Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Նոր աշխարհ թարգմանությունը» շարունակում է արգելքի տակ մնալ Ռուսաստանում

«Նոր աշխարհ թարգմանությունը» շարունակում է արգելքի տակ մնալ Ռուսաստանում

Այսօր Լենինգրադի շրջանային դատարանը մերժեց մեր բողոքը ընդդեմ Վիբորգի քաղաքային դատարանի՝ օգոստոսին կայացված վճռի, որով արգելք է դրվում ռուսերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» (այսուհետ՝ ՆԱ) վրա՝ այն ճանաչելով ծայրահեղական հրատարակություն։ Դատական նիստին ներկա էր մոտ 30 հոգի, որոնց թվում էին Բրիտանիայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի և Միացյալ Նահանգների դեսպանատների ներկայացուցիչներ։

Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը մի քանի անգամ հստակ ապացույցներ ներկայացրեց դատարանի կողմից նշանակված փորձագիտական քննության կողմնակալ և ոչ պրոֆեսիոնալ բնույթի մասին։ Եզրակացության մեջ նշվում էր, որ ՆԱ-ն Աստվածաշունչ չէ, ինչն էլ ճանապարհ հարթեց այն «ծայրահեղական» ճանաչելու համար։

Այսպես կոչված փորձագետները պնդում էին, որ ՆԱ-ն Աստվածաշունչ չէ, քանի որ այնտեղ հստակ նշում չկա այդ մասին։ Սակայն պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց 2007թ. ռուսերեն ՆԱ-ի հինգերորդ էջի վրա, որտեղ հստակ ասվում է. «Սա Աստվածաշնչի ռուսերեն նոր թարգմանություն է»։ Պաշտպանական կողմը քննադատության ենթարկեց այսպես կոչված փորձագետներին, ովքեր 287 օր աշխատել են իրենց եզրակացության վրա և բաց են թողել ՆԱ-ի նախաբանի երրորդ պարբերության մեջ նշված այս պարզ փաստը։

Հարցաքննության ժամանակ դատարանի կողմից նշանակված փորձագետներից մեկը պնդեց նախկինում արված հայտարարությունը՝ նշելով, որ ՆԱ-ն չի կարող Աստվածաշունչ համարվել, քանի դեռ այն չի «օրհնվել պատրիարքի կողմից» կամ բառ առ բառ չի համընկնում «օրհնված» թարգմանության հետ։ «Փորձագետները» նաև առարկեցին Աստծու անվան՝ Եհովա, գործածությանը, նաև նշեցին, որ ՆԱ-ն թիկունք չի կանգնում եկեղեցական որևէ դավանանքի։ Դատարանը մերժեց ՆԱ-ի նոր անկողմնակալ փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները։

Այսօր, երբ մերժվեց բողոքը, Ռուսաստանի իրավական համակարգում մեր եղբայրները այլևս չունեն իրավական պաշտպանության արդյունավետ միջոց և գործը կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ողջ աշխարհում Եհովայի վկաները վստահ են, որ ոչ մի մարդկային կառույց չի կարող հաջողության հասնել Աստծու Խոսքը վերացնելու հարցում, և որ դրա տարածմանը խոչընդոտելուն ուղղված ներկայիս փորձերը ի վերջո կձախողվեն (Եսայիա 40:8

Մեդիա կոնտակտ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000