Անցնել բովանդակությանը

Ռուստամ Սեյդկուլիև

ՄԱՅԻՍԻ 20, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուստամ Սեյդկուլիևը դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման

Երրորդ անգամ ազատազրկվել է իր հավատի համար

Ռուստամ Սեյդկուլիևը դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման

Թարմացված տեղեկություն| Ռուստամ Սեյդկուլիևի բողոքը մերժվել է

2021 թ. օգոստոսի 5-ին Սարատովի մարզային դատարանը թեև մերժեց եղբայր Սեյդկուլիևի բողոքը, սակայն 2 ամսով կրճատեց նրա 30 ամսվա պատժաժամկետը։ Ռուստամը 2021 թ. մայիսի 20-ին մեղավոր ճանաչվելուց հետո նախնական կալանքի տակ է եղել, բայց շուտով կտեղափոխվի գաղութ։

2021 թ. մայիսի 20-ին Սարատովի Լենինսկի շրջանի դատարանը Ռուստամ Սեյդկուլիևին մեղավոր ճանաչեց և դատապարտեց երկուսուկես տարվա ազատազրկման։ Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո նրան տարան կալանավայր:

Տվյալներ

Ռուստամ Սեյդկուլիև

  • Ծնվել է 1977 թ. (Աշխաբադ, Թուրքմենստան)

  • Կենսագրություն։ Նրան մայրը մենակ է մեծացրել։ Եհովայի վկաների հետ սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել 1993 թ.-ին։ Երկու տարի հետո նրան է միացել մայրը։ Նախքան մկրտությունը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար երկու անգամ դատապարտվել է։

    Աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը և այդ գրքի գործնական խորհուրդները նրան մղեցին, որ 1998 թ.-ին նվիրվի և մկրտվի։ Ռուստամի ընտանիքը Ռուսաստան տեղափոխվեց 2000 թ.-ին, երբ նրա խորթ հայրը արտաքսվեց կրոնի պատճառով։

    Աշխատել է որպես հեռախոս վերանորոգող և շինարար։ Իր կնոջը՝ Յուլյային, հանդիպել է 2001 թ.-ին։ Նրանք սիրում են բոուլինգ և սեղանի թենիս խաղալ ու պիկնիկի գնալ։ 2019 թ. սեպտեմբերից նրանք խնամում են Ռուստամի ծնողներին։

Դատական գործի պատմություն

2019 թ. մարտին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցը այցելեց Ռուստամ Սեյդկուլիևի և նրա կնոջ՝ Յուլյայի տուն։ Նա իր մեքենայով փակեց տուն տանող ճանապարհը, այնուհետև առանձին հարցաքննեց ամուսիններին և ծանուցում հանձնեց, որ լրացուցիչ հարցաքննության համար ներկայանան ԱԴԾ։

2020 թ. փետրվարի 15-ին իրավապահ մարմինները առևտրի կենտրոնում ձերբակալեցին Ռուստամին և Յուլյային։ Ռուստամին վերցրին նախնական կալանքի, ինչից հետո դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանք նշանակել։ Սկզբում նա երկու ամիս մնաց մի վերականգնողական կենտրոնում և այդ շրջանում չէր կարող տեսնել իր կնոջը։ Այնուհետև իր տուն տեղափոխվելուց հետո նրան արգելված էր օգտվել ինտերնետից կամ հաղորդակցության որևէ այլ միջոցով շփվել ուրիշների հետ։ Նրա պատժաժամկետը 7 անգամ երկարաձգվեց, և Ռուստամն ավելի քան 217 օր մնաց տնային կալանքի տակ։

Տնային կալանքի տակ գտնվելու ամիսներին Ռուստամը բազում դժվարություններ է կրել։ Եղել են ժամանակահատվածներ, երբ նրան թույլ են տվել զբոսնել միայն առավոտյան 9-ից մինչև 11-ը։ Եղել են դեպքեր, երբ նրան նույնիսկ թույլ չեն տվել դուրս գալ, որ բակը մաքրի կամ վնասված տանիքը վերանորոգի։ Նա հիշում է, թե ինչպես է կարողացել դրական տրամադրվածություն պահպանել. «Տնային կալանքի տակ ես ավելի շատ ժամանակ եմ ունեցել, որ աղոթեմ և խորհեմ հոգևոր բաների շուրջ։ Զբաղված մնալը և օրս պլանավորելը օգնել են, որ չընկճվեմ ու թևաթափ չլինեմ։ Գիտեի, որ հավատակիցներիցս ոմանք կալանավայրում են, և նրանց վիճակը շատ ավելի վատ է»։

Ռուստամին զորացրել են նաև նախկինում կրած իր փորձությունները։ Հիշելով բանտարկության տարիները Թուրքմենստանում՝ նա ասում է. «Անցյալում Եհովան բազմիցս ցույց է տվել իր աջակցությունը, հատկապես երբ երիտասարդ տարիքում անազատության մեջ էի գաղութում։ Այդ ժամանակվանից սովորել եմ լիովին ապավինել Եհովային և հանդարտ մնալ»։

Ռուստամը շարունակում է ծառայության մեջ անել այն, ինչ կարող է։ Նա ասում է. «Մենք չպետք է բաց թողնենք մեր հանդիպումները կամ անտեսենք մեր հոգևոր գրաֆիկը։ Մենք չպետք է նաև թույլ տանք, որ ինչ-որ բան շեղի մեզ վկայություն տալուց և մեր հավատակիցներին զորացնելուց։ Վճռել եմ շարունակել Եհովային լիարժեքորեն ծառայել, որտեղ էլ որ նա հարմար կգտնի. չէ՞ որ քիչ ժամանակ է մնացել»։

Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի Ռուսաստանի մեր հավատակիցներին ապահովել «ամեն բարի բանով, որպեսզի կատարեն նրա կամքը» (Եբրայեցիներ 13։21