ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում երիտասարդ զույգը հնարավոր է՝ մեղավոր ճանաչվի
Դատավճռի հրապարակում
2020 թ. սեպտեմբերի 16-ին a Կոստրոմա քաղաքի Սվերդլովսկիի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Սերգեյ Ռայմանի և նրա կնոջ՝ Վալերիայի գործով դատավճիռը։ Նրանց երկուսին էլ սպասում է յոթ տարվա ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի։
Տվյալներ
Սերգեյ Ռայման
Ծնվել է՝ 1996 թ. (Կինեշմա, Իվանովոյի մարզ)
Կենսագրություն: Սովորել է շինարարական տեխնիկումում և մասնագիտացել ինտերիեր դիզայնի ոլորտում։ Աստվածաշնչի նկատմամբ սեր ու հարգանք սերմանել է իր տատիկը։ 2015 թ.-ին ամուսնացել է Վալերիայի հետ։ Սիրում է դահուկ քշել և զբաղվել խոհարարությամբ։
Վալերիա Ռայման
Ծնվել է՝ 1993 թ. (Շարյա, Կոստրոմայի մարզ)
Կենսագրություն: Տասը տարեկանում կորցրել է հորը։ Եհովայի մասին իմացել է մորից։ Մասնագիտությամբ վարսահարդար է։
Դատական գործի պատմություն
2018 թ. հուլիսի 25-ին ոստիկանության հատուկ նշանակության զինված ծառայողները, երկաթյա ձողերով ջարդելով դուռը, ներխուժեցին եղբայր և քույր Ռայմանների տուն և ձերբակալեցին նրանց։ Քույր Ռայմանը երկու օրով նախնական կալանքի վերցվեց, իսկ եղբայր Ռայմանը 59 օր անցկացրեց մենախցում։ Դրանից հետո որպես խափանման միջոց ամուսիններին արգելեցին շփվել Եհովայի վկաների հետ, ինչպես նաև դուրս գալ տնից երեկոյան ժամերին։ Այս սթրեսային իրավիճակը վատ է անդրադարձել նրանց ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վրա։
Մինչ երիտասարդ ամուսինները սպասում են դատարանի որոշմանը, մենք աղոթում ենք, որ նրանք շարունակեն քաջ և ուժեղ մնալ՝ վստահ լինելով, որ Եհովան երբեք չի դադարի աջակցել իրենց (Հեսու 1։9)։
a Ենթակա է փոփոխման