ՕԳՈՍՏՈՍԻ 7, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում ոստիկանների կողմից Վկաների տներ ներխուժելու դեպքերը հասնում են 600-ի
Վերջին 18 ամիսների ընթացքում Ռուսաստանում ոստիկանները և անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ներխուժել են մեր եղբայրների և քույրերի՝ ընդհանուր հաշվով 613 տներ։ 2019 թ. հունվարից սկսած՝ իշխանությունները ներխուժել են 332 տներ, ինչը արդեն գերազանցում է 2018 թ. ներխուժման 281 դեպքերի թիվը։
Իշխանությունների կողմից մեր հավատակիցների տներ ներխուժելու դեպքերը հատկապես հաճախակի են դարձել վերջին ամիսներին։ Հունիսին գրանցվել է 71 դեպք, իսկ հուլիսին՝ 68։ 2018 թ. համեմատ, որի ընթացքում գրանցվել է ամսական միջինը 23,4 դեպք՝ այս տարի ակնհայտ աճ է նկատվում։
Հարձակման ժամանակ դիմակավորված և զինված ոստիկանները սովորաբար տարբեր կողմերից ներխուժում էին տուն կամ բնակարան։ Ներս մտնելուց հետո նրանք երբեմն ատրճանակը պահում էին Վկաների, այդ թվում՝ երեխաների և տարեցների երեսին, ասես գործ ունեին անուղղելի և վտանգավոր հանցագործների հետ։ Ուստի զարմանալի չէ, որ որոշ փորձագետներ համաձայնում են Բեյլորի համալսարանին կից գործող Ջ. Մ. Դոուսոնի անվան՝ եկեղեցի — պետություն փոխհարաբերությունների ուսումնասիրության ինստիտուտի նախկին տնօրեն դ-ր Դերեկ Հ. Դեյվիսի հետ, որն ասում է. «Ռուսաստանի կողմից Եհովայի վկաների պես խաղաղասեր մարդկանց նկատմամբ իրականացվող ագրեսիվ հետապնդումը ակնհայտ «ծայրահեղություն» է»։
Ցավոք, որքան ավելանում են հարձակման դեպքերը, այնքան ավելանում են նաև մեր եղբայրների դեմ հարուցվող քրեական գործերը։ Ներկայումս Ռուսաստանում և Ղրիմում քրեական գործեր են հարուցված 244 եղբայրների ու քույրերի նկատմամբ։ Այս թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ սկսած 2018 թ. դեկտեմբերից, երբ հարուցված էր 110 քրեական գործ։ Հետապնդման մեջ գտնվող 244 Վկաներից 39-ը կալանքի տակ են, 27-ը՝ տնային կալանքի տակ, և ավելի քան 100-ը տարբեր տեսակի սահմանափակումներ ունեն։
Թեև մեր եղբայրները և քույրերը գտնվում են Ռուսաստանի իշխանությունների թիրախում, մենք «չենք սասանվում այս նեղություններից»։ Փոխարենը՝ քաջալերվում ենք՝ իմանալով, որ մեր հավատակիցները շարունակում են հավատարիմ և տոկուն մնալ։ Մենք գովաբանում և շնորհակալություն ենք հայտնում Եհովային նրանց համար արված մեր բազմաթիվ աղոթքներին պատասխանելու համար և վստահ ենք, որ նա կշարունակի այդպես վարվել (1 Թեսաղոնիկեցիներ 3։3, 7)։