ԱՊՐԻԼԻ 12, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
«Մեմորիալ» միջազգային կազմակերպությունը խորհրդաժողով է անցկացրել Եհովայի վկաների՝ Սիբիր աքսորման 70-ամյա տարելիցի կապակցությամբ
2021 թ. ապրիլի 1-ին Եհովայի վկաների՝ Սիբիր աքսորման 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսից մի քանի օր անց՝ ապրիլի 6-ին, «Մեմորիալ» միջազգային կազմակերպությունը մի քանի ռուս գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների հրավիրեց խորհրդաժողովի։ Այնտեղ քննարկվեցին 1951 թ. աքսորի, որը կոչում են «Հյուսիս» օպերացիա, ինչպես նաև Ռուսաստանում Եհովայի վկաների հալածանքի մասին մանրամասներ։
«Հյուսիս» օպերացիան կազմակերպել էր Պետական անվտանգության նախարարությունը (ՊԱՆ)։ 1951 թ. սկզբներին ՊԱՆ-ը հուշագիր էր ուղարկել Խորհրդային միության առաջնորդ Իոսիֆ Ստալինին, որում ասվում էր. «Եհովականների ընդհատակյա հակասովետական գործունեությունը դադարեցնելու համար ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարությունը հարկ է համարում ձերբակալել եհովականների աղանդի առաջնորդներին և արտաքսել նրանց ու իրենց ընտանիքներին Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից դեպի Իրկուտսկի և Տոմսկի շրջաններ»։ Ընդհանուր առմամբ մոտ 10 000 հոգի՝ 3000 ընտանիք, արտաքսվեց։ Դա կրոնի պատճառով կազմակերպված ամենամեծ աքսորն էր ԽՍՀՄ պատմության մեջ։
Ալեքսանդր Գուրյանովը, ով խորհրդաժողովի կազմակերպիչն էր, իր բացման խոսքում հետևյալն ասաց. «Այս կրոնական խմբի հալածանքը.... դեռևս շարունակվում է։ Այս փաստը «Հյուսիս» օպերացիայի քննարկումը ավելի կարևոր է դարձնում»։
Պատմաբան, աշխարհագրագետ և ԽՍՀՄ-ում աքսորների ուսումնասիրության մասնագետ Պավել Պալյանը խոսեց Եհովայի վկաների պատմության և նրանց աքսորելու պատճառներից մեկի մասին։ 40-ականների վերջին և 50-ականների սկզբին ՊԱՆ-ը նկատեց, որ Եհովայի վկաները շատ կազմակերպված են։ Պալյանը նշեց. «[Եհովայի վկաները] գերազանց միսիոներներ են, իսկ աթեիստ կառավարությանը դա դուր չէր գալիս»։
Մարդու իրավունքների պաշտպան և «Մոսկովյան հելսինկյան խմբի» համանախագահ Վալերի Բորշևը խոսեց այն մասին, որ սովետական իշխանությունները պրոպագանդայի միջոցով և այլ մեթոդներով փորձել են «վերադաստիարակել» Եհովայի վկաներին։ Նա ասաց, որ ժամանակի ընթացքում կրոնական հարցերով զբաղվող «հանձնակատարները հասկացան, որ իրենց ջանքերն անօգուտ են։ Այս առումով Եհովայի վկաները գովելի են, նրանք անկոտրում մնացին»։
Սերգեյ Դավիդիսը, ով մարդու իրավունքների պաշտպանության «Մեմորիալ» կենտրոնի խորհրդի անդամ է և քաղբանտարկյալների աջակցության ծրագրի ղեկավարը, ցույց տվեց, թե ինչպես է 1998 թ.-ից ի վեր աճել Եհովայի վկաների դեմ հալածանքը։ Նա խոսեց այն մասին, որ 2017 թ.-ին Գերագույն դատարանը պաշտոնապես լուծարեց Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը այն պատճառով, որ վերջիններս պնդում էին, թե իրենց կրոնն է միակ ճշմարիտը։ Սերգեյ Դավիդիսը ասաց. «Ակնհայտ է, որ այս մեղադրանքը անհեթեթ է։ Բնականաբար յուրաքանչյուր հավատացյալ վստահ է, որ իր կրոնական հայացքները ամենաճիշտն են»։
Եհովայի վկաների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչ Յարոսլավ Սիվուլսկին, իր ծնողների օրինակը բերելով, խոսեց Սիբիրում Եհովայի վկաների ունեցած դժվարությունների մասին։ Որոշ ընտանիքների տարել էին Սիբիրի ցուրտ անտառներ և թողել այնտեղ առանց որևէ կացարանի։ Որոշ եղբայրներ հողի մեջ պատսպարվելու համար փոսեր էին փորել, և նրանց ընտանիքները ամիսներ շարունակ ապրել էին նման պայմաններում մինչև մեկ այլ կացարան կառուցելը։ Ապրելով անտառում՝ նրանք հաճախ կերել են միայն եղինջ և ծառի կեղև։ Ցավոք, շատերը մահացել են սովից և հիվանդություններից։
Եղբայր Սիվուլսկին բացատրեց, որ 1951 թ. աքսորների և այսօրվա հալածանքի պատճառը նույնն է։ Կառավարությունը Եհովայի վկաների չեզոքությունը անհիմն կերպով համարում է քաղաքական անհնազանդություն։ Պաշտոնյաները պետք է հաշվի առնեն, որ Եհովայի վկաները հայտնի են իշխանությունների հանդեպ իրենց հարգալից վերաբերմունքով, օրինապահությամբ և աշխատասիրությամբ։
Խորհրդաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Գուրյանովը հանդիպումը ամփոփեց՝ խոսելով Ռուսաստանում ներկայումս տիրող վիճակի մասին։ Նա նշեց. «Կառավարությունը առանձնահատուկ ատելություն է տածում Եհովայի վկաների նկատմամբ»։ Բոլոր ներկաների առաջ ընդգծվեց այն փաստը, որ 70 տարի անց պատմությունը կրկնվում է։ Օրինապահ քաղաքացիները նորից հանցագործ են հայտարարվում իրենց կրոնը դավանելու պատճառով, մինչդեռ կրոնի ազատության իրավունքը պաշտպանված է Սահմանադրությամբ։
Խորհրդաժողովի տեսագրությունը հասանելի է համացանցում, բայց միայն ռուսերենով։