկաների ՏԿԿ-ի հետ, հստակ երևում էր, որ այդ հանդիպումները գաղտնի նկարահանողը Օլեգ Կուրդյումովն էր։ Ծիծաղելի էր տեսնել, թե որքան ակնհայտ էր, որ տեսախցիկը նրա մոտ էր։ Տեսախցիկը շարժվում էր, երբ նա շարժվում էր, և երբ ինչ-որ մեկը մոտենում էր նրան, լսվում էր, որ նա ասում է. «Ողջո՛ւյն, իմ անունը Օլեգ է»։
Դա նշանակում է, որ նախ՝ նա աշխատում է որպես ԿԳԲ-ի գաղտնի գործակալ և գաղտնի նկարահանել է մեր կրոնական հանդիպումները։ Հետո՝ ներկայանում է իր իրական անունով և ասում, թե ոչինչ չգիտի։ Հաջորդ օրը նա ստում է՝ հանդես գալով իր կեղծանվամբ։ Այդ սուտը նա կրկնում է դատարանում՝ ներկայանալով որպես գաղտնի վկա։
Օրենքը արգելում է ԿԳԲ-ի աշխատակցին դատարանում գաղտնի ցուցմունք տալ։ Բայց քննչական մարմինը, դատախազությունը և առաջին ատյանի դատարանը պարզապես աչք փակեցին այս հանգամանքի վրա և թույլ տվեցին նրան կեղծ ցուցմունք տալ։ Այժմ այս ցուցմունքը օգտագործվում է իմ դեմ։ Ես պարզապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես առաջին ատյանի դատարանը նման բան թույլ տվեց։
Ինձ ավելի շատ զարմացնում է այն հանգամանքը, որ դատախազությունը կարող էր նման բաներ թույլ տալ։ Այն պետք է երաշխավորի Ռուսաստանի օրենքների կիրառությունը և թույլ չտա, որ դրանք ոտնահարվեն։ Բայց այն թույլ է տվել, որ այս ամենը տեղի ունենա և պարզապես աչք է փակել այս ամենի վրա։
Խնդրում եմ վերաքննիչ դատարանին ինձ ճիշտ հասկանալ։ Ես ոչինչ չունեմ այս մարդկանց դեմ։ Վստահ եմ, որ նրանք բարի և լավ մարդիկ են, ում հետ կցանկանայի մի բաժակ սուրճ խմել հետագայում և միասին մի լավ ծիծաղել այս ամենի վրա։ Բայց ես դժգոհ եմ նրանց անփույթ աշխատանքից, ինչը, մեղմ ասած, պարզապես ահավոր է։
Ես հասկանում եմ, որ առաջին ատյանի դատարանին ձեռնատու էր գաղտնի կեղծ վկա հրավիրել, ով ԿԳԲ-ի գործակալ է, քանի որ այս գաղտնի վկան խիղճ չունի, կարող է ստել ու ծռել ճշմարտությունը, և դատարանին ասել ցանկացած բան՝ ինձ մեղավոր ճանաչելու նպատակով։
Այդպիսի վկայի չի կարելի վստահել և համարել հավաստի տեղեկության աղբյուր։ Ճիշտ չի լինի նման կեղծ վկայի ցուցմունքով անմեղ մարդկանց բանտարկել։
Մոտ երկու տարի առաջ իմ նախնական կալանքի ժամկետը երկարաձգելուն առնչվող դատաքննություններից մեկի ժամանակ ես դատարանին ասացի. «Խնդրում եմ ինձ ազատ արձակել, որպեսզի կարողանամ ապրել նորմալ կյանքով»։ Այժմ ես դատարանին դիմում եմ նույն խնդրանքով։
Ինչ վերաբերում է իմ նախնական կալանքին, կարծում եմ, որ նրանք չեն ուզում պարզապես մեկուսացնել ինձ հասարակությունից և դատապարտել։ Նրանք ցանկանում են ինձ մեկուսացնել, որպեսզի հանրությունը հնարավորություն չունենա ուշադրություն դարձնելու այս դատական գործընթացին։
Իրականում իմ կալանավորումը ես համարում եմ ապօրինի և անմարդկային։ Դրա նպատակն է ինձ զրկել պաշտպանվելու և այս ամենի մասին իմ տեսակետը լրատվությանը ներկայացնելու հնարավորությունից։ Սակայն վստա՛հ եմ, որ կգա այդ ժամանակը, և ես ազատ խոսելու հնարավորություն կունենամ։
Այո՛, ես ուզում եմ, որ ինձ վերադարձնեք իմ կյանքը, որպեսզի այս գեղեցիկ քաղաքում իմ կնոջ՝ Իրինայի հետ խաղաղ ու հանդարտ կյանքով ապրելու հնարավորություն ունենամ։ Գրեթե երկու տարի ես չեմ ապրել իմ կյանքով, այլ ստիպված եմ եղել ապրել այնպես, ինչպես ուրիշներն են որոշել։
ԿԳԲ-ն զրպարտեց ինձ և արատավորեց իմ բարի համբավը։ Նրանք կեղծեցին փաստաթղթերն ու փորձագիտական եզրակացությունները, նաև հրավիրեցին կեղծ ու գաղտնի վկայի, ով դատարանում իմ դեմ սուտ վկայություն տվեց։
Նրանք այս ամենն արեցին, որպեսզի խաղաղասեր մի հավատացյալի ներկայացնեն որպես ծայրահեղականի, ով վտանգավոր է մարդկանց և Ռուսաստանի անվտանգության համար։ Իրականում այս մեղադրանքները զավեշտալի են ու անհեթեթ։
Ցավոք, առաջին ատյանի դատարանը թիկունք կանգնեց այս մեղադրանքներին և անտեսեց փաստերը։ Պատվարժա՛ն դատարան, խնդրում եմ վերջ դնել այս անարդարությանը և արդարություն հաստատել։ Խնդրում եմ. «Վերադարձրեք իմ կյանքը»։
Երկու ամիս առաջ առաջին ատյանի դատարանում ասացի. «Ինձ համար այս գործի միակ ընդունելի ելքը կլինի իմ նկատմամբ արդարացման որոշում կայացնելը, ներողություն հրապարակելը և հասցված վնասները հատուցելը։ Սա նվազագույնն է»։ Ես դեռ նույն կարծիքին եմ։
Ցանկացած այլ որոշում անարդարացի կլինի, և ես այն կբողոքարկեմ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այնտեղ ես միանշանակ կհաղթեմ այս գործը։
Երբ նման որոշում կայացվի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ողջ աշխարհը և Ռուսաստանի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կզարմանան, թե ինչպես Օրյոլի դատարանը չկարողացավ տեսնել այն ակնհայտ ճշմարտությունը, որ այս գործը հիմնված է ստի վրա, որը բազմիցս կրկնելով՝ փորձում են ճշմարտություն դարձնել։
Իսկապե՞ս անհրաժեշտ է նման երկար ճանապարհ անցնել արդարություն հաստատելու համար։ Եթե վերաքննիչ դատարանը այսօր որոշի, որ դա անհրաժեշտ է, ապա դատարանին և բոլոր ներկաներիդ, ինչպես նաև այս գործին հետևող բոլոր անձանց ուրախությամբ հայտնում եմ՝ ես պատրա՛ստ եմ դրան։
Ես չեմ հանձնվի, քանի որ գիտեմ, որ անմեղ եմ, և ճշմարտությունը իմ կողմն է։ Ես չեմ վախենում բանտից, թեև նման որոշումը միանգամայն անարդարացի կլինի։
Ես վախեցած չեմ, ես մտահոգված չեմ։ Ես ներքին խաղաղություն և հանդարտություն եմ զգում։ Իմ Աստված Եհովան ինձ երբեք չի լքի, և ես արդեն տեսնում եմ այս գեղեցիկ խոսքերի կատարումը.
Աստված մեր անարդար չէ,
Որ մոռանա գործն ու սերը իմ։
Երբեք նա չի թողնում ինձ.
Ես լքված չեմ ամենևին։
Բարձրյալն իմ Կենարարն է
Եվ իմ Պաշտպանն է հավատարիմ։
Դու իմ Հայրն ես, իմ Աստվածն ես,
Ընկերն ես իմ։
Այսքանը։ Շնորհակալություն ինձ ունկնդրելու համար։
a Դենիսը մեջբերումներ էր անում ռուսերեն սինոդալ թարգմանությունից։ Սակայն ելնելով այս թարգմանության նկատառումներից՝ բոլոր համարները մեջբերված են «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունից»։