Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 7, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է, որ Ռուսաստանը ոտնահարել է Եհովայի վկաների հիմնարար իրավունքներն ու ազատությունները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է, որ Ռուսաստանը ոտնահարել է Եհովայի վկաների հիմնարար իրավունքներն ու ազատությունները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2022 թ. փետրվարի 22-ին երկու վճիռ կայացրեց՝ հօգուտ 15 Եհովայի վկաների։ Այդ գործերում ներառված էին 2010-2012 թթ.-ին տեղի ունեցած դեպքեր, երբ իրավապահ մարմինները տնային խուզարկությունների ժամանակ դաժան վերաբերմունք էին դրսևորել մեր եղբայրների հանդեպ։ Այս վճիռները հաստատում են, որ Ռուսաստանը խախտել է մեր եղբայրների և քույրերի՝ կրոնի և ազատության հիմնարար իրավունքները: Ռուսաստանին պարտավորեցրել են ընդհանուր առմամբ ավելի քան 99 000 եվրո (112 323 դոլար) փոխհատուցում վճարել։ Դատավճիռները վերջնական են և չեն կարող բողոքարկվել:

Դատարանի երկու վճիռները վերաբերում էին Ռուսաստանի դեմ ուղղված վեց գործերին: a Դրանք վիճարկում էին խուզարկության հրամանների օրինական լինելը, որոնցով Ռուսաստանի իշխանությունները ներխուժել էին մի քանի առանձնատներ և Թագավորության սրահ, խուզարկել մեր երկու քույրերին, ովքեր ձերբակալվեցին քարոզչության համար։ Ոստիկանները նաև առգրավել էին նրանց անձնական իրերը: Որոշ դեպքերում այս արշավանքներն իրականացրել են դիմակավորված և զինված ԱԴԾ սպաները, ովքեր ուժ են կիրառել մեր եղբայրների և քույրերի նկատմամբ:

Խոսելով այս վճիռների նշանակության մասին՝ միջազգային իրավապաշտպան Անդրե Կարբոնոն, ում հետ խորհրդակցել է իրավաբանական թիմը, բացատրեց, որ այս վճիռները «կրիտիկական նախադեպ են հաստատել, որ Ռուսաստանը անարդարացիորեն և անօրինական կերպով ներխուժել է Եհովայի վկաների տներ և 2017 թ. արգելքից հետո իրականացրել է 1700 խուզարկություններ: Այժմ ցանկացած նոր խուզարկություն, որը կատարվում է բացառապես այն պատճառով, որ ինչ-որ մեկը Եհովայի վկա է, համարվում է անօրինական և ոտնահարում է եվրոպական կոնվենցիան»: Նա ավելացրեց. «Հատկանշական է, որ դատարանը դատապարտեց Ռուսաստանի իշխանություններին՝ տնետուն քարոզչությանը խոչընդոտելու համար։ Սա ցույց է տալիս, որ ՄԻԵԴ-ը ծառայությունը դիտարկում է որպես կրոնական գործունեություն, որին իշխանությունները չպետք է միջամտեն»:

Թեև այս երկու դատավճիռները չեն վերաբերում Ռուսաստանում Եհովայի վկաների բռնաճնշումներին, սակայն դրանք հիմք են ստեղծում ապագա որոշումների համար, որոնք կվերաբերեն մեր կազմակերպության վրա դրված արգելքին։ ՄԻԵԴ-ում այժմ քննվում են ավելի քան 60 այլ գործեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի Եհովայի վկաներին։ Հուսով ենք, որ այս երկու դրական վճիռները նախադեպ կհանդիսանան հետագա որոշումների համար։

Մենք ուրախ ենք՝ տեսնելով, որ մարդու իրավունքների պաշտպանները ճանաչում են Ռուսաստանում մեր եղբայրների և քույրերի անզիջում հավատը: Այս որոշումները վկայում են, որ Եհովան օրհնում է իր անունը և գերիշխանությունը հավատարմորեն պաշտպանելու ջանքերը (Սաղմոս 26։11

a Այդ վեց գործերն են՝ «Չավիչալովան ընդդեմ Ռուսաստանի», «Չեպրունովը և այլք ընդդեմ Ռուսաստանի», «Նովակովսկայան ընդդեմ Ռուսաստանի», «Օգորոդնիկովը և այլք ընդդեմ Ռուսաստանի», «Պեկշուևը և այլք ընդդեմ Ռուսաստանի» և «Զարինովան ընդդեմ Ռուսաստանի»։