Անցնել բովանդակությանը

Ռինատ Կիրամովը՝ քրեական դատավարության ժամանակ (ապրիլ, 2023)

ՀՈՒՆԻՍԻ 20, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռինատ Կիրամովը չորս օր շարունակ խոշտանգումների է ենթարկվում

Ռինատ Կիրամովը չորս օր շարունակ խոշտանգումների է ենթարկվում

Եղբայր Ռինատ Կիրամովը 2023 թ. ապրիլին մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման։ Նա այժմ գտնվում է ուղղիչ գաղութում։ Դատապարտվելուց մեկ տարի անց՝ 2024 թ. ապրիլի 18-ին, նրան անսպասելիորեն տեղափոխեցին մոտակա բուժական ուղղիչ հիմնարկ։ Բանտի ղեկավարությունը «կասկած» էր հայտնել, որ Ռինատը տուբերկուլյոզ ունի։ Նրա տեղափոխությունից երկու օր անց մի խումբ բանտարկյալներ սկսեցին նրան հարցաքննել։ Նրանք պահանջեցին տեղեկություններ տրամադրել իր հայրենի քաղաքի՝ Ախտուբինսկի Եհովայի վկաների մասին։ Երբ Ռինատը հրաժարվեց, բանտարկյալները սկսեցին խոշտանգել նրան։ Չորս օր շարունակ նրան ենթարկեցին տարբեր տեսակի ֆիզիկական կտտանքների, անգամ էլեկտրաշոկ կիրառեցին։ Բացի այդ՝ նրան թույլ չէին տալիս քնել, նստել ու լողանալ, և հետևում էին, որ օրուգիշեր արթուն մնա ու ոտքի վրա լինի։ Ռինատին թողնում էին սնվել օրական ընդամենը մեկ անգամ։

Մի քանի օր անց Ռինատի կինը՝ Գալինան, այցելեց նրան և ցնցվեց՝ տեսնելով, որ ամուսնու դեմքը ամբողջությամբ կապտած է, նա դժվարությամբ է քայլում, ու ձեռքերը դողում են։ Երբ Ռինատը բացատրեց, թե ինչ է կատարվել, Գալինան այդ մասին ահազանգեց նրա փաստաբանին։ Վերջինս անմիջապես միջնորդություն ներկայացրեց, որ Ռինատը բուժզննում անցնի, և հետաքննություն սկսվի։

Երբ դատախազությունը տեղեկացվեց այդ մասին, Ռինատի հետ հանդիպում կազմակերպվեց, և նրան ուղարկեցին բուժզննման։ Խոշտանգումների բավարար ապացույցների հայտնաբերումից հետո գործը հանձնվեց Ներքին գործերի նախարարություն՝ քննության։ Նաև պարզվեց, որ Ռինատը տուբերկուլյոզ չունի, և 2024 թ. մայիսի 17-ին նրան բուժական ուղղիչ հիմնարկից հետ տեղափոխեցին ուղղիչ գաղութ, որտեղ և գտնվում է հիմա։

Ռինատը՝ իր կնոջ՝ Գալինայի հետ՝ նախքան ազատազրկվելը

Ռինատը պատմել է Գալինային, թե ինչն է իրեն օգնել դիմանալ. «Միայն կարող էի աղոթել ու աստվածաշնչյան համարների շուրջ խորհրդածել։ Դա որ հաստատ ոչ ոք չէր կարող խլել ինձնից։ Ուրախ եմ, որ խորությամբ ուսումնասիրել էի Աստվածաշունչը, նախքան այդ ամենը տեղի կունենար։ Դրա շնորհիվ կարողանում էի շատ համարներ հիշել»։ Նա նաև ասել է. «Ուրիշ մարդիկ էլ են, հանուն իրենց նվիրական գաղափարների, դիմացել դաժան վերաբերմունքի, բայց չեն ունեցել Եհովայի սուրբ ոգու աջակցությունը։ Իսկ ես ունեի ուժի անսպառ աղբյուր՝ Եհովայի զորությունը։ Ինքս ինձ ասում եմ. «Հիմա է լավագույն պահը, որ փաստեմ Եհովայի հանդեպ իմ նվիրվածությունը։ Ես չեմ հանձնվի»»։

Իհարկե ցավում ենք, որ Ռինատի հանդեպ նման անմարդկային վերաբերմունք է դրսևորվել, բայց մխիթարական է իմանալ, որ Եհովան միշտ «մարդկային ուժից վեր զորություն» է տալիս, որ դիմանանք (2 Կորնթացիներ 4։7