Անցնել բովանդակությանը

Վերևում՝ ձախից աջ. Անդրեյ Տաբակով, Միխայիլ Զելենսկի։ Ներքևում՝ ձախից աջ. Խորեն Խաչիկյան, Ալեքսանդր Գանին։ Աջ կողմում՝ եղբայր և քույր Միսիններ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Չորս եղբայրների և մի ամուսնական զույգի սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում

Չորս եղբայրների և մի ամուսնական զույգի սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում

Դատավճռի հրապարակում

2020 թ. հոկտեմբերի 5-ին a Ուլյանովսկ քաղաքի Զասվիյաժսկիի շրջանային դատարանը կհրապարակի եղբայրներ Ալեքսանդր Գանինի, Խորեն Խաչիկյանի, Անդրեյ Տաբակովի և Միխայիլ Զելենսկիի, ինչպես նաև եղբայր Սերգեյ Միսինի ու նրա կնոջ՝ Նատալյայի գործով դատավճիռը։ Նրանց բոլորին սպառնում է երեքից յոթ տարվա ազատազրկում։ Դատախազը պահանջել է նաև, որ բռնագրավեն նրանց դրամական միջոցները և մեքենաները, այսինքն՝ ընդհանուր առմամբ մոտ 1,57 միլիոն ռուբլի (20 000 դոլար)։

Տվյալներ

Ալեքսանդր Գանին

  • Ծնվել է՝ 1957 թ. (Էխաբի, Սախալին կղզի)

  • Կենսագրություն: Մկրտվել է 20 տարի առաջ։ Թոշակառու է և զբաղվում է այգեգործությամբ։

Խորեն Խաչիկյան

  • Ծնվել է՝ 1985 թ. (Երևան, Հայաստան)

  • Կենսագրություն: Տնտեսագետի որակավորում ունի։ Պատանեկան տարիքում զբաղվել է ըմբշամարտով։ Մեղմ ու բարի մարդ է։

  • Եհովայի վկաների հետ սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել, քանի որ ցանկացել է ճանաչել Աստծուն և ապրել նրա պատվիրաններով։ Նրան տպավորում է այն, որ Աստվածաշունչը տրամաբանական է ու ներդաշնակ։

Սերգեյ Միսին

  • Ծնվել է՝ 1965 թ. (Կուլեբակի, Նիժնի Նովգորոդի մարզ)

  • Կենսագրություն: Մասնագիտությամբ ինժեներ է։ Ուսանողական տարիներին հանդիպել է Նատալյային՝ իր կնոջը։ Նրանք ամուսնացել են 1991 թ.-ին։ Ավելի քան 20 տարի է՝ նրանք միասին ծառայում են Եհովային։ Ունեն երկու չափահաս երեխա։ Սերգեյը սիրում է տարբեր սպորտաձևեր, հատկապես լաքրոս։

Նատալյա Միսինա

  • Ծնվել է՝ 1971 թ. (Լենինգրադ, այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)

  • Կենսագրություն: Ծնվել է զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ դեղագործ է։ Նախքան քոլեջը ավարտելը ապրել է Գերմանիայում։ Սիրում է զբաղվել խոհարարությամբ։

Անդրեյ Տաբակով

  • Ծնվել է՝ 1973 թ. (Մինսկ, Բելառուս)

  • Կենսագրություն: Աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ 2006 թ.-ին ամուսնացել է Մարինայի հետ։ Նրանք Աստվածաշունչ են ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և մկրտվել։ Սիրում է աշխատել տեխնիկայի հետ, հատկապես ռադիոների և համակարգիչների։

Միխայիլ Զելենսկի

  • Ծնվել է՝ 1960 թ. (Բուլաեշտի, Մոլդովա)

  • Կենսագրություն: Աշխատել է որպես նավաստի և բեռնատարի վարորդ։ 1989 թ.-ին ամուսնացել է Վիկտորյայի հետ։ 1990-ականների սկզբին սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել։ Եհովայի հանդեպ ունեցած նրանց սերը մղել է, որ մկրտվեն։

Դատական գործի պատմություն

Մոտ 3 տարի առաջ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) օպերացիա ձեռնարկեց, որի շրջանակներում սկսեց գաղտնալսել և ձայնագրել Ուլյանովսկում բնակվող մեր հավատակիցների հեռախոսազրույցները։ 2019 թ. փետրվարի 24-ին ԱԴԾ-ն քրեական գործ հարուցեց Միսինների և եղբայրներ Խաչիկյանի, Տաբակովի և Զելինսկիի դեմ։

Երեք օր հետո՝ առավոտյան ժամը 5-ին, ոստիկանները ներխուժեցին եղբայրներ Խաչիկյանի, Տաբակովի և Զելենսկիի տներ։ Նրանց երեքին էլ ձերբակալեցին և ժամանակավորապես կալանավորեցին։ Նույն առավոտ քույր Միսինան հեռախոսազանգ ստացավ։ Զանգահարողը տեղեկացրեց, որ նրա ավտոմեքենան վնասվել է, և խնդրեց, որ իր ամուսնու հետ դուրս գա։ Երբ եղբայր Միսինը բացեց դուռը, ԱԴԾ ծառայողները ներխուժեցին բնակարան։ Նրանք խուզարկեցին տունը, առգրավեցին նրանց էլեկտրոնային սարքերը և ձերբակալեցին ամուսիններին։

Հաջորդ օրը Ուլյանովսկի մարզի Լենինսկիի շրջանային դատարանի որոշմամբ եղբայր Միսինը վերցվեց նախնական կալանքի։ Իսկ քույր Միսինայի և մյուս երեք եղբայրների նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

Եղբայր Միսինը ընդհանուր հաշվով 55 օր մնաց նախնական կալանքի և 123 օր՝ տնային կալանքի տակ։ Քույր Միսինան, եղբայրներ Խաչիկյանը, Տաբակովը և Զելենսկին 50–55 օր մնացին տնային կալանքի տակ։

2019 թ. մայիսի 15-ի առավոտյան ԱԴԾ ծառայողները խուզարկեցին եղբայր Գանինի տունը և ձերբակալեցին նրան։ Եղբորը երկու օրով կալանավորեցին։

Թեև բոլոր վեց քարոզիչների նկատմամբ նվազագույն սահմանափակումներ են կիրառվել, սակայն իշխանությունները շարունակում են այլ կերպերով ճնշում բանեցնել նրանց վրա։ Մասնավորապես սառեցվել են Միսինների և եղբայր Տաբակովի բանկային հաշիվները։ Նրանց հաշիվներին կա համապատասխանաբար 500 000 ռուբլի (6 313 դոլար) և 600 000 ռուբլի (7 575 դոլար)։

Մենք աղոթում ենք, որ սաղմոսերգուի ներշնչյալ խոսքերը շարունակեն զորացնել Ռուսաստանի մեր եղբայրների և քույրերի հավատը, մինչ նրանք հալածվում են իրենց համոզմունքների համար. «Աստված մեզ համար ապաստան է և զորություն, նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն» (Սաղմոս 46։1

[ծանոթագրություն]

a Ենթակա է փոփոխման