ՄԱՐՏԻ 17, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Տատյանա Զագուլինան հնարավոր է՝ մեղավոր ճանաչվի Բիրոբիջանում
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ռուսաստանում դատարանը մերժեց բողոքը
2021 թ. սեպտեմբերի 16-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մերժեց քույր Զագուլինայի բողոքը։ Նրա պատիժը կմնա ուժի մեջ։ Այս պահին նա չի կալանավորվի։
2021 թ. մարտի 31-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Տատյանա Զագուլինային։ Նա դատապարտվեց երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման։
Տվյալներ
Տատյանա Զագուլինա
Ծնվել է 1984 թ. (Սելեկցիոննայա, Անդրբայկալ երկրամաս)
Կենսագրություն։ Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է։ Աշխատել է որպես մատնահարդար և դերձակ. հիմնականում զբաղվել է հարսանեկան զգեստների ձևափոխմամբ։ Շատ է սիրում վոլեյբոլ ու սեղանի թենիս խաղալ, պարել և գործել։
Միշտ հիացել է բնության գեղեցկությամբ և հավատացել է Ստեղծչի գոյությանը։ Դա նրան մղել է, որ սկսի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ 2010 թ.-ին մկրտվել է, 2012 թ.-ին՝ ամուսնացել Դմիտրիի հետ։
Դատական գործի պատմություն
2018 թ. մայիսի 17-ին իրավապահ մարմինների 150 աշխատակիցներ խուզարկեցին Եհովայի վկաների 22 տներ։ Օպերացիայի անվանումն էր «Դատաստանի օր»։ Դրանից հետո այդ մարզում մեր 22 հավատակիցների նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց։ 2020 թ. փետրվարի 6-ին վեց քույրերի, այդ թվում՝ Տատյանայի դեմ քրեական գործ հարուցվեց այսպես կոչված «ծայրահեղական» գործունեության մեջ մասնակցելու համար։
Տատյանայի դատավարությունը սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 17-ին։ Դատավճիռը դեռևս չի կայացվել, սակայն նրան արգելվում է քաղաքից բացակայել, իսկ նրա բանկային հաշիվները.սառեցվել են։
Տատյանան ասում է, որ աղոթքը և հոգևոր լավ գրաֆիկը իրեն օգնում են ամուր մնալ և շարունակել քարոզել ու պաշտպանել իր հավատը։ Նա հավելում է. «Երբ մեր տուն եկան և սկսեցին դուռն ուժեղ թակել, ես իհարկե վախեցա, բայց անմիջապես աղոթեցի ու հանգստացա»։
Իր տան խուզարկության ընթացքում նա ԱԴԾ աշխատակիցներից մեկին ասաց, որ նրանց գալուց հետո իր հավատն ավելի է ամրացել։ Երբ նրան հարցրել են, թե ինչու, Տատյանան պատասխանել է, որ իր վրա կատարվում են Հովհաննես 15։20-ի խոսքերը. «Ծառան մեծ չէ իր տիրոջից։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն»։ Այնուհետև ԱԴԾ մեկ այլ աշխատակից ասել է. «Ձեր խոսքերից հետո այնպիսի զգացողություն ունեմ, կարծես Հիսուսին խաչած մարդկանցից մեկը լինեմ»։ Այդ պահին Տատյանայի հավատը ավելի զորացավ, և նա ուրախություն ու խաղաղություն զգաց իր սրտում։ Նա զգաց, որ Եհովան իր կողքին է։ Դատական նիստերի սկզբում Տատյանան շատ էր կաշկանդվում դատարանի մթնոլորտից, սակայն ասում է, որ Եհովայից աղոթքով քաջություն է խնդրել ու սկսել է վստահությամբ խոսել։
Մենք երախտապարտ ենք Եհովային, որ նա օրհնում է Ռուսաստանի մեր եղբայրների ու քույրերի «հավատի գործը, սիրառատ աշխատանքը և.... տոկունությունը» (1 Թեսաղոնիկեցիներ 1։2, 3)։