Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Սերգեյ Բրիտվինի և Վադիմ Լևչուկի բողոքը մերժվել է

Սերգեյ Բրիտվինի և Վադիմ Լևչուկի բողոքը մերժվել է

2021 թ. հունվարի 19-ին Կեմերովոյի մարզային դատարանը մերժել է Սերգեյ Բրիտվինի և Վադիմ Լևչուկի բողոքը, ինչը նշանակում է, որ նրանց նկատմամբ նշանակված պատիժը՝ չորս տարվա ազատազրկումը, կմտնի ուժի մեջ։ Բայց քանի որ նրանք արդեն որոշ ժամանակ գտնվել են նախնական, ինչպես նաև տնային կալանքի տակ, երեք տարի պակաս կանցկացնեն կալանավայրում, այսինքն, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն մոտ մեկ տարուց։ Այդուհանդերձ, երկուսն էլ մնում են հաստատակամ և փորձում են լավագույնս օգտագործել իրենց հանգամանքները։

Առաջին դատավարության ժամանակ երկուսն էլ խիզախորեն վկայություն էին տվել իրենց հավատի մասին և պատմել էին, թե Աստծուն ծառայելն ինչպես է իրենց օգնել։

Սերգեյն իր եզրափակիչ խոսքում ասաց. «Ո՞րն է այս հալածանքի նպատակը. որ ուրանա՞մ հավատս։ Վստահաբար կարող եմ ասել, որ Եհովայի հանդեպ հավատն է օգնել ինձ դառնալու ավելի լավ մարդ և Ռուսաստանի պատվարժան քաղաքացի։ Ես երախտապարտ եմ Եհովային, որ օգնեց ինձ պահպանել ամուսնությունս և բարելավել կյանքս։ Եհովայի շնորհիվ հասկացել եմ կյանքի իմաստը և ունեմ ապագայի հրաշալի հույս։ Ամենաթանկ բանը, որ ունեմ, Եհովայի հետ իմ մտերիմ փոխհարաբերությունն է։ Ինչում էլ ինձ անհիմն կերպով մեղադրեն, իմ աչքում այն չի կորցնի իր գինը»։

Իսկ Վադիմն ասաց. «Ճիշտն ասած, այս ամբողջ ընթացքում ես առանձնահատուկ հանգստություն եմ զգացել, քանի որ Եհովան իմ կողքին է, ես էլ հավատարիմ եմ նրան։ Ինչ որոշում էլ կայացնի դատարանը, ինձ համար ամենակարևորը Եհովայի կարծիքն է։ Ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ կշարունակեմ զարգացնել Աստծուն հաճելի հատկություններ, ինչպիսիք են, օրինակ, սերը, ուրախությունը, խաղաղությունը, բարությունը, հավատը, մեղմությունը և ինքնատիրապետումը»։