Անցնել բովանդակությանը

(Ձախից աջ)։ Անդրեյ Մագլիվը, Վլադիմիր Կուլյասովը, Գալիյա Օլխովան, Տատյանա Ալուշկինան, Վլադիմիր Ալուշկինը և Դենիս Տիմոշինը՝ Լենինսկի շրջանային դատարանում (2019 թ. դեկտեմբերի 5)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատարանը եղբայր Ալուշկինին դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Եվս հինգի նկատմամբ նշանակվեց փորձաշրջան

Ռուսաստանում դատարանը եղբայր Ալուշկինին դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Եվս հինգի նկատմամբ նշանակվեց փորձաշրջան

2019 թ. դեկտեմբերի 13-ին՝ ուրբաթ առավոտյան, Պենզայի Լենինսկի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց Վլադիմիր Ալուշկինին և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Անմիջապես նիստերի դահլիճում նրան ձեռնաշղթաներ հագցրին և տարան։ Այդ գործով մեղադրյալներ էին նաև հինգ այլ անհատներ, այդ թվում՝ Վլադիմիրի կինը՝ Տատյանան։ Դատարանը նրանց (երեք եղբայր և երկու քույր) նկատմամբ նշանակեց փորձաշրջան, որի պայմանները խախտելու դեպքում նրանք կկրեն նշանակված երկու տարվա ազատազրկման պատիժը։ Պենզայում բնակվող այդ վեց եղբայրներն ու քույրերը կբողոքարկեն այդ դատավճիռը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վլադիմիր Ալուշկինը ձերբակալվեց 2018 թ. հուլիսի 15-ին, երբ ոստիկանության գրեթե մեկ տասնյակ դիմակավորված աշխատակիցներ գրոհային հրացաններով ներխուժեցին նրա տուն։ Ոստիկանները մոտ չորս ժամ խուզարկեցին նրա բնակարանը և բռնագրավեցին բջջային հեռախոսներ, էլեկտրոնային սարքեր, Աստվածաշնչեր և այլ գրականություն։ Նրանք այդ օրը խուզարկեցին ևս հինգ Եհովայի վկաների տներ և մոտ 40 եղբայրների ու քույրերի տարան ոստիկանության բաժանմունք՝ հարցաքննելու։

Տեղի իշխանությունները եղբայր Ալուշկինին երկու օր պահեցին ժամանակավոր կալանավայրում, այնուհետև Պենզայի Պերվոմայսկի շրջանային դատարանի որոշմամբ՝ երկու ամսով նախնական կալանքի վերցրին։ Ավելի ուշ դատարանը երկու անգամ երկարաձգեց Վլադիմիր Ալուշկինի նախնական կալանքի ժամկետը։ Մոտ վեց ամիս հետո նրա նախնական կալանքը փոխարինվեց տնային կալանքով, որը նա կրեց մինչև դեկտեմբերի 13-ը, երբ մեղավոր ճանաչվեց։

Հինգ Վկաներից երեքը, որոնց մեղադրանք էր առաջադրվել, եղբայրներ Վլադիմիր Կուլյասովը, Անդրեյ Մագլիվը և Դենիս Տիմոշինն են։ Հետաքննության և դատավարության ընթացքում նրանց նկատմամբ սահմանվել էր տնային կալանք։ Իսկ մյուս երկուսի՝ քույրեր Տատյանա Ալուշկինայի և Գալիյա Օլխովայի նկատմամբ 2019 թ. փետրվարից որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որով սահմանափակվում է նրանց տեղաշարժվելու և հաղորդակցվելու ազատությունը։

2019 թ. օգոստոսին ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) հրապարակեց 12-էջանոց զեկույց՝ դատապարտելով Ռուսաստանին եղբայր Վլադիմիր Ալուշկինին ապօրինաբար ձերբակալելու և կալանավորելու համար։ Ըստ Աշխատանքային խմբի՝ եղբայր Ալուշկինը «չպետք է ձերբակալվեր ու նախնական կալանքի վերցվեր, և նրա առնչությամբ որևէ դատական գործ չպետք է լինի»։ Աշխատանքային խումբը նշեց, որ «համապատասխան շտկումը կլինի պրն Ալուշկինին անմիջապես ազատ արձակելը»։ Պենզայի վեց եղբայրներին և քույրերին պաշտպանելիս փաստաբանները իրենց փաստարկների համար հիմք ընդունեցին ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի՝ միջազգային ճանաչում ունեցող զեկույցը։ Սակայն դեկտեմբերի 13-ին դատավճիռը կարդալիս դատավորը նշեց, որ դատարանի կարծիքով՝ Ռուսաստանի Գերագույն դատարանի՝ 2017 թ.-ին կայացրած որոշումը, ինչի հետևանքով Եհովայի վկաների գործունեությունն արգելքի տակ դրվեց, ավելի մեծ ուժ ունի, քան Աշխատանքային խմբի զեկույցը։

Այս տարի Ռուսաստանում մեղավոր են ճանաչվել 18 եղբայրներ ու քույրեր, և եղբայրներից 9-ը ազատազրկվել են տարբեր ժամկետներով։ Ավելի քան 40 եղբայրներ ու քույրեր նախնական կալանքի տակ են գտնվում, իսկ 19-ը՝ տնային կալանքի։ Ողջ Ռուսաստանում գրեթե 300 եղբայրների և քույրերի դեմ քրեական գործ է հարուցվել իրենց հավատի համար։

Թեև մենք տխրում ենք, երբ լսում ենք մեր հավատակիցների կրած հալածանքների մասին, սակայն չենք զարմանում։ Դրանց մասին կանխագուշակվել է, սակայն Եհովան խոստացել է, որ սիրառատ կերպով հոգ կտանի իր ծառաներին։ Մենք աղոթում ենք, որ «փառքի ոգին, այո՛, Աստծու ոգին մնա» նրանց վրա (1 Պետրոս 4։12–14