Անցնել բովանդակությանը

Նիկոլայ Ալիևը և նրա կինը՝ Ալեսիան

ՄԱՐՏԻ 25, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Չնայած հալածանքներին՝ Նիկոլայ Ալիևը քաջություն է ցուցաբերում

Չնայած հալածանքներին՝ Նիկոլայ Ալիևը քաջություն է ցուցաբերում

Թարմացված տեղեկություն | Ռուսաստանում դատարանը մերժեց բողոքը

2021 թ. սեպտեմբերի 2-ին Խաբարովսկի մարզային դատարանը մերժեց եղբայր Նիկոլայ Ալիևի բողոքը։ Նրա պատիժը կմնա ուժի մեջ։ Այս պահին նա չի կալանավորվի։

Եղբայր Նիկոլայ Ալիևը դատապարտվեց պայմանական ազատազրկման

2021 թ. հունիսի 4-ին Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի կենտրոնական շրջանային դատարանը Նիկոլայ Ալիևին դատապարտեց չորսուկես տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Նիկոլայ Ալիև

  • Ծնվել է 1978 թ. (Ամուրի Կոմսոմոլսկ)

  • Կենսագրություն։ Մանկության տարիներից հետաքրքրել է, թե ինչպես են առաջացել կյանքն ու տիեզերքը, և փորձել է պատասխաններն Աստվածաշնչից գտնել։ Հիսուսի ուսմունքների և խաղաղարար կերպարի մասին խորհրդածելուց հետո թողել է մարտարվեստը։ 1993 թ.-ին մկրտվել է։

    2016 թ.-ին ամուսնացել է Ալեսիայի հետ։ Նրանք շատ հոբբիներ ունեն. սիրում են ճամփորդել, արշավների գնալ և դահուկներով սահել։

Դատական գործի պատմություն

2020 թ. մայիսի 22-ի վաղ առավոտյան քաղաքի իրավապահ մարմինները խուզարկեցին Նիկոլայի և Ալեսիայի տունը։ Երբ իրավապահները մտան, Նիկոլային հրեցին ու հատակին գցեցին, այնուհետև սկսեցին խուզարկել տունը։ Հինգ ժամ հետո նրան ձերբակալեցին և կալանավորեցին։ Հարցաքննության ընթացքում Նիկոլային առաջարկել են իր կրոնից հրաժարվել և ավանդական կրոն դավանել։ Իսկ Ալեսիային առաջարկել են համագործակցել իրենց հետ, որպեսզի «ոչինչ չպատահի» իր ամուսնուն։ Չնայած սպառնալիքներին՝ նրանք ազատ են արձակվել այդ երեկո և վերադարձել են տուն։

Նիկոլայը շատ է քաջալերվել՝ խորհրդածելով, թե Եհովան ինչ բազում կերպերով է աջակցել իրեն այս փորձությունների ժամանակ։ Նա ասում է. «Երբ փորձությունների ես դիմագրավում, հասկանում ես, որ մենակ չես կարող հաղթահարել դրանք։ Ես ավելի ակնառու տեսա, թե Եհովան ինչպես է պատասխանում աղոթքներիս և առաջնորդություն տալիս։ Իմ փորձով համոզվեցի Պողոս առաքյալի խոսքերի ճշմարտացիության մեջ. «Երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր» (2 Կորնթացիներ 12։10

Նիկոլայն ու Ալեսիան շարունակում են քաջություն զարգացնելու և հանգստություն պահպանելու միջոցներ գտնել։ Նրանք տպել են Եսայիա 41։10-ի խոսքերը և փակցրել սառնարանի վրա։ Նիկոլայն ասում է. «Երբ իրավիճակը չափից շատ էր բարդանում, կարդում էի այդ համարը և թեթևություն զգում։ Այդ խոսքերն օգնում են չվախենալ։ Ինձ հատկապես քաջալերում է Եհովայի հավաստիացումը, որ իմ կողքին է՝ այնքան մոտ, ասես իր աջ ձեռքով գրկում է ինձ՝ իբրև մտերիմ ընկերոջ»։ Մենք վստահ ենք, որ Եհովան միշտ կզորացնի իրեն նվիրված մարդկանց։