Անցնել բովանդակությանը

Կրոնագետ և Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդական դ-ր Սերգեյ Իգորևիչ Իվանենկոն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուս հայտնի կրոնագետը Սարատովի դատարաններից մեկում ցուցմունք է տալիս՝ ի պաշտպանություն Եհովայի վկաների

Ռուս հայտնի կրոնագետը Սարատովի դատարաններից մեկում ցուցմունք է տալիս՝ ի պաշտպանություն Եհովայի վկաների

2019 թ. սեպտեմբերի 4-ին Սարատովում վեց Եհովայի վկաների գործով դատաքննության ժամանակ ցուցմունք տվեց ռուս հայտնի կրոնագետ, Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սերգեյ Իգորևիչ Իվանենկոն։ Դոկտոր Իվանենկոն Ռուսաստանի Եհովայի վկաների վերաբերյալ երկու գիտական աշխատությունների հեղինակ է։ Ներքոնշյալ հատվածները վերցված են նրա ցուցմունքից։

Եհովայի վկաների կրոնական կյանքի ու կրոնական արարողությունների մասին։ «Եհովայի վկաներին առանձնահատուկ է դարձնում այն, որ նրանք ոչ թե հիմնվում են խիստ կանոնների, որևէ հեղինակավոր մարդու ասածների վրա, այլ ձգտում են իրենց հավատակիցներին օգնել Աստվածաշնչով մարզելու իրենց խիղճը, որպեսզի անհատը կարողանա ինքնուրույն և ինքնակամ որոշումներ կայացնել՝ հետևելով Աստվածաշնչին։

Եհովայի վկաները ձգտում են հետևել այն ամենին, ինչ գրված է Աստվածաշնչում, ինչը համապատասխանում է այն սկզբունքներին, որոնք դեռևս մ.թ. առաջին դարում հաստատեցին Հիսուս Քրիստոսն ու իր աշակերտները։

Ինչ վերաբերում է միասին իրենց հավատը դավանելուն, նրանք ուսումնասիրում են Աստվածաշունչը, աստվածաշնչյան թեմաների վերաբերյալ հարցերի են պատասխանում, երգում են երգեր, որոնք աստվածաշնչյան հիմք ունեն, այսինքն՝ Եհովայի վկաները ամեն կերպ ձգտում են իրենց արածները հիմնել Աստվածաշնչի վրա։

Նրանք նաև հավատում են, որ ժողովը պետք է քրիստոնյայի կրոնական կյանքի անբաժանելի մասը լինի։ Այս հարցում նույնպես Եհովայի վկաները վերլուծում են, թե ինչ է Նոր Կտակարանը ասում Հիսուս Քրիստոսի, նրա աշակերտների, նրա հետևորդների և քրիստոնեական եկեղեցու վաղ շրջանի մասին.... Եհովայի վկաները հավատում են, որ իրենք պետք է միասին երկրպագեն Աստծուն՝ որպես ժողով։

Նրանք ընդգծում են, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները ճանաչվում են իրար հանդեպ ունեցած սիրով»։

Եհովայի վկաների քարոզչական գործունեության մասին։ «Եհովայի վկաները աչքի են ընկնում նաև իրենց ակտիվ քարոզչությամբ։ Ես կասեի, որ ակտիվ ու նախանձախնդիր քարոզչությամբ Եհովայի վկաները առաջին տեղում են։ Յուրաքանչյուր հավատացյալ պետք է անպայման քարոզիչ լինի և որոշակի ժամանակ տրամադրի քարոզչությանը։

Նրանք սովորաբար ասում են. «Տեսեք՝ ինչ է ասում Աստվածաշունչը»։ Անհատը կարող է վերցնել Աստվածաշունչը և ստուգել ասվածը։ Եթե նա համաձայն է այն ամենին, ինչ Վկաները ասում են Աստվածաշնչի մասին, գուցե դառնա Եհովայի վկա։ Իսկ եթե համաձայն չէ, չի դառնա Վկա։ Ստիպողաբար ոչինչ չի արվում»։

Եհովայի վկաներին ծայրահեղականության մեջ մեղադրելու մասին։ «Սկզբում Եհովայի վկաների հրատարակություններից մի քանիսը հայտարարվել էին ծայրահեղական, քանի որ որոշ փորձագետներ պնդում էին, թե այդ հրատարակություններում ասվում է, որ միայն Եհովայի վկաների կրոնն է ճիշտ, իսկ մնացած բոլոր կրոնները կեղծ են։ Մյուս կրոնական ուղղություններն էլ են նման բան պնդում, սակայն միայն Եհովայի վկաներն են մեղադրվում ծայրահեղականության մեջ։ Այն պնդումը, որ միայն նրանց կրոնն է ճշմարիտ, և մնացած կրոնները կեղծ են, մեկնաբանվել է որպես կրոնական գերազանցության քարոզչություն։

Որպես կրոնագետ՝ ես կարծում եմ, որ [դատարանի որոշումը] թերի է պատճառաբանված նրանով, որ յուրաքանչյուր անհատ ցանկության դեպքում կարող է ցանկացած կրոնական ուղղության մեջ գտնել պնդում, որ իր կրոնն է միակ ճշմարիտը, իսկ մնացած բոլորը կեղծ են և մոլորության մեջ են։

Բոլոր հավատացյալ մարդիկ այն համոզմունքն ունեն, որ իրենց կրոնը բացարձակապես ճիշտ է, իսկ մնացած կրոնները կա՛մ միանգամայն սխալ են, կա՛մ մեծ մասամբ սխալ են։ Նրանք պետք է ունենան այդ համոզմունքը, այլապես կեղծավորներ կլինեն։

Քանի դեռ աշխարհիկ օրենքները չեն հակասում Աստծու օրենքներին, Եհովայի վկաները ջանասիրաբար և հետևողականորեն ձգտում են հնազանդվել պետական օրենքներին։ Դա է պատճառը, որ այդքան շատ դեպքեր են գրանցվել, երբ Եհովայի վկաները վերադարձրել են կորած դրամապանակներ կամ վճարել են տուգանքներ և հարկեր, որոնցից կարող էին խուսափել։ Սա նրանց գիտակցված որոշումն է, և ես նրանց չէի վերագրի ծայրահեղական հակումներ»։

Աստվածաշնչի վերաբերյալ Եհովայի վկաների տեսակետի մասին։ «Եհովայի վկաների առանձնահատկությունն այն է, որ նրանք ուսումնասիրության և քարոզչության համար օգտվում են Աստվածաշնչի տարբեր թարգմանություններից։ Նրանք մեծապես շահագրգռված են, որ Աստվածաշունչը մատչելի դարձնեն տարբեր լեզուներով։ Այդ իմաստով նրանք առանձնանում են նրանով, որ մեծ շեշտ են դնում Աստվածաշնչի վրա։ Աստվածաշնչի նրանց թարգմանությունը այստեղ ծայրահեղական ճանաչվեց... Հնարավոր է՝ նրանք, ովքեր կայացրին այդ որոշումը, մտածում էին, որ Եհովայի վկաները բացարձակապես կառչած են այդ թարգմանությանը, և եթե այլևս չկարողանան օգտվել դրանից, կհանձնվեն։ Դա սխալ ենթադրություն էր։ Եհովայի վկաների համար Աստվածաշնչի յուրաքանչյուր թարգմանություն արժեքավոր է»։

Եհովայի վկաների իրավաբանական անձանց մասին։ «Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի որոշումը ցույց է տալիս, որ.... Եհովայի վկաների ժողովների մեծ մասը գրանցված չէր որպես իրավաբանական անձ.... Հետևաբար ճիշտ չի լինի ասել, որ ցանկացած Եհովայի վկա որևէ տարածքում մեխանիկորեն համարվում է իրավաբանական անձի անդամ։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց.... ես ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել եմ նրանց կանոնադրությունը։ Այնտեղ չի հիշատակվում վերակացուների, երեցների, ռահվիրաների մասին։ Այնտեղ նման եզրույթներ չկան։ Սովորաբար կանոնադրությունները վերաբերում են հիմնադիրներին, որոնք սահմանափակ թվով մարդիկ են՝ մոտ տասը հոգի։ Ինչ վերաբերում է զուտ կանոնական գործունեությանը, ապա հիմնադիրները ներկայացնում են Եհովայի վկաների գործունեության իրավաբանական կողմը և ոչ թե կանոնական.... Նրանց գործունեությունը տարբեր երկրներում և տարածաշրջաններում նույնն է։

Եհովայի վկաները հաշվի առան [իրավաբանական անձանց լուծարման մասին Գերագույն դատարանի որոշումը]՝ փորձելով բացահայտորեն չոտնահարել այն։ Սակայն միևնույն ժամանակ նրանք շարունակում են իրենց գործունեությունը որպես կրոնական ուղղություն, որը արգելված չէ իշխանությունների կողմից։ Նրանք շարունակում են իրենց գործունեությունը որպես առանձին անհատներ, որոնք դավանում են իրենց կրոնը։ Այսինքն՝ իրենց և կրոնագիտության տեսանկյունից՝ այդ գործունեությունը չի ոտնահարում Գերագույն դատարանի որոշումը»։

Արյան փոխներարկման վերաբերյալ Եհովայի վկաների տեսակետի մասին։ «Աստվածաշունչն ասում է, որ կյանքը արյան մեջ է, ուստի արյունը երբեք չի կարելի օգտագործել։ Խոսքը այն որպես սնունդ օգտագործելու արգելքի մասին է, սակայն նրանք ավելի լայն իմաստով են դա մեկնաբանում։ Նրանք կարծում են, որ արյունը չի կարելի օգտագործել ոչ մի ձևով՝ ո՛չ կերակրի մեջ (նրանք չեն ուտում արյունից պատրաստված երշիկ), ո՛չ փոխներարկման միջոցով։ Սակայն նրանք ընդունում են արյան մանր բաղադրամասերի գործածությունը։ Դա յուրաքանչյուր հավատացյալի որոշումն է... Արյան փոխներարկումից հրաժարվելով՝ նրանք ոչ թե ուզում են մահանալ, այլ ուզում են ավելի որակյալ բուժմեթոդներ ընտրել, որպեսզի առաջնակարգ բուժօգնություն ստանան։ Նրանց, ինչպես նաև տարբեր բժիշկների կարծիքով՝ արյան փոխներարկումը լի է վտանգներով, քանի որ անհատը կարող է վարակվել ՁԻԱՀ-ով կամ մեկ այլ հիվանդությամբ։ Անարյուն վիրաբուժությունը ավելի շատ երաշխիքներ է տալիս և հաճախ, ինչպես ինքս եմ համոզվել՝ տեսնելով վիճակագրությունը, նյութապես ապահով մարդիկ խուսափում են արյան փոխներարկումից, քանի որ դա ավելի ապահով է վարակների և բարդությունների առումով»։

Նվիրաբերությունների մասին։ «Անհատը կարող է որոշել ընդհանրապես ոչ մի նվիրաբերություն չանել։ Կոպիտ ասած՝ մարդը կարող է ամբողջ կյանքում հաճախել Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին և մի ռուբլի կամ մի դոլար անգամ չնվիրաբերել։ Սակայն կարող է և նվիրաբերել։ Դա իր որոշումն է»։

Թեև դ-ր Իվանենկոն՝ որպես կրոնագետ, ցուցմունք տվեց այն մասին, որ Եհովայի վկաները ազնիվ և օրինապահ քրիստոնյաներ են, դատարանը անտեսեց նրա փաստարկները և բոլոր վեց եղբայրներին դատապարտեց ազատազրկման տարբեր ժամկետներով։

Մինչ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են անհիմն մեղադրանքներով և անարդարացիորեն ազատազրկել մեր եղբայրներին, մենք աղոթում ենք Եհովային, որ նա աջակցի իր քաջ ծառաներին, օգնի նրանց չկորցնելու ուրախությունը և հավաստիացնի իր սիրո մեջ (Սաղմոս 109։2–4, 28