ՄԱՐՏԻ 16, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը նպատակ ունի արգելել Եհովայի վկաների գործունեությունը
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը (Նախարարություն) հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ նպատակ ունենալով ««Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոն» կրոնական կազմակերպությունը ծայրահեղական ճանաչել, արգելել վերջինիս գործունեությունը և լուծարել այն»։ 2017թ. մարտի 15-ին Գերագույն դատարանը իր պաշտոնական վեբ կայքում հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ Նախարարությունը նման հայց է ներկայացրել։ Ավելի ուշ վարչական կենտրոնը ծանուցագիր է ստացել այն մասին, որ Գերագույն դատարանը կքննի լուծարման մասին հայցը 2017թ. ապրիլի 5-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին։
Եթե Գերագույն դատարանը բավարարի արդարադատության նախարարության հայցը, Ռուսաստանում բնակվող Եհովայի վկաների համար դա սարսափելի հետևանքներ կունենա։ Վկաները կարող են կորցնել կրոնական արարողությունների համար նախատեսված շինությունները, գրեթե 400 իրավաբանական անձինք կարող են լուծարվել, և ավելի քան 170000 Վկաներից յուրաքանչյուրը կարող է քրեական հետապնդման ենթարկվել պարզապես պաշտամունքի համար հավաքվելու, միասին Աստվածաշունչ ընթերցելու և իր հավատի մասին ուրիշների հետ խոսելու համար։
Վասիլի Կալինը՝ Եհովայի վկաների՝ Ռուսաստանի վարչական կենտրոնի ներկայացուցիչը, ասում է. «Ռուսաստանում բնակվող յուրաքանչյուր Եհովայի վկայի անկեղծ ցանկությունն է խաղաղ պայմաններում պաշտել Աստծուն։ Ավելի քան 100 տարի է՝ Ռուսաստանի իշխանությունները ոտնահարում են իրենց իսկ օրենսդրությունը, որը երաշխավորում է այս իրավունքը։ Ստալինի ժամանակներում, երբ ես դեռ երեխա էի, իմ ամբողջ ընտանիքը աքսորվեց Սիբիր զուտ այն պատճառով, որ մենք Եհովայի վկա էինք։ Ցավալի և դատապարտելի է այն, որ իմ երեխաներն ու թոռները պետք է բախվեն նման բանի։ Երբեք չեմ մտածել, որ ժամանակակից Ռուսաստանում մենք կրկին կբախվենք կրոնական հետապնդման սպառնալիքին»։