ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում բանտապահները ծեծել են 5 եղբայրների
2020 թ. փետրվարի 6-ին Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի թիվ 1 ուղղիչ գաղութում բանտապահները մահակներով դաժանաբար ծեծել են մեր 5 եղբայրներին՝ Ալեքսեյ Բուդենչուկին, Գենադի Գերմանին, Ռոման Գրիդասովին, Ֆելիքս Մախամադիևին և Ալեքսեյ Միրեցկիին։ Եղբայր Մախամադիևի կողոսկրը կոտրվել է, թոքը՝ ծակվել, և երիկամը՝ վնասվել։ Նրան հոսպիտալացրել են։ Եղբայրներ Բուդենչուկին, Գերմանին, Գրիդասովին և Միրեցկիին անհեթեթ և շինծու մեղադրանքներով փակել են պատժախցում։ Այդ մեղադրանքներից մեկը ծխելն էր, որը արգելված է Եհովայի վկաների շրջանում։
Ինչպես որ տեղեկացվել էր, 2019-ի սեպտեմբերին Սարատովի Լենինսկի շրջանային դատարանի դատավոր Դմիտրի Լարինը մեղավոր ճանաչեց 5 եղբայրներին, ինչպես նաև Կոնստանտին Բաժենովին։ Նրանք դատապարտվեցին երկուսից երեքուկես տարվա ազատազրկման։ 2019-ի դեկտեմբերի 20-ին Սարատովի մարզային դատարանը մերժեց նրանց բողոքը։ Մի քանի շաբաթ անց վեց եղբայրներին էլ գաղութ տեղափոխեցին։ Քանի որ եղբայր Բաժենովին ուղարկել էին Ուլյանովսկի մարզում գտնվող թիվ 3 ուղղիչ գաղութ, նա չի տուժել թիվ 1 ուղղիչ գաղութում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։
2020-ի փետրվարի 6-ին՝ բանտ տեղափոխելուց անմիջապես հետո, այդ հինգ եղբայրներին ծեծի ենթարկեցին։ Բժիշկները նրանց մեկ օր հետո են զննել, ու պարզվել է, որ Մախամադիևի ջերմությունը բարձրացել է, և նրա մեզի մեջ արյուն է հայտնաբերվել։ Ուղղիչ գաղութի աշխատակիցները շտապօգնություն են կանչել միայն այն բանից հետո, երբ եղբայր Մախամադիևին ստիպել են փաստաթուղթ ստորագրել, որում նշվում էր, որ նա պարզապես «սայթաքել և ընկել է զուգարանում»։ Եղբայր Մախամադիևը հոսպիտալացվել է և վիրահատվել. նրա թոքի մեջ ստենտ են տեղադրել, որպեսզի դուրս բերեն հավաքված հեղուկը։ Բժշկական ստուգումները ցույց են տվել նաև, որ եղբայր Մախամադիևը սովի է մատնվել. առողջական խնդիրների պատճառով նա հատուկ սննդակարգի է հետևում, իսկ ուղղիչ գաղութի վարչությունը առգրավել է այն սնունդը, որը նա կարող էր ընդունել։
Մենք շատ ենք ցավում Ռուսաստանում բնակվող մեր եղբայրների համար, ովքեր այս անարդար ու անմարդկային վերաբերմունքի զոհն են դարձել։ Սակայն մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի աջակցել նրանց, մինչ նրանք հավատարմորեն տոկում են (Փիլիպպեցիներ 1։27, 28)։