ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում Եհովայի վկաները կտտանքների են ենթարկվում
Ռուսաստանում Դենիս Քրիստենսենի՝ անհիմն կերպով դատապարտվելուց ընդամենը ինը օր հետո Սիբիրի արևմուտքում գտնվող Սուրգուտ քաղաքի ռուս քննիչները առնվազն յոթ Եհովայի վկաների ենթարկեցին կտտանքների։ Նրանք կիրառեցին էլեկտրաշոկ, փորձեցին շնչահեղձ անել նրանց և ծեծի ենթարկեցին։ Նրանց նպատակն էր նման միջոցներով ստիպել մեր եղբայրներին ասել, թե որտեղ են անցկացվում հանդիպումները և բացահայտել այլ Վկաների ինքնությունը։
Այդ ամենը սկսվեց 2019 թ. փետրվարի 15-ի վաղ առավոտյան, երբ իշխանությունները խուզարկեցին մեր եղբայրների տները։ Դրանից հետո նրանք ձերբակալեցին մի քանի Վկաների և նրանց տարան քննչական բաժանմունք։ Նրանք հարցաքննեցին եղբայրներին, սակայն վերջիններս հրաժարվեցին որևէ տեղեկություն հայտնել իրենց հավատակիցների մասին։ Տուժողները պատմում են, թե ինչ տեղի ունեցավ, երբ միակ փաստաբանը հեռացավ բաժանմունքից. աշխատակիցները տոպրակներ հագցրին նրանց գլխին և կապեցին ժապավենով, ձեռքերը կապեցին մեջքին և ծեծի ենթարկեցին։ Հետո մերկացրին, ջուր լցրին նրանց վրա և էլակտրաշոկի ենթարկեցին։ Այս անմարդկային կտտանքները տևեցին մոտ երկու ժամ։
Առնվազն երեք Վկա դեռ կալանավորված է։ Իսկ նրանք, ովքեր ազատ են արձակվել, դիմել են բժիշկների օգնությանը և բողոքներ ներկայացրել վերադաս մարմիններին։
Զանգվածային խուզարկումներից հետո Ռուսաստանի իշխանությունները ընդհանուր հաշվով 19 Վկաների նկատմամբ քրեական գործեր են հարուցել այսպես կոչված «ծայրահեղական գործունեությանը մասնակցելու» և «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը համակարգելու» համար։
Ռուսաստանի քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում իշխանության չարաշահման նման սարսափելի դրսևորման համար։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվել է հետևել մի քանի միջազգային մարմինների օրենքներին, որոնք պաշտպանում են մարդուն կտտանքների ենթարկվելուց։ Հետևաբար, այս հանցագործության հետ կապված, մենք կդիմենք բոլոր հնարավոր իրավական պաշտպանության միջոցներին՝ թե՛ ներպետական, թե՛ միջազգային։
Ի վերջո, մենք գիտենք, որ Եհովան տեսել է Ռուսաստանում մեր եղբայրների հալածանքը և կգործի որպես նրանց «օգնական ու ազատարար» (Սաղմոս 70:5)։