Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. եղբայր Ալեքսանդր Պրյանիկովը, քույր Վեներա Դուլովան և նրա դուստրը՝ Դարյա Դուլովան, դատական նիստից առաջ

ՀՈՒՆՎԱՐԻ 24, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մի եղբոր և երկու քրոջ քրեական գործով դատաքննություն է ընթանում Ռուսաստանի Կարպինսկ քաղաքում

Մի եղբոր և երկու քրոջ քրեական գործով դատաքննություն է ընթանում Ռուսաստանի Կարպինսկ քաղաքում

2020 թ. հունվարի 27-ին՝ երկուշաբթի, Կարպինսկի քաղաքային դատարանը կհրապարակի եղբայր Ալեքսանդր Պրյանիկովի և քույրեր Վեներա ու Դարյա Դուլովաների գործով դատավճիռը։ Ալեքսանդր Պրյանիկովի և Վեներա Դուլովայի համար դատախազը պահանջել է երեք տարվա, իսկ Դարյա Դուլովայի համար՝ երկու տարվա ազատազրկում, որոնք պետք է պայմանականորեն չկիրառվեն։

2016 թ. ապրիլի 19-ին եղբայր Պրյանիկովն ու քույր Վեներա Դուլովան մի մարդու հետ Աստվածաշնչից էին խոսել։ Սակայն այդ մարդու ազգականը եղբայր Պրյանիկովին և քույր Դուլովային մեղադրել էր գողություն անելու մեջ ու ոստիկանություն էր կանչել։ Նրանց տարել էին ոստիկանության բաժին, մատնահետք վերցրել ու բռնագրավել գրականությունը։

Այդ դեպքի առնչությամբ ավելի քան երկու տարի հետո նրանց նորից ձերբակալեցին ու հարցաքննեցին։ Բռնագրավեցին նրանց հեռախոսներն ու փաստաթղթերը։ Ոստիկանության բաժնի պետը աստվածաբանության ասիստենտ-պրոֆեսոր նշանակեց, որ ստուգի եղբայր Պրյանիկովի և քույր Դուլովայի հեռախոսները։ Պրոֆեսորը իր 15 էջանոց եզրակացության մեջ նշել էր, որ նրանց սարքերը պարունակում էին Եհովայի վկաների ուսմունքները։ Այդ հիմքով քրեական գործ հարուցվեց։ Կարպինսկի քաղաքային դատարանը ոստիկանությանը նրանց տները խուզարկելու թույլտվություն տրամադրեց։

Քույր Դուլովայի բնակարանի խուզարկության արդյունքում ոստիկանության աշխատակիցները բռնագրավեցին էլեկտրոնային սարքեր, գրքեր և լուսանկարներ։ Հարցաքննեցին քույր Դուլովայի 18-ամյա դստերը՝ Դարյային։ Ոստիկանության աշխատակիցները խուզարկեցին նաև նրանց ազգականների, ինչպես նաև եղբայր Պրյանիկովի տունը։

2019 թ. ապրիլի 16-ի առավոտյան անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) երեք աշխատակիցներ, մի քննիչ և երկու այլ ոստիկաններ նորից ներխուժեցին եղբայր Պրյանիկովի տուն, որից հետո բռնագրավեցին էլեկտրոնային սարքեր և այլ անձնական իրեր։

2019-ի հուլիսի 23-ին քույր Դարյա Դուլովան բերման ենթարկվեց և հարցաքննվեց՝ որպես քրեական գործով կասկածյալ, որում ներգրավված էին իր մայրը և եղբայր Պրյանիկովը։

Մենք աղոթում ենք նրանց ու մեր 300 այլ հավատակիցների համար, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվում կամ բանտարկված են Ռուսաստանում. «Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ ոգու զորությամբ առատանաք հույսով» (Հռոմեացիներ 15։13