Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի որոշումը վտանգավոր նախադեպ է

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի որոշումը վտանգավոր նախադեպ է

2014թ. նոյեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը անփոփոխ է թողել ստորին ատյանի վճիռը՝ սահմանելով, որ Սամարայում Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպությունը ճանաչվում է ծայրահեղական։ Սամարայի դատախազությունը տեղի կրոնական կազմակերպության դեմ գործ է հարուցել 2014-ին այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել էին կրոնական հավաքույթի համար Եհովայի վկաների կողմից վարձված շինությունը և «հայտնաբերել» մի քանի կրոնական հրատարակություններ, որոնք արգելված են երկրում։ Արգելված հրատարակությունները ավելի վաղ Ռուսաստանի դատարանների կողմից ճանաչվել էին ծայրահեղական և ընդգրկվել էին արդարադատության նախարարության ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում։ * Սակայն Սամարայում Վկաները արդեն գործել էին Ռուսաստանի դատական ատյանների որոշման համաձայն և երկրպագության համար վարձված շինություններից հանել էին այդ հրատարակությունները։

Վկաները դիմեցին ստորին ատյանի դատարան և Գերագույն դատարան այն բանի համար, որ խուզարկության ժամանակ ոստիկանությունն ինքն էր արգելված գրականություն բերել, որի հիման վրա կարող էր մեղադրանք առաջադրել իրենց նկատմամբ։ Վկաները նաև նշեցին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այժմ քննում է Ռուսաստանի դատական ատյանների կողմից ավելի վաղ կայացրած որոշումների օրինականությունը, որոնցով իրենց հրատարակություններից մի քանիսը ընդգրկվել էին արգելված հրատարակությունների ցանկում։ Բացի այդ, Վկաները վիճարկեցին նաև այն, որ նույնիսկ եթե արգելված գրականություն պահելու մասին Սամարայի դատախազության ենթադրությունները ճիշտ են, սահմանված պատիժը անհամաչափ էր նման «զանցանքի» համար։ Արգելված գրականություն պահելը վարչական խախտում է, որի համար սահմանվում է պատիժ տուգանքի տեսքով կամ ժամանակավորապես կասեցվում է ՏԿԿ-ի (տեղի կրոնական կազմակերպություն) գործունեությունը, ոչ թե կիրառվում է լուծարում՝ որպես խիստ պատիժ։ Սակայն Գերագույն դատարանը մերժեց այդ փաստարկները։

Իրավաբանական անձի լուծարում — հաջորդ քայլը քրեական հետապնդո՞ւմ

Սամարայի ՏԿԿ-ի լուծարումը հերթական նույնատիպ քայլն էր, ինչ եղավ Տագանրոգ քաղաքում, երբ Ռոստովի շրջանային դատարանը 2009թ.-ին լուծարեց ՏԿԿ-ն ծայրահեղական լինելու հիմքով։ Այնուհետև Տագանրոգի իրավապահ մարմինները որոշումը կիրառեցին այդ տարածքում Եհովայի վկաների կրոնական գործունեության վրա որպես դե ֆակտո արգելք։ 2013թ.-ին Տագանրոգի 16 Վկաների նկատմամբ մեղադրանք առաջադրվեց կրոնական միջոցառում իրականացնելու համար, մի բան, որ անում են Եհովայի վկաները ամբողջ աշխարհում, և Սամարան բացառություն չէ։ 7 Վկաների նկատմամբ խոշոր չափի տուգանք սահմանեցին, իսկ 4 Վկաների, ովքեր ժողովի երեցներ էին (պատասխանատվություն ունեցող տղամարդիկ), դատապարտեցին երկարաժամկետ ազատազրկման։ Սակայն դատավորը չպահանջեց տուգանքների վճարում, քանի որ գործի քննության և դատաքննության ժամանակաշրջանը գերազանցում էր օրենքով սահմանված ժամկետը, և կասեցրեց վճռի կատարումը ազատազրկման մասով։ Վկաները բողոքարկեցին այս որոշումները, և 2014թ. դեկտեմբերի 12-ին Ռոստովի շրջանային դատարանը գործը ուղարկեց նոր քննության՝ նշանակելով նոր դատավոր։

Այժմ Սամարայում ապրող 1500 Եհովայի վկաներ գտնվում են վտանգի տակ, քանի որ նրանց կարող են քրեորեն հետապնդել զուտ իրենց հավատը դավանելու համար։ Ի՞նչ ավարտ կունենա այս ամենը։ Ռուսաստանի իշխանությունները երկրի տարբեր մասերում Վկաների ՏԿԿ-ի հետ կապված նմանատիպ քննչական գործողություններ են իրականացնում։ Թե ինչպես պետության ճնշող գործողությունները կազդեն Ռուսաստանում ապրող մոտ 180000 Վկաների վրա, ժամանակը ցույց կտա։ Այդուհանդերձ Գերագույն դատարանի որոշումը այնպիսի նախադեպ է սահմանում, որով վտանգի է ենթարկում Ռուսաստանի Եհովայի վկաների և այլ կրոնական փոքրամասնությունների ազատությունը։

^ պարբ. 2 Այսօր Եհովայի վկաների 73 կրոնական հրատարակություններ ընդգրկված են ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում։ Սամարայի ՏԿԿ-ի կողմից վարձված շինությունում «հայտնաբերված» կրոնական գրականության թվում էր «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքը, որը տպագրվել է 158 լեզուներով և տարածվել է 23970207 օրինակ։ Մյուս գիրքը «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտությունն» էր, որ տպագրվել է 166 լեզուներով և տարածվել է 100944355 օրինակ։ Եհովայի վկաները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Ռուսաստանի դատական որոշումները, որոնցով իրենց հրատարակությունները ճանաչվել են ծայրահեղական։