Անցնել բովանդակությանը

Օրյոլի մարզային դատարանը

ՀՈՒՆԻՍԻ 11, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մայիսի 23-ին դատարանին ուղղված Դենիս Քրիստենսենի խոսքի սղագրությունը

Մայիսի 23-ին դատարանին ուղղված Դենիս Քրիստենսենի խոսքի սղագրությունը

2019 թ. մայիսի 23-ին վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Դենիսը հնարավորություն ունեցավ հանդես գալու վերջին խոսքով։ Ստորև ներկայանում ենք նրա վերջին խոսքի սղագրությունը (թարգմանված է ռուսերենից).

Այժմ ես ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ ձերբակալության այս երկու տարիների ընթացքում աջակցել են ինձ։

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կնոջը՝ Իրինային, որը հենց սկզբից ամեն ինչ արել է ինձ աջակցելու համար։ Նա հոգ է տարել իմ մասին՝ կալանքիս ընթացքում բերելով հագուստ, սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ բաներ։ Նա ինձ աջակցել է զգացական և հոգևոր առումներով՝ այցելելով և ամեն օր նամակներ գրելով ինձ։

Սիրելի՛ս, քո ամուր հավատը, անսահման համբերությունն ու հանդարտությունը, քո սերը իմ և ճշմարտության հանդեպ, ինչպես նաև քո լավատեսությունը մեծ օրինակ է ինձ համար։ Ուզում եմ իմանաս, որ ես քեզ շատ եմ սիրում և հպարտանում եմ քեզնով։

Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դանիայում գտնվող իմ ընտանիքին՝ հատկապես տարեց հորս ու քրոջս։ Ես ձեզ շատ եմ կարոտում։ Ես սիրում եմ ձեզ և գնահատում եմ այն ամենը, ինչ արել եք ինձ համար։ Իմ կալանքի ընթացքում բազմաթիվ նամակների և հեռախոսազանգերի միջոցով դուք աջակցել եք ինձ։ Համոզված եմ, որ դուք չեք հանձնվի ու չեք կորցնի ձեր հույսը, որ մի օր մեր ընտանիքը կարող է կրկին լինել միասին։

Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխարհով մեկ սփռված իմ ընկերներին։ Դուք ինձ աջակցել եք ձեր նամակներով, քաջալերական խոսքերով, գեղեցիկ նկարներով ու նվերներով։ Այս ամենը օգնել է ինձ հասկանալու, որ ես մենակ չեմ և ունեմ մի մեծ միջազգային ընտանիք։

Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ իմանաք, որ յուրաքանչյուր նամակ, մեծ կամ փոքր, քաջալերել ու ամրացրել է ինձ։ Խնդրում եմ, վատ չզգաք, որ չեմ կարող պատասխանել ձեր նամակներին։ Ապագայում ես կգտնեմ ձեզ, շնորհակալություն կհայտնեմ ու ջերմորեն կգրկեմ ձեզ։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Մոսկվայում Դանիայի դեսպանատանը և ողջ անձնակազմին։ Դուք ներկա եղաք շատ դատական նիստերի և բազմաթիվ անգամներ այցելեցիք ինձ կալանավայրում։ Ինձ համար մեծ նշանակություն ունեին ձեր օգտակար խորհուրդները, տված առաջնորդությունն ու քաջալերանքը։ Ես գնահատում եմ ձեր աջակցությունն ու օգնությունը։

Նաև կցանկանային շնորհակալություն հայտնել վերաքննիչ դատարանին այն բանի համար, որ ինձ թույլ տվեց անձամբ ներկա լինելու այս դատական նիստին։ Երբ կալանավայրից տեսակապով էի մասնակցում դատավարությանը, չէի կարողանում լսել, թե ինչ են ասում։ Ես պետք է կռահեի, թե ինչ է կատարվում այնտեղ։ Դա դժվարացնում էր ինձ պաշտպանելու գործը։ Բացի այդ, նստում էի ճաղերի հետևում, կարծես կենդանաբանական այգում պահվող կենդանի լինեի։ Կարծում եմ՝ 21-րդ դարում դա համարվում է անպատշաճ և անմարդկային վերաբերմունք։

Այժմ գրեթե երկու տարի անցկացրել եմ կալանավայրում, և այս դատավարությունը շարունակվում է արդեն 15 ամիս։ Այս ամենին դիմանալու, չհանձնվելու և չվհատվելու համար անհրաժեշտ է ներքուստ ուժեղ լինել։ Աստվածաշնչում՝ Փիլիպպեցիներ 4-րդ գլխի 13-րդ համարում ասվում է. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»։ a Իսկ Եսայիա 12-րդ գլխի 2-րդ համարում ասվում է. «Աստված իմ փրկությունն է, ես նրան կապավինեմ ու չեմ վախենա, քանի որ Յահ Եհովան իմ ուժն ու զորությունն է, և նա դարձավ իմ փրկությունը»։

Այս ողջ ընթացքում ես զգացել եմ, որ իմ Աստված Եհովան իմ կողքին է եղել և ուժ է տվել ինձ, որ դիմանամ այս ամենին, չհանձնվեմ, պայքարեմ վհատության դեմ, ուրախ մնամ և ժպտամ։ Ես իսկապես երախտապարտ եմ այս ամենի համար և հպարտ եմ, որ ծառայում եմ նրան՝ որպես Եհովայի վկա։

Շատերը ինձ հարցրել են, թե ինչպես է այս քրեական գործն ազդել ինձ վրա։ Իհարկե հեշտ չէ այսքան երկար ժամանակ լինել կալանավայրում, կտրված լինել կնոջիցս, հարազատներիցս ու ընկերներիցս։ Վերջին երկու տարիներին ես խիստ մեկուսացած կյանքով եմ ապրում։ Կարող եմ ասել, որ պարզապես պահում եմ գոյությունս։ Օրվա 24 ժամից 23-ը անցկացնում եմ բանտախցում, որի չափսերը 3x6 մետր են (մոտ 10x20 ֆուտ)։ Օրական մեկ ժամ քայլում եմ մարզվելու համար նախատեսված սենյակում, որի չափսերը նույնպես 3x6 մետր են (մոտ 10x20 ֆուտ), բայց այն գոնե դրսում է գտնվում։ Այս երկու տարիներին տարբեր մարդկանց եմ հանդիպել, և մենք հետաքրքիր զրույցներ ենք ունեցել։ Եվ ես նկատել եմ, որ նրանցից շատերը ամեն ինչ անում են, որ իրենց գործը ուսումնասիրվի և քննվի արդարության հիման վրա։ Նրանցից շատերն այն կարծիքին են, որ դատարանը հաշվի չի առնում իրենց դիրքորոշումը, և այս երկու տարիների ընթացքում ես նույն բանն եմ զգում։ Ես փորձել եմ նրանց հնարավորինս աջակցել և քաջալերել, քանի որ համոզված եմ, որ Հիսուս Քրիստոսը նույն բանը կաներ։

Ես նոր ընկերներ եմ ձեռք բերել։ Նրանցից ոմանք այցելում էին բազմաթիվ դատական նիստեր, իսկ մյուսները ինձ նամակներ էին գրում։ Նրանցից ոմանց ես անձամբ եմ ճանաչում, իսկ մյուսներին՝ դեռ ոչ։ Ոմանք իմ հավատակիցներին են, ոմանք էլ ոչ։ Սակայն բոլորն էլ աջակցել են ինձ, քանի որ չեն կարողանում համակերպվել Ռուսաստանում տեղի ունեցող այս անարդարության հետ, որտեղ Եհովայի վկաներին, ովքեր խաղաղասեր քաղաքացիներ են և սիրում են իրենց դրացուն իրենց անձի պես, ոմանք փորձում են պիտակել որպես հանցագործների և ծայրահեղականների, ինչը միանգամայն անտրամաբանական է և զավեշտալի։ Շատերը ցնցված են այն բանի գիտակցումից, որ 21-րդ դարում Ռուսաստանում այսպիսի բան է տեղի ունենում։

Ոմանք ինձ հարցնում են, թե ինչպես է այս քրեական գործն ազդել իմ հավատի վրա։ Այս քրեական գործի շնորհիվ իմ հավատը ավելի է ամրացել, և ես զգացել եմ այն, ինչ գրված է Աստվածաշնչի «Հակոբոս» նամակի 1-ին գլխի 2–4 համարներում. «Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք՝ իմանալով, որ ձեր փորձված հավատը տոկունություն է առաջ բերում։ Իսկ տոկունությունը թող ամբողջացնի իր գործը, որպեսզի դուք կատարյալ և անարատ լինեք ամեն ինչում և ոչ մի բանի պակասություն չունենաք»։

Ես հաստատ կատարյալ չեմ, բայց սովորել եմ տոկալ և ուրախ մնալ փորձությունների ենթարկվելիս։ Եվ որ ամենակարևորն է, ավելի եմ մտերմացել իմ Աստծու՝ Եհովայի հետ։ Ես նույնիսկ ավելի մեծ ցանկությամբ եմ լցված ուրիշներին պատմելու Աստծու և նրա նպատակների մասին, հռչակելու Աստծու Թագավորության բարի լուրը, որը մարդկության խնդիրների միակ լուծումն է, ուրիշներին պատմելու Աստվածաշնչյան այն խոստման մասին, որ դրախտային երկրում հավիտյան ապրելու ենք խաղաղության մեջ, ինչպես նաև օգնելու մարդկանց, որ ավելի մտերմանան Արարչի հետ և ամուր հավատ զարգացնեն նրա ու նրա խոստումների հանդեպ։

Իմ ելույթը պաշտոնապես կոչվում է «պաշտպանյալի վերջին խոսք», և գուցե սրանք իմ վերջին խոսքերն են, որ կհնչեն այստեղ։ Գուցե սա վերջին դատական նիստն է այս քրեական գործով, և այն վերջ կդնի իմ կյանքի վերջին երկու տարիներին տեղի ունեցող իրադարձություններին։ Սակայն ես ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ սրանք վերջին խոսքերը չեն այս գործի և Ռուսաստանում խաղաղասեր ու միանգամայն անմեղ մարդկանց նկատմամբ դրսևորվող անարդարության վերաբերյալ։ Ես դեռ նոր եմ սկսել և շատ բան ունեմ ասելու համայն աշխարհին։ Ես չեմ լռելու, ասես մեղավոր եմ կամ թաքցնելու ինչ-որ բան ունեմ։ Իմ խիղճը մաքուր է, քանի որ ես ոչ մի սխալ բան չեմ արել, չեմ խախտել Ռուսաստանի օրենսդրության որևէ դրույթ և ամաչելու ոչինչ չունեմ։

Այն, ինչ տեղի է ունենում ինձ հետ, նաև Ռուսաստանում այլ Եհովայի վկաների հետ՝ ծայրահեղականության մեջ կեղծ մեղադրանքները, հարցաքննությունները, ձերբակալությունները, խուզարկումները, գույքի բռնագրավումը և այժմ արդեն հավատացյալներին կտտանքների ենթարկելը, դա է ամոթալի բան։ Սա իհարկե խայտառակություն է։ Ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս, և վաղ թե ուշ արդարությունը հաղթանակում է։ Աստվածաշնչի «Գաղատացիներ» գրքի 6-րդ գլխի 7-րդ համարում ասվում է. «Մի՛ մոլորվեք։ Աստծուն հնարավոր չէ խաբել։ Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի»։

Այս գործով ինձ դատապարտում են վեց տարվա ազատազրկման, բայց ինչի՞ համար։ Ոչ մի բանի։ Ոչ մի ապացույց չկա, որ ես որևէ սխալ բան եմ արել։ Ընդհակառակը՝ բազմաթիվ ապացույցներ կան, որ ես իրականացրել եմ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված իմ իրավունքները։ Ես հնազանդվում եմ Ռուսաստանի օրենքներին և ազնիվ մարդ եմ։ Ես քրիստոնյա եմ, հավատացյալ, Եհովայի վկա և սիրում եմ ռուսներին։ Ինչո՞ւ եմ պատժվում։ Ինչո՞ւ պետք է ազատազրկվեմ վեց տարով։ Որևէ պատճառ չկա։ Սա անարդարություն է։

Ես անկեղծ հույս ունեմ, որ վերաքննիչ դատարանը այսօր կգործի օրենքի համաձայն և արդարություն կհաստատի։ Հուսով եմ, որ այս դատարանը վերջ կդնի Ռուսաստանում տեղի ունեցող կրոնական հալածանքին։ Ես անկեղծ հույս ունեմ, որ վերաքննիչ դատարանը ողջ աշխարհին ցույց կտա, որ այստեղ՝ Ռուսաստանում, կրոնի ազատությունը երաշխավորված է յուրաքանչյուրի համար։

Մոտ ապագայում այս խոսքերը, որ գրված են Միքիա 4-րդ գլխի 3-րդ և 4-րդ համարներում, իրականություն կդառնան. «Նա դատավոր կլինի շատ ժողովուրդների մեջ.... Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել։ Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի»։

Աստված միշտ արդարությամբ է դատում, և նրա ղեկավարության ներքո չեն լինի վիճաբանություններ, բռնություն կամ պատերազմներ։ Փոխարենը՝ կտիրի խաղաղություն, և ոչ մի մտահոգություն չի լինի։ Այլ կերպ ասած՝ մարդկությունը կվայելի իսկական երջանկություն։

Հարգելի՛ դատարան, այսօր Ձեր որոշմամբ Դուք կարող եք շատերի համար արդարություն հաստատել և օգնել, որ նրանք ապրեն խաղաղությամբ՝ առանց վախի, վշտի և անարդարության։ Ես հույս ունեմ, որ դուք նման որոշում կկայացնեք, որի համար կանխավ շնորհակալ եմ։

a Դենիսը մեջբերումներ էր անում ռուսերեն սինոդալ թարգմանությունից։ Սակայն ելնելով այս թարգմանության նկատառումներից՝ բոլոր համարները մեջբերված են «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունից»։