ՓԵՏՐՎԱՐԻ 26, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Սերգեյ Վերխոտուրովը աննկուն է՝ չնայած 7 տարվա ազատազրկման սպառնալիքին
Դատավճռի հրապարակում
2021 թ. մարտի 1-ին a Նիժնի Նովգորոդի Պրիոկսկի շրջանի դատարանը պետք է հրապարակի եղբայր Սերգեյ Վերխոտուրովի գործով դատավճիռը։ Նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում։
Տվյալներ
Սերգեյ Վերխոտուրով
Ծնվել է 1974 թ. (Բայկալսկ, Իրկուտսկի մարզ)
Կենսագրություն։ 10 տարի աշխատել է որպես էլեկտրիկ։ Վերջերս սկսել է աշխատել մի արդյունաբերական ընկերությունում որպես իրավախորհրդատու։
Փոքր տարիքից հետաքրքրված է եղել Աստվածաշնչով։ Հետագայում, տպավորված Աստվածաշունչ ուսումնասիրող իր աշխատակցի լավ վարքով, ինքն էլ է սկսել ուսումնասիրել։ Աստվածաշնչի տրամաբանական լինելը և պարզությունը նրան այնքան են հիացրել, որ 1995 թ.-ին մկրտվել է։ 2001 թ.-ին ամուսնացել է Վիկտորյայի b հետ։
Դատական գործի պատմություն
2019 թ. հուլիսի 16-ին և 17-ին իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին Նիժնի Նովգորոդ մարզում բնակվող 35 Վկաների, այդ թվում՝ Վերխոտուրովների տանը։ Սերգեյը հիշում է, որ խուզարկության ժամանակ հանդարտ է եղել և շատ քիչ է անհանգստացել։ Նրանից պահանջել են գաղտնի տեղեկություններ հայտնել և սպառնացել են չհայտնելու դեպքում Վիկտորյային կալանավորել։ Սերգեյն ասում է, որ այդ փորձությունը իր համար ամենադժվարն է եղել, սակայն Եհովայի օգնությամբ նա կարողացել է հաստատուն մնալ, իսկ Վիկտորյային չեն կալանավորել։
Սերգեյն ասում է. «Սովորեցի չվախենալ այն բաներից, որոնք դեռ տեղի չեն ունեցել, քանի որ իրականում ամեն ինչ կարող է այլ կերպ ընթանալ։ Երբ փորձության մեջ ես, ուրիշներին կարող է թվալ, թե հաղթահարելն անհնար է, սակայն այդ ժամանակ առանձնահատուկ ես զգում Եհովայի օգնությունը»։
Իր ուրախությունը չկորցնելու համար Սերգեյը կենտրոնանում է Եհովային ծառայելու և ուրիշների համար բարի գործեր անելու վրա։ Նա ասում է. «Իմ միակ ցանկությունն այն է, որ Եհովան փառավորի իր անունը։ Աղոթել եմ այդ մասին ու կշարունակեմ դա անել։ Նաև աղոթում եմ, որ նրա անվանը արժանի կերպով հաղթահարեմ այս փորձությունը և լավ վկայություն տամ։ Այն մարդիկ, ում հետ առնչվել եմ այս դատավարության ընթացքում, կա՛մ ոչինչ չգիտեն Աստծու մասին, կա՛մ շատ քիչ բան գիտեն։ Ամբողջ սրտով աղաչում եմ Եհովային, որ նրանց օգնի ճանաչել իրեն»։
Քանի որ Ռուսաստանի մեր հավատակիցները շարունակում են հալածանքներ կրել, նրանց ենք հղում Պողոսի խոսքերը. «Թող խաղաղության Տերը ձեզ միշտ խաղաղություն տա բոլոր առումներով։ Թող Տերը ձեզ բոլորիդ հետ լինի» (2 Թեսաղոնիկեցիներ 3։16)։