ԱՊՐԻԼԻ 17, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Դատարանը կքննի Ռուսաստանի կառավարության կողմից Վկաների վարչական կենտրոնի բռնագրավման դեմ ներկայացված բողոքը
2018թ. մայիսի 3-ին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը կքննի Եհովայի վկաների բողոքը ընդդեմ Ռուսաստանում իրենց նախկին վարչական կենտրոնը բռնագրավելու մասին որոշման։ Եթե Վկաների բողոքը չբավարարվի, որոշումը կդառնա վերջնական, և պետությունը կարող է անմիջապես բռնագրավել գույքը։
Ավելի վաղ Սեստրորեցկի շրջանային դատարանը անտեսել էր այն փաստը, որ Վկաների վարչական կենտրոնի սեփականատերը հանդիսանում է Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությունը (Փենսիլվանիա) (այսուհետ՝ Ընկերություն), որը Միացյալ Նահանգներում գտնվող ոչ շահութաբեր ընկերություն է։ Այս գույքը սեփականության իրավունքով 17 տարի պատկանել է Ընկերությանը, որը վճարել է դրա հետ կապված բոլոր հարկերը։ Չնայած դրան՝ 2017թ. դեկտեմբերի 7-ին շրջանային դատարանը անվավեր ճանաչեց Ընկերության՝ գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու մասին պայմանագիրը։ Եթե Վկաների բողոքը մերժվի, և սպառվեն Ռուսաստանում իրավական պաշտպանության բոլոր միջոցները, նրանք աղաղակող անարդարության այս դրսևորման դեմ գանգատ կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Դատաքննությունը կկայանա 2018թ. մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 11։30-ին, Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանում, որի հասցեն է՝ Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Բասեյնայա փողոց, 6։