ԱՊՐԻԼԻ 19, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում մեր հավատակիցները քաջ են և անկոտրում՝ չնայած հինգ տարվա արգելքին
2022 թ. ապրիլի 20-ին լրացավ Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեության վրա անարդարացի կերպով արգելք դնելու հինգ տարին։ a Տարեցտարի Ռուսաստանի իշխանությունները խստացնում են եղբայրների և քույրերի դեմ ուղղված հալածանքը։ Որոշ դեպքերում այն հասնում է կտտանքների։ Սակայն, ինչպես տեսնում ենք jw.org կայքի նորություններ բաժնից, մեր հավատակիցները քաջաբար դիմանում են այս փորձություններին։
Սրա վառ օրինակն է եղբայր Դենիս Քրիստենսենը, ով արդեն հինգ տարի է, ճաղերի հետևում է։ 2019 թ. մայիսին, երբ դատարանը մերժեց նրա բողոքը, նա հանգիստ և վստահ ձայնով ասաց իրեն աջակցելու նպատակով դատարան եկածներին. «Ես ձեռքիցս եկածն անում եմ, որպեսզի Եհովային տամ լավագույնս։ Այդպես կվարվեմ հավիտյան»։
Նույն տրամադրվածությունն ունի նաև եղբայր Իգոր Տուրիկը։ Նա հիշում է սովետական ժամանակներում հալածանքներ կրած Նիկոլայ Կալիբաբայի հետ իր հանդիպումը։ Նիկոլայը Իգորին ասել էր, որ փորձությունները օգնում են տեսնել, թե ինչպես է Եհովան աջակցում իր ժողովրդին։ Իգորն ասում է. «Ես հասկացա, որ հավատի համար հալածվելը մեծ պատիվ է»։ Նա շարունակում է հավատարիմ մնալ՝ չնայած 7 տարվա պայմանական ազատազրկմանը։
Ահա, թե ինչ է նշում եղբայր Եվգենի Ֆեդինը. «Հիմա մեր իրավունքների համար կռիվ տալու ժամանակը չէ։ Պետք է հավատարիմ մնանք, և իր ժամանակին Եհովան կվերականգնի արդարությունը։ Այժմ օրհնության համար կռվելու ժամանակն է.... Սրա մասին մտածելն օգնում է հալածանքների հանդեպ ճիշտ տրամադրվածություն պահպանել՝ անկախ դրանց ընթացքից։ Ամեն փորձություն Եհովայի անվանը փառք բերելու և վկայություն տալու լավ առիթ է»։
Նման միտք է արտահայտել նաև քույր Տատյանա Ժուկը, նա ասել է. «Մենք շատ փորձություններ ենք հաղթահարել, և դրա շուրջ խորհրդածելը օգնում է, որ շարունակենք դիմանալ։ Այս ամենը փաստում է, որ Եհովան մեզ հետ է։ Առանց Եհովայի ներկայիս հանգամանքներում ուրախություն պահպանելը անհնար կլիներ»։
Եվգենին, ում խոսքերը մեջբերեցինք վերևում, ավելացնում է. «Մենք հաղթողներ ենք։ Թե՛ նախնական կալանքի տակ, թե՛ դատարանի դահլիճում և թե՛ բանտում մենք մնում ենք հաղթողներ»։
2017 թ.՝ Վկաների դեմ դատարանի որոշումից կարճ ժամանակ առաջ, դոկտոր Էմիլի Բերընը, ով պատմաբան է և ուսումնասիրել է Եհովայի վկաների գործունեությունը Խորհրդային Միությունում, գրեց. «Պատմությունը հուշում է, որ Ռուսաստանը չի կարող վերացնել Եհովայի վկաներին»։
Մենք հստակ տեսնում ենք, թե Ռուսաստանում և Ղրիմում ինչպես են կատարվում Եսայիա 54։17-ում արձանագրված խոսքերը. «Քո դեմ շինված ոչ մի զենք հաջողություն չի ունենա»։
a Գերագույն դատարանի նիստի ժամանակ Ռուսաստանի իշխանությունները նշեցին, որ թեև իրավաբանական անձինք կլուծարվեն, սակայն առանձին Վկաները իրավունք կունենան դավանել իրենց կրոնը։ Բայցևայնպես, իշխանությունների գործողությունները հակասում են այս պնդմանը։