ԱՊՐԻԼԻ 21, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Գերագույն դատարանը քրեորեն հետապնդելի ճանաչեց Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեությունը
Չնայած միջազգային հանրության քննադատությանը՝ 2017թ. ապրիլի 20-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը քրեորեն հետապնդելի ճանաչեց Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեությունը։ Գերագույն դատարանի դատավոր Յուրի Գրիգորևիչ Իվանենկոն բավարարեց ««Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոն» կրոնական կազմակերպությունը և վերջինիս կառուցվածքային մաս հանդիսացող տեղի կրոնական կազմակերպությունները լուծարելու, լուծարված կրոնական կազմակերպության ամբողջ գույքը Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու» մասին արդարադատության նախարարության պահանջը։
Դատավոր Իվանենկոն նշեց, որ անմիջապես ուժի մեջ մտած որոշմամբ կասեցվում է Ռուսաստանում Վկաների բոլոր իրավաբանական անձանց ողջ գործունեությունը։ Թեև Եհովայի վկաները բողոքարկում են այս որոշումը Գերագույն դատարանի վերաքննիչ պալատ, սակայն դրանով անմիջապես արգելքի տակ է դրվում վերջիններիս գործունեությունը։
Վասիլի Կալինը, որը չորս տարեկանում իր ծնողների հետ աքսորվել էր Սիբիր նրանց՝ Եհովայի վկա լինելու պատճառով, ասում է. «Այսօրվա որոշման հրապարակման պահից սկսած՝ Ռուսաստանում Եհովայի վկաների՝ թե առանձին անհատների, թե ընտանիքների կյանքը ամբողջությամբ փոխվում է։ Այժմ նրանք քրեորեն հետապնդվելու և ազատազրկվելու սպառնալիքի տակ են պարզապես իրենց հավատը դավանելու համար»։
Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին ասում է. «Այսօրվա որոշումը խիստ հիասթափեցնող է։ Գրավոր փաստարկների և ապացույցների օբյեկտիվ ուսումնասիրությունը հանգեցնում է միայն մեկ լեգիտիմ եզրահանգման, այն է՝ վարչական կենտրոնը երբեք ներգրավված չի եղել այսպես կոչված «ծայրահեղական գործունեության» մեջ։ Մենք բողոքարկում ենք այս որոշումը»։