ՀՈՒՆՎԱՐԻ 25, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում Յուրի Զալիպաևին անմեղ ճանաչելու վճիռը
2021 թ. հունվարի 25-ին Կաբարդինա-Բալկարական Հանրապետության Գերագույն դատարանը մերժեց դատախազության՝ 2020 թ. հոկտեմբերի 7-ի՝ Յուրի Զալիպաևին անմեղ ճանաչելու որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ բողոքը։ Դատախազությունը կարող է բողոքարկել այս վճիռը ևս։ Այդուհանդերձ, այն արդեն ուժի մեջ է մտել։ Եղբայր Յուրին արդարացվել է բոլոր մեղադրանքներից։ Այժմ նա իրավունք ունի փոխհատուցում պահանջել իր դեմ առաջադրված սխալ մեղադրանքների համար։
Յուրին վստահում էր Եհովային ու չէր վախենում, թեև գիտեր, որ վճիռը կարող է փոխվել։ Նախքան վճռի հրապարակումը եղբայր Զալիպաևը քաջաբար ասաց դատավորին, որ Աստված շուտով վերջ է դնելու չարությանը, այդ թվում՝ Ռուսաստանում Եհովայի վկաների հալածանքին։ Նա ասաց. «Անկախ նրանից, թե այս հարձակումները որքան լավ են մտածված, կա մի բան, որ մեր հակառակորդները պետք է հասկանան։ Նրանք չեն կարող թուլացնել իմ հավատը Աստծու այն խոստման նկատմամբ, որ չարությանը վերջ է դրվելու։ Ես հավատում եմ նաև այն խոստմանը, որ շուտով բոլոր ազգերի մարդիկ կհասկանան, որ քույրեր ու եղբայրներ են, և որ չկա նրանց բաժանող ոչ մի բան։ Աստվածաշնչում ասվում է. «Նա դատավոր կլինի ազգերի մեջ և ամեն ինչ կշտկի հօգուտ շատ ժողովուրդների։ Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2։4)։
Ես վստահ եմ, որ այդ խոստումները շատ շուտով կիրականանան»։