Անցնել բովանդակությանը

Վերևում՝ ձախից աջ. եղբայրներ Ալեքսեյ Բուդենչուկը, Դենիս Քրիստենսենը, Գենադի Գերմանը և Ռոման Գրիդասովը։ Ներքևում. եղբայրներ Վադիմ Կուցենկոն, Ֆելիքս Մախամադիևը և Ալեքսեյ Միրեցկին

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Միջազգային կառույցները դատապարտում են Ռուսաստանում Եհովայի վկաների դեմ իրականացվող հալածանքները

Միջազգային կառույցները դատապարտում են Ռուսաստանում Եհովայի վկաների դեմ իրականացվող հալածանքները

«Արդարության ակնհայտ ոտնահարում»։ Այս խոսքերն ասել է Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի նախագահ Գեյլ Մանչինը։

Եվրոպայի և Միացյալ Նահանգների պաշտոնյաները շարունակում են դատապարտել Ռուսաստանում Եհովայի վկաների դեմ իրականացվող հալածանքները։

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողով

2020 թ. հոկտեմբերի 27-ին հրապարակված հայտարարության մեջ Գեյլ Մանչինը նշեց. «Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ցնցված է Դենիս Քրիստենսենի հանդեպ դրսևորված վերաբերմունքից։ Ակնհայտ է, որ պետությունը վենդետա է իրականացնում այս խեղճ մարդու հանդեպ, որի մեղքը ընդամենը իր կրոնը խաղաղ կերպով դավանելն է։ Քրիստենսենի հանդեպ ողորմած գտնվելու փոխարեն՝ պետությունը նրան վերաբերվում է որպես վտանգավոր հանցագործի։ Սա արդարության ակնհայտ ոտնահարում է»։

Տիկին Մանչինը Հանձնաժողովի՝ խղճի կալանավորների հարցերով զբաղվող ծրագրի միջոցով աջակցում է եղբայր Քրիստենսենին։ Հանձնաժողովը բազմիցս դատապարտել է Ռուսաստանին Քրիստենսենին 6 տարվա ազատազրկման դատապարտելու համար։

Այս հայտարարության մեջ նշվում է, որ Հանձնաժողովը դատապարտում է Ռուսաստանին, քանի որ վերջինս հրաժարվում է վաղաժամկետ ազատ արձակել Դենիս Քրիստենսենին։ Այնտեղ ասվում է, որ «[2020 թ.] հունիսի 23-ին վաղաժամկետ ազատման որոշում կայացվեց, սակայն այդ որոշումը միանգամից բողոքարկվեց մարզի դատախազի կողմից։ Քրիստենսենը, ազատ արձակվելու փոխարեն, բանտի կանոնների ենթադրյալ խախտման համար տեղափոխվեց վատ օդափոխություն ունեցող պատժախուց»։

Հայտարարությունը եզրափակվում է 2020 թ. տարեկան հաշվետվության մեջբերմամբ։ Այդ հաշվետվությունը դատապարտում է Ռուսաստանի կառավարությանը «կրոնական ազատության իրավունքի սիստեմատիկ, անդադար և դաժան ոտնահարման» համար։ Այն նաև կոչ է անում, որ ԱՄՆ կառավարությունը քայլեր ձեռնարկի Ռուսաստանի դեմ՝ վերջինիս ճանաչելով որպես «առանձնահատուկ մտահոգություն առաջացնող երկիր»։

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների խորհուրդ

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների խորհրդի կողմից ընտրված ութ բարձրաստիճան պաշտոնյաներ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությանը ուղղված համատեղ նամակում իրենց մտահոգությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ «Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հալածել Եհովայի վկաներին, ինչպես նաև լուծարել է Սանկտ Պետերբուրգում Եհովայի վկաների վարչական կենտրոնը և ողջ երկրով մեկ արգելք է դրել 395 իրավաբանական անձանց կրոնական գործունեության վրա»։ Նրանք նաև դատապարտում են Ռուսաստանին հալածանքներին վերջ դնելու միջազգային հանրության կոչերը շարունակաբար անտեսելու համար։

ՄԱԿ-ի պաշտոնյաները նշում են, որ Ռուսաստանի՝ ծայրահեղականության մասին տարընթերցման տեղիք տվող օրենքները «միտված են արգելելու Եհովայի վկաների կրոնական գործունեությունը, նրանց մեջ վախ սերմանելու, խուզարկությունների ու ոստիկանության կողմից իրականացվող այլ գործողությունների միջոցով միջամտելու նրանց անձնական կյանքին, հարցաքննության նպատակով նրանց ընտանիքի անդամներին կալանավորելու և որոշ դեպքերում մեղավոր ճանաչելու ու բանտարկելու նրանց»։

Պաշտոնյաները հավելում են, որ «Եհովայի վկաների՝ կրոնի ազատության իրավունքը երաշխավորված է ՔՔԻՄԴ a 18 (1) հոդվածով»։ Ըստ այդմ, նրանք կոչ են անում ՌԴ-ին «հավաստիանալ, որ «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» դաշնային օրենքը (2002 թ.) չի ոտնահարում անհատի «մտքի, խղճի և կրոնի ազատության» սահմանադրական իրավունքները»։

Նամակի մեջ նշվում է նաև մեր եղբայրների նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքի մասին։ Օրինակ՝ խոսվում է Սարատովում բնակվող հինգ Վկաների մասին, որոնք 2020 թ. փետրվարի 6-ին դաժան ծեծի էին ենթարկվել։ Մասնավորապես նշվում է. «Կալանավայրի պայմանները, դաժան վերաբերմունքը, ինչպես նաև մյուս ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումները կարող են որակվել որպես կտտանքներ, որոնք իրականացվել են Վկաների կրոնական համոզմունքների պատճառով»։

Այդ նամակում պաշտոնյաները անդրադառնում են նաև 2020 թ. փետրվարի 10-ին կտտանքների ենթարկված մեկ այլ եղբոր՝ Վադիմ Կուցենկոյի դեպքին։ Թեև Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են ընդունել, որ կտտանքների են ենթարկել եղբայր Կուցենկոյին, սակայն ՄԱԿ-ի պաշտոնյաները թերահավատությամբ են վերաբերվում նրանց ժխտումներին։ Նրանց շարունակում է «լրջորեն մտահոգել այն, որ Ռուսաստանի ողջ տարածքում Եհովայի վկաները մեծ ճնշումների են ենթարկվում, ինչը դրսևորվում է նրանց խաղաղ գործունեության քրեականացմամբ»։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե

2017 թ.-ից, երբ Ռուսաստանը արգելեց Եհովայի վկաների գործունեությունը, և նրանց դեմ հալածանքների մեծ ալիք բարձրացավ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն b (այսուհետ՝ Կոմիտե) սկսեց ավելի լուրջ մոնիտորինգ իրականացնել՝ պարզելու, թե արդյոք Ռուսաստանը կատարում է ՄԻԵԴ-ի երկու վճիռներով սահմանված իր պարտավորությունները։ Դրանց համաձայն՝ Ռուսաստանը մեղավոր էր ճանաչվել Եհովայի վկաների c իրավունքները ոտնահարելու մեջ։ 2020 թ. հոկտեմբերի 1-ին Կոմիտեն հրապարակեց որոշում, որում հայտնեց իր «մտահոգությունը 2017 թ.-ին արգելքի մասին կայացված որոշման և տարբեր աղբյուրներից ստացված անհանգստացնող լուրերի կապակցությամբ, որոնց համաձայն՝ այս արգելքի պատճառով Եհովայի վկաները շարունակում են ձերբակալվել, հալածվել և կալանավորվել զուտ այն պատճառով, որ խաղաղ կերպով դավանում են իրենց հավատը»։

Նրանց իրավունքների ոտնահարման նման դրսևորումները կանխելու նպատակով Կոմիտեն կոչ է անում, որ Ռուսաստանը միջոցներ գտնի բարելավելու «ծայրահեղականությանը վերաբերող ներկայիս օրենքները, որոնք նորից արգելքի և Եհովայի վկաների հանդեպ իրականացվող քրեական հետապնդումների պատճառ են դարձել»։ Բացի այդ՝ Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի «վերացնի արգելքը և դադարեցնի Եհովայի վկաների դեմ իրականացվող հետապնդումները, որոնք պատճառաբանվում են կրոնական խաղաղ հավաքույթներին նրանց մասնակցությամբ»։ 2021 թ.-ին Կոմիտեն նորից այս հարցի հետ կապված մոնիտորինգ կանցկացնի։

2017 թ.-ից Ռուսաստանում և Ղրիմում բնակվող ավելի քան 400 Եհովայի վկաներ մեղադրվել են այսպես կոչված ծայրահեղականության մեջ, իսկ նրանցից ավելի քան 210-ը կալանավորվել են Ռուսաստանի մոտ 70 քաղաքներում։

Մենք աղոթում ենք մեր Աստծուն՝ Եհովային, որ շարունակի օգնել մեր հավատակիցներին տոկալ (Սաղմոս 20։2, 7