ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Նախապատրաստվելն օգնեց Յուլիա Կագանովիչին դիմակայել փորձություններին
Դատավճռի հրապարակում
2021 թ. փետրվարի 18-ին a Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջանի շրջանային դատարանը կհրապարակի Յուլիա Կագանովիչի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժաժամկետ չի նշել։
Տվյալներ
Յուլյա Կագանովիչ
Ծնվել է 1966 թ. (Միխայլովկա, Վոլգոգրադի մարզ)
Կենսագրություն։ Մասնագիտությամբ քաղաքային ճարտարագետ է։ Երիտասարդ տարիքում պարի դասերի է հաճախել, երաժշտական դպրոցում է սովորել, նվագել է նվագախմբում և երգել է երգչախմբում։ Ամուսինը՝ Ալեքսանդրը, Եհովայի վկա չէ, սակայն աջակցում է կնոջը և կարծում է, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքը շատ անարդար է։
Հարազատ մարդկանց կորուստը Յուլիային մղել է մտածել կյանքի իմաստի մասին։ Աստվածաշնչյան ճշմարտությունները օգնեցին նրան խաղաղություն և հույս գտնել։ Մկրտվել է 1998 թ.-ին։ Աստվածաշնչյան սկզբունքները օգնել են նրան ամրացնել ամուսնու և ուրիշների հետ իր փոխհարաբերությունները, ինչպես նաև դաստիարակել որդուն՝ Արթուրին, որը նույնպես Եհովայի վկա է։
Քրեական գործընթացի պատճառով Յուլիայի առանց այդ էլ վատ առողջությունը ավելի է վատթարացել։
Դատական գործի պատմություն
Յուլիան պատմում է. «Երբ վաղ առավոտյան դուռս թակեցին, միանգամից հասկացա, թե ովքեր են։ Սիրտս սկսեց արագ բաբախել, և կարողացա միայն ասել. «Օգնի՛ր ինձ, Եհովա՛, օգնի՛ր ինձ, Եհովա՛»»։
2019 թ. հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Բիրոբիջան քաղաքում սկսվեցին մեր 53-ամյա քրոջ հետապնդումները։ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները այդ օրը խուզարկեցին ոչ միայն Յուլիայի տունը, այլև ավելի քան 20 Եհովայի վկաների տներ։
Այդ խուզարկությունները մեծ սթրեսի պատճառ դարձան Յուլիայի և մյուս Վկաների համար, սակայն քանի որ նրանք պատրաստված էին, մնացին ամուր։
Յուլիան ասում է. «Ժողովի հանդիպումների ժամանակ հաճախակի հնչում էր այն միտքը, որ հնարավոր է լինեն խուզարկություններ, և որ պետք է պատրաստ լինենք դրանց։ Քանի որ գիտեի, որ այդպիսի հավանականություն կա, մտովի պատրաստվել էի, թե ինչ պետք է անեմ և ինչ ասեմ։ Հասկացա, թե որքան կարևոր էր նախօրոք մտածելը, թե այդ պահին ինչ եմ անելու։ Խուճապի մատնվելու և շփոթվելու փոխարեն արագ կողմնորոշվեցի ինչ անել»։
Ինչպես միշտ, խուզարկությունից կարճ ժամանակ անց Ռուսաստանի իշխանությունները քրեական գործ հարուցեցին։ Յուլիան և մյուսները մեղադրվեցին այսպես կոչված «ծայրահեղական» գործունեությամբ զբաղվելու մեջ։
2020 թ. մարտի 3-ին գործն ուղարկվեց Բիրոբիջանի շրջանային դատարան։ COVID-19 համավարակի պատճառով գործի քննությունը հետաձգվեց հինգ ամսով։ Դատավարությունը վերսկսվեց 2020 թ. հոկտեմբերի 22-ին։
Յուլիան ասում է. «Մի կողմից չէի ուզում նման իրավիճակում լինել, մյուս կողմից էլ ուրախ էի, որ կարող եմ Եհովայի գերիշխանությանը թիկունք կանգնել։
Եսայիա 41։10 համարը հենց այն էր, ինչ պետք էր ինձ այդ պահին։ Ես տպեցի այդ համարը և տեսանելի տեղում դրեցի, որ Եհովա Աստծու հավաստիացումները աչքիս առաջ պահեմ։ Սեփական փորձով եմ համոզվել, թե նա ինչպես է ամրացնում «դողացող ծնկները»»։
Յուլիան մեծ ջանքեր է թափել մի շարք աստվածաշնչյան համարներ մտապահելու համար։ Սթրեսային իրավիճակներում դրանք օգնել են նրան լինել հանգիստ, քաջ և պահպանել ուրախությունը։
Թող որ բոլորս իմաստությամբ վարվենք և նախապես պատրաստվենք ապագա փորձություններին։ Մենք վստահ ենք, որ «անարատության մեջ քայլողներին Եհովան ոչ մի բարիքից չի զրկում» (Սաղմոս 84։11)։
a Ենթակա է փոփոխման