Անցնել բովանդակությանը

Եղբայրներ Նիկոլայ Կուզիչկինը (ձախ կողմում) և Վյաչեսլավ Պոպովը (աջ կողմում)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Նիկոլայ Կուզիչկինն ու Վյաչեսլավ Պոպովը մեղավոր են ճանաչվել

Նիկոլայ Կուզիչկինն ու Վյաչեսլավ Պոպովը մեղավոր են ճանաչվել

Դատավճռի հրապարակում

2020 թ. դեկտեմբերի 18-ին Սոչիի Խոստինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Նիկոլայ Կուզիչկինին և Վյաչեսլավ Պոպովին։ Դատարանը եղբայր Նիկոլային դատապարտեց 1 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ եղբայր Վյաչեսլավին՝ 1 տարի 10 ամսվա ազատազրկման։ Սակայն հաշվի առնելով եղբայրների՝ նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետները՝ դատարանը համարել է, որ նրանք արդեն կրել են իրենց պատիժը։ Եղբայր Վյաչեսլավը դեռ կալանավորված է և ազատ կարձակվի սույն վճռի ուժի մեջ մտնելուն պես, իսկ Նիկոլայն արդեն ազատ է տնային կալանքից։

Տվյալներ

Նիկոլայ Կուզիչկին

  • Ծնվել է՝ 1951 թ. (Կոստրոմայի մարզ)

  • Կենսագրություն: Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես դաշնամուր լարող։ Իր կնոջ՝ Օլգայի հետ, մեծացրել է իր երեք որդիներին։ Նա նաև հմուտ մեղվապահ է։

    Եհովայի վկաների հետ Աստվածաշունչը սկսել է ուսումնասիրել 1990-ականների սկզբներին։ Աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը սեփական աչքերով տեսնելը մղեց նրան, որ 1993 թ.-ին նվիրվի Աստծուն և մկրտվի։

Վյաչեսլավ Պոպով

  • Ծնվել է՝ 1974 թ. (Տոմսկ)

  • Կենսագրություն: Մանուկ հասակից զբաղվել է նկարչությամբ։ Մասնագիտությամբ ինտերիերի դիզայներ է։ Իր կնոջը՝ Յուլիային, հանդիպել է քոլեջում։ Ամուսնացել են 1998 թ.-ին։ Ունեն մեկ դուստր և երկու որդի։ 2010 թ.-ին տեղափոխվել են Սոչի։ Նրանք ընտանիքով սիրում են դահուկներ քշել և ծովափ գնալ։

    Յուլիան առաջինն է սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Իր հոր մահից հետո Վյաչեսլավին մխիթարեցին աստվածաշնչյան ճշմարտությունները։ Մկրտվել է 2004 թ.-ին։

Դատական գործի պատմություն

2019 թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան գաղտնի ծառայության զինված աշխատակիցները խմբերով, ոմանք էլ նաև շներով խուզարկեցին Սոչիում ապրող 36 Եհովայի վկաների տներ։

Խուզարկության ընթացքում նրանք ստիպեցին, որ բոլորը՝ երիտասարդ թե տարեց, պառկեն հատակին։ Նրանց հեռախոսները, պլանշետները, համակարգիչները, գրականությունը, նոթատետրերը և նույնիսկ նամականիշները առգրավեցին։ Որոշ դեպքերում ոստիկանները արգելված հրատարակություններ էին դրել Վկաների տներում։ Արդյունքում եղբայրներ Նիկոլայ Կուզիչկինն ու Վյաչեսլավ Պոպովը ձերբակալվեցին։ Հաջորդ օրը նրանց վերցրին նախնական կալանքի։

Եղբայր Կուզիչկինը լուրջ առողջական խնդիրներ ունի, սակայն դատարանը մի քանի անգամ մերժել է նրա՝ բուժօգնություն ստանալու խնդրանքը՝ հիմնավորելով, որ նա չունի «նախնական կալանքից ազատվելու հիվանդությունների ցանկում» նշված հիվանդություններից և ոչ մեկը։ Ավելի ուշ, հաշվի չառնելով նրա վատթարացող առողջական վիճակը, եղբայր Կուզիչկինին տեղափոխեցին մի բանտախուց, որտեղ չափից շատ բանտարկյալներ կային, և նրանցից ոմանք էլ ծխում էին։

Չնայած կյանքին վտանգ սպառնացող պայմաններին՝ Նիկոլայն ասաց. «Բանտը ասես ռենտգեն հետազոտություն լինի, որը ցույց է տալիս մեր քրիստոնեական հատկությունները, ավելի ճիշտ՝ հատկություններ ունես, թե ոչ»։ Նիկոլայը չկենտրոնացավ իր խնդիրների վրա։ Շուտով նա բանտում խաղաղասեր ու բարի մարդու համբավ ձեռք բերեց, ով օգնում էր իր հետ բանտախցում գտնվողներին հաղթահարել դեպրեսիան և պայքարել ինքնասպանության մտքերի դեմ։

2020 թ. ապրիլի 22-ին՝ իր նախնական կալանքի 6-րդ երկարաձգումից հետո, Նիկոլայի նախնական կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Նա գտնվում էր ծայրահեղ թույլ վիճակում և հազիվ էր կարողանում կանգնել։ Միայն այդ ժամանակ Նիկոլային թույլ տվեցին բուժօգնություն ստանալ։

Վյաչեսլավի նախնական կալանքը երկարաձգվել է 14 անգամ։ Նա իր ընտանիքից հեռու է եղել ավելի քան մեկ տարի։

Մենք շնորհակալ ենք Նիկոլային և Վյաչեսլավին իրենց դրսևորած ամուր հավատի և Եհովայի գերիշխանությանը թիկունք կանգնելու վճռականության համար։ Նրանք ապրում են Սաղմոս 16։8-ում արձանագրված խոսքերի համաձայն. «Եհովան միշտ իմ առջևում է։ Ես չեմ սասանվի, քանի որ նա իմ աջ կողմում է»։