ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանը շարունակում է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել հարյուրավոր Եհովայի վկաների նկատմամբ
Ռուսաստանի ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունը (Ռոսֆինմոնիտորինգ) կառավարական հաստատություն է, որը պայքարում է ֆինանսական հանցագործությունների դեմ, ինչպիսին է, օրինակ, ծայրահեղականության ֆինանսավորումը։ Այս հաստատությունը հանրամատչելի ցուցակ է հրապարակում, որում ընդգրկում է ծայրահեղականության կամ ահաբեկչության մեջ կասկածվող մարդկանց անունները։ Անհատը կարող է հայտնվել այս ցուցակում, նույնիսկ եթե նրա մեղավոր լինելը չի ապացուցվել դատարանի կողմից։
Սկսած 2017 թ.-ից, երբ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը արգելեց Եհովայի վկաների գործունեությունը, մեր եղբայրներից և քույրերից 525-ի անունները հայտնվել են այս ցուցակում։ a Նրանց թվում են 100-ից ավելի տարեց Վկաներ։
Այս ցուցակում ընդգրկվածների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ են կիրառվում։ Օրինակ՝ նրանց բանկային հաշիվները սառեցված են։ Թույլ է տրվում միայն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար հաշվից ամսական մոտ 10 000 ռուբլի (137 դոլար) հանել՝ անձնական ծախսերը հոգալու նպատակով։ Բացի այդ՝ սահմանափակումների պատճառով նրանց առօրյա գործողությունները դժվարին կամ անհնարին են դարձել։ Օրինակ՝ մեծ դժվարություններ են առաջանում անշարժ գույքի կամ մեքենայի առք ու վաճառքի, ինչպես նաև ապահովագրություն, գործազրկության նպաստ, ժառանգություն կամ բանկային վարկ ստանալու հետ կապված գործարքներում։ Այս ամենը հատկապես բացասաբար է անդրադառնում թոշակառու կամ հաշմանդամ հավատակիցների վրա. նրանք դժվարանում են փակել բժշկական ծախսերը, և հաճախ նրանց թույլ չի տրվում օգտվել հասարակական տրանսպորտից։
Ուսուրիյսկից եղբայր Անտոն Չերմնիխը, ում անունը 2019 թ. դեկտեմբերին ավելացվել է այս ցուցակում, ասում է. «Աշխատավարձ ստանալու համար ամեն ամիս պետք է ապացույց ներկայացնեմ, որ գումարը անօրեն ճանապարհով չեմ ստացել։ Պետք բանկ բերեմ բազմաթիվ փաստաթղթեր, որոնք բանկի աշխատակիցը սկանավորում է և ուղարկում Մոսկվա։ Փաստաթղթերի քննությունը տևում է երկու շաբաթ։ Նշանակված օրը վերադառնում եմ բանկ, աշխատակիցը տալիս է աշխատավարձս և կրկին անմիջապես սառեցնում հաշիվս։ Երբ բանկի նոր աշխատակիցները իմանում են, որ ահաբեկիչների ցուցակում եմ, սկսում են վախենալ ինձնից»։
Չնայած այս փորձություններին՝ մեր եղբայրներն ու քույրերը չեն կորցնում դրական մտավիճակը։ Եղբայր Յուրի Բելոսլուդցևը, ում անունը ավելացրին այս ցուցակում, իսկ երկուսուկես տարի հետո վեց տարվա պայմանական ազատազրկման դատապարտեցին, ասում է. «Իմ հաշիվները արգելափակվել էին, բայց ես ու կինս օգնություն էինք ստանում մեր հավատակիցներից։ Շատ շնորհակալ ենք Եհովային նրանց աջակցության համար»։
Մենք գիտենք, որ Եհովան լիովին տեղյակ է, թե Ռուսաստանի մեր եղբայրներն ու քույրերը ինչ անարդարությունների են բախվում։ Աղոթում ենք նրանց համար ու լիովին վստահ ենք, որ ընթացիկ դատավարությունների ներքո Եհովան կշարունակի աջակցել իր ծառաներին (Մատթեոս 6։33)։
a 2022 թ. դեկտեմբերի դրությամբ 35 եղբայրներ և քույրեր հանվել են Ռոսֆինմոնիտորինգի ցուցակից այն բանից հետո, երբ կրել են իրենց պատիժը կամ տուգանք վճարել։