Անցնել բովանդակությանը

Օրյոլի մարզային դատարանը

Մայիսի 17, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մայիսի 23-ին Դենիս Քրիստենսենը հանդես կգա իր վերջին խոսքով

Մայիսի 23-ին Դենիս Քրիստենսենը հանդես կգա իր վերջին խոսքով

2019 թ. մայիսի 16-ին՝ հինգշաբթի, շարունակվեց Դենիս Քրիստենսենի գործով դատավարությունը, ինչպես որ ծրագրված էր։ Դատախազներն ու պաշտպանական կողմի փաստաբանները ներկայացրին իրենց եզրափակիչ ճառերը, իսկ Դենիսը հնարավորություն ունեցավ մոտ մեկ ժամ խոսելու ի պաշտպանություն իրեն։ Քաջալերական էր տեսնել, որ օտարերկրյա դիվանագետներն ու լրագրողները կրկին ներկա էին դատավարությանը։ Դա ցույց է տալիս, որ ողջ աշխարհը շարունակում է ուշիուշով հետևել Դենիսի գործին՝ չնայած այն հանգամանքին, որ նրա ձերբակալությունից արդեն երկու տարի է անցել։

Սկզբնապես ծրագրված էր նիստը ավարտել ուրբաթ՝ մայիսի 17-ին։ Սակայն դատարանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է և տեղի կունենա հինգշաբթի՝ մայիսի 23-ին՝ առավոտյան ժամը 10-ին։ Այդ օրը Դենիսը հնարավորություն կունենա նախքան դատարանի կողմից որոշում կայացվելը վերջին անգամ խոսելու ի պաշտպանություն իրեն։ Դժվար է ասել, թե դատարանը երբ կհրապարակի որոշումը՝ մայիսի 23-ին, թե մեկ այլ օր։

Մենք քաջությամբ ենք լցվում՝ տեսնելով, թե մեր եղբայրները, օրինակ՝ Դենիս Քրիստենսենը և Սերգեյ Սկրիննիկովը, ինչպես են դրական տրամադրվածություն պահպանում և արտահայտում հավատարիմ մնալու իրենց անկեղծ ցանկությունը։ Ռուսաստանի մեր հավատակիցների նկատմամբ մենք այն նույն զգացմունքներն ունենք, ինչպիսիք որ Պողոս առաքյալն ուներ թեսաղոնիկեցիների հանդեպ, երբ գրեց. «Մենք հպարտանում ենք ձեզանով Աստծու ժողովներում ձեր տոկունության և հավատի համար, որ դրսևորում եք ձեր կրած բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ» (2 Թեսաղոնիկեցիներ 1:4):