Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատարանը անհիմն դատապարտում է Դենիս Քրիստենսենին վեց տարվա ազատազրկման

Ռուսաստանում դատարանը անհիմն դատապարտում է Դենիս Քրիստենսենին վեց տարվա ազատազրկման

Ինչպես արդեն հայտնել էինք, 2019 թ. փետրվարի 6-ին Օրյոլի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանը Դենիս Քրիստենսենին դատապարտեց վեց տարվա ազատազրկման խաղաղ կրոնական գործունեության համար։ Դատավճիռը բողոքարկվում է վերադաս դատարան։

Քրիստենսենին վեց տարով ազատազրկելու մասին լուրը անմիջապես միջազգային արձագանք ստացավ։ Միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը, Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և այլ կազմակերպություններ, դատապարտեցին Ռուսաստանի կողմից Դենիս Քրիստենսենի անարդար և անհիմն հետապնդումը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «Քրիստենսենին նշանակված խիստ պատիժը վտանգավոր նախադեպ է ստեղծում և իրականում քրեականացնում է Ռուսաստանում Եհովայի վկաների կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքի իրականացումը»։ Նա կոչ արեց Ռուսաստանի կառավարությանը «վերանայել «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքը՝ հստակեցնելով «ծայրահեղական գործունեության» աղոտ և անորոշ սահմանումը, և հավաստիանալ, որ, ըստ այդ սահմանման, ծայրահեղական գործունեությունը ներառում է բռնության և ատելության տարրեր»։ Տիկին Բաչելետը իր հայտարարությունը ավարտեց՝ կոչ անելով իշխանություններին «հանել մեղադրանքներն ու ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորվել են կրոնի կամ համոզմունքի ազատության, կարծիք ունենալու և այն արտահայտելու ազատության, ինչպես նաև խաղաղ հավաքների և միավորվելու ազատության իրավունքներն իրականացնելու համար»։

Եղբայր Քրիստենսենի նկատմամբ դատավճիռ կայացնելուց երկու օր անց մարդու իրավունքների չորս հայտնի ռուս փորձագետներ մամուլի ասուլիս կազմակերպեցին Մոսկվայում։ Լսարանը լի էր մարդկանցով, և ավելի քան 6 000 մարդ հետևում էր չորս ժամ տևողությամբ ծրագրին, որը հեռարձակվում էր օնլայն։ Ասուլիսի ընթացքում փորձագետները պաշտպանեցին Եհովայի վկաներին՝ որպես խաղաղարար մարդկանց, ովքեր որևէ վտանգ չեն ներկայացնում հասարակության համար։

2019 թ. փետրվարի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսը

Մամուլի ասուլիսին մասնակցում էին նաև եղբայր Քրիստենսենի կինը՝ Իրինան, նրա փաստաբանը՝ Անտոն Բոգդանովը, և Եհովայի վկաների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչ Յարոսլավ Սիվուլսկին։ Նրանք հանդես եկան անհիմն դատավճռի վերաբերյալ հայտարարությամբ և պատասխանեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Չնայած գրեթե երկու տարվա ազատազրկմանը՝ եղբայր Քրիստենսենը շարունակում է պահպանել իր ուրախությունը և Եհովային ապավինելու վճռականությունը։ Դատավճռից ընդամենը մի քանի օր առաջ իր վերջին խոսքում եղբայր Քրիստենսենն ասաց. «Վաղ թե ուշ ճշմարտությունը ակնհայտ է դառնում, նույնը կլինի այս պարագայում»։ Ապա Հայտնություն 21:3–5 խոսքերը կարդալուց հետո նա վստահությամբ ասաց. «Այս խոսքերը.... նկարագրում են այն ժամանակը, երբ Աստված արդարություն կհաստատի և այնպես կանի, որ բոլոր մարդիկ իսկական ազատություն ունենան։ Ազատությունն ու արդարությունը փոխկապակցված են։ Աստված հոգ կտանի, որ այս ամենն իրականություն դառնա»։

Մինչ դատավճիռը բողոքարկվում է, եղբայր Քրիստենսենը կմնա Օրյոլի մարզի թիվ 1 կալանավայրում, որտեղ նա կալանավորված է վերջին 20 ամիսներին։

Մենք կշարունակենք աղոթել, որ Եհովան աջակցի Դենիս Քրիստենսենին, նրա կնոջը և Ռուսաստանի մեր բոլոր հավատակիցներին (1 Պետրոս 3։12

«Ռուսաստանում դատական նիստը համարվեց ««լակմուսի թեստ» կրոնի ազատության համար»» վերնագրով տեսանյութը պատրաստվել է RFE/RL միջազգային լրատվական միջոցի կողմից դատավճռի հրապարակումից ընդամենը մի քանի օր առաջ։