Ապրիլի 1, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում ևս մեկ Եհովայի վկա մեղավոր ճանաչվեց
2019 թ. ապրիլի 1-ին այն նույն դատարանը, որը Դենիս Քրիստենսենին դատապարտեց վեց տարվա ազատազրկման, մեղավոր ճանաչեց 56-ամյա Սերգեյ Սկրիննիկովին որպես Եհովայի վկա իր հավատը դավանելու համար։ Դատարանը 5 348,00 ԱՄՆ դոլարի (350 000 ռուբլի, 4 758,95 եվրո) չափով խոշոր տուգանք սահմանեց։ Թեև դատախազությունը պահանջեց որպես պատիժ նշանակել երեք տարվա ազատազրկում, սակայն ազատազրկման տեսքով պատիժ չսահմանվեց։
Եղբայր Սկրիննիկովը և նրա կինը՝ Նինան, մեկ դուստր ունեն։ Նրանք աջակցում են իրենց դստերը և նրա ամուսնուն, ինչպես նաև նրանց հինգ երեխաներին։ Բացի այդ, Սկրիննիկովները Նինայի տարեց ծնողների միակ խնամակալներն են։
Դատարանում եղբայր Սկրիննիկովը հարգալից և համոզիչ կերպով պաշտպանեց իր հավատը։ Նա մասնավորապես ասաց. «Եթե այս իրավիճակին անհավատ մարդու աչքերով նայես, կարող ես թևաթափ լինել.... Սակայն որպես Եհովայի վկա՝ ես այս իրավիճակին հավատի աչքերով եմ նայում։ Եթե Աստված թույլ տա, որ դատապարտվեմ, դա կնշանակի, որ պետք է այս երեք տարիները դիտեմ ոչ թե որպես պատիժ, այլ հատուկ նշանակում՝ ծառայելու նոր տարածքում։ Ուստի ես չեմ վհատվում.... Աստված նույնն է՝ անկախ նրանից՝ ազատության մեջ ենք, թե բանտում։ Հետևաբար մենք լքված չենք։ Նա մեզ հետ է ամենուր, քանի դեռ հավատարիմ ենք նրան»։
Մենք քաջալերվում ենք մեր հավատակիցների ամուր հավատով, ինչպիսին եղբայր Սկրիննիկովինն է։ Երբ մտածում ենք այն դաժան հալածանքների մասին, որոնց նրանք բախվում են, աղոթքներում կրկնում ենք Պողոս առաքյալի խոսքերը. «Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ ոգու զորությամբ առատանաք հույսով» (Հռոմեացիներ 15:13)։