Անցնել բովանդակությանը

Անդրեյը և նրա կին Սվետլանան դատարանի շենքի մոտ՝ տնային կալանքից ազատ արձակելու մասին որոշումը կայացվելուց հետո

ՕԳՈՍՏՈՍԻ 22, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ եղբայր Անդրեյ Սուվորկովը այլևս տնային կալանքի տակ չէ

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ եղբայր Անդրեյ Սուվորկովը այլևս տնային կալանքի տակ չէ

2019 թ. օգոստոսի 13-ին Կիրով քաղաքի վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց 26-ամյա եղբայր Անդրեյ Սուվորկովին տնային կալանքից ազատ արձակելու մասին։ Թեև եղբայր Սուվորկովը այժմ ավելի մեծ ազատություն ունի, սակայն քրեական գործը դեռ գտնվում է քննության փուլում։

Ինչպես հայտնել էինք նախկինում, եղբայր Սուվորկովը ձերբակալվել էր իր խորթ հոր և երեք այլ եղբայրների հետ, երբ 2018 թ. հոկտեմբերի 9-ին Կիրովում տեղի ոստիկանության և հատուկ ուժերի դիմակավորված աշխատակիցները ներխուժել էին հավատացյալների 19 տներ։

Հիշելով իր տան խուզարկությունը՝ եղբայր Սուվորկովը ասում է. «Այդ օրը մեր թանկարժեք իրերից շատերը բռնագրավեցին։ Բայց ինձ ու կնոջս չմտահոգեց դա, քանի որ մենք միշտ ձգտում ենք պարզ կյանքով ապրել և կառչած չենք նյութական բաներից։ Մատթեոս 6։21-ում արձանագրված խորհուրդը՝ «որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի», օգնեց մեզ հանդարտություն պահպանելու»։

Տների խուզարկությունից հետո քրեական գործեր հարուցվեցին եղբայր Սուվորկովի, նրա խորթ հոր և երեք այլ եղբայրների նկատմամբ Թագավորության երգերը երգելու, կրոնական գրականություն ուսումնասիրելու և ռուսերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» ունենալու համար։ Բոլորին ժամանակավորապես պահում էին մի շինության մեջ, մինչև դատարանը որոշում կկայացներ նրանց ազատ արձակելու կամ նախնական կալանքի վերցնելու մասին։

Եղբայր Սուվորկովը պատմում է իր հետ պատահածի մասին. «Երկու գիշեր անցկացրի այդ շինության մեջ։ Սկզբում անդադար աղոթում էի։ Համոզված էի, որ Եհովան լսում է ինձ և կաջակցի։ Մտաբերում էի Թագավորության երգերի մեղեդիները և երգում դրանք։ Որոշ ժամանակ անց հիշեցի ավելի քան 50 երգերի մեղեդիներն ու բառերը»։

Դատարանը որոշում կայացրեց եղբայր Սուվորկովին և մյուս եղբայրներին նախնական կալանքի վերցնելու մասին։ Կալանքի տակ գտնվելու առաջին շաբաթվա ընթացքում եղբայր Սուվորկովը կենտրոնացած էր ուրիշներին օգնելու վրա։ Նա հիշում է. «Ես վճռեցի իմ աղոթքներում անուն առ անուն հիշատակել եղբայրներին և քաջալերական նամակներ գրել նրանց, ում հասցեները հիշում էի։ Դա ինձ ուրախություն էր պատճառում» (Գործեր 20։35

Ամիսներ անց բոլոր եղբայրների խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով՝ բացառությամբ եղբայր Անջեյ Օնիշչուկի։ Կիրովում եղբայր Սուվորկովը առաջինն է այն եղբայրներից, որոնց ազատ արձակեցին տնային կալանքից։

Եղբայր Սուվորկովը նշում է. «Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ ուրախ եմ այդպիսի փորձառություն ունենալու համար.... Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, կամ արդյոք կրկին կազատազրկվեմ, թե ոչ։ Ես հիմա լիովին վստահ եմ, որ կունենամ Եհովայի և նրա կազմակերպության աջակցությունը, նույնիսկ եթե կալանավայրում լինեմ։ Իմ սրտում տեղ չունի ազատազրկման հանդեպ վախը»։