ՀՈՒԼԻՍԻ 21, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայրների միջազգային պատվիրակությունը թիկունք է կանգնում Ռուսաստանի իրենց հավատակիցներին, երբ Գերագույն դատարանում քննվում է նրանց բողոքը
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը երեք մայրցամաքներ ներկայացնող եղբայրներից կազմված պատվիրակություն ուղարկեց Մոսկվա՝ Ռուսաստանի եղբայրներին ու քույրերին մեծ աջակցություն դրսևորելու նպատակով։
Երբ այդ եղբայրները տեղ հասան, նրանց ողջունեցին ռուս եղբայրներն ու քույրերը, որոնցից ոմանք Մոսկվա էին եկել նույնիսկ Սիբիրից։ Պատվիրակները Ռուսաստանի մեր հավատակիցներին հավաստիացրին այն բանում, որ խորապես մտահոգված են նրանց բարօրությամբ, և որ համաշխարհային եղբայրությունը սրտանց աղոթում է նրանց համար։ Պատվիրակության անդամներից մեկն ասաց. «Իսկապես հուզիչ էր տեսնել ռուս եղբայրների քաջությունը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նրանք գրեթե չէին ակնկալում, որ իրենց գործունեությունը արգելելու վերաբերյալ անարդար որոշումը կբեկանվի»։
Չնայած երեք հոգուց բաղկացած դատավորական կազմի կայացրած բացասական որոշմանը՝ դատարանի դահլիճում անկեղծ սիրո և միասնության մթնոլորտ էր տիրում։ Եղբայրները շատ տխրեցին, երբ լսեցին, թե ինչպես է Եհովայի անվան վրա նախատինք բերվում այսպիսի հանրային վայրում։ Նրանք քաջ գիտակցում էին, որ Ռուսաստանում բնակվող Վկաներին փորձություններ են սպասում։ Այդուհանդերձ, դատարանի դահլիճում եղբայրների և քույրերի դրսևորած արժանապատվությունն ու սերը բավարար ապացույցներ էին հերքելու համար «ծայրահեղականության» սխալ մեղադրանքը, որին թիկունք կանգնեցին բողոքը քննող դատավորները։
Պատվիրակությունը գլխավորում էր Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը։ Նա եղբայրներին սրտանց հորդորեց «զորանալ ու քաջ լինել» մոտ ժամանակներում։ Երբ այցելող եղբայրները հեռանում էին դատարանի դահլիճից, տեղի Վկաները գրկախառնվում էին նրանց հետ և իրենց երախտագիտությունն էին հայտնում այդ պատմական իրադարձության ժամանակ իրենց աջակցելու համար։
Այդ պատվիրակությունը նաև այցելեց Մոսկվայում գտնվող 21 դեսպանատներ, որպեսզի ճշգրիտ տեղեկություն տրամադրի Եհովայի վկաների վրա Ռուսաստանի կողմից ձեռնարկված բռնի գործողությունների բացասական հետևանքների մասին. այրվել են որոշ Վկաների տներ, նրանց հեռացրել են աշխատանքից, դպրոցներում երեխաների հանդեպ ճնշումներ են գործադրվել և քրիստոնեական հանդիպումներ կազմակերպելու համար քրեական գործեր են հարուցվել մի քանի երեցների, այդ թվում՝ եղբայր Դենիս Քրիստենսենի դեմ, որը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ։ Մի քանի դեսպաններ ակնհայտորեն հուզվեցին՝ դիտելով երկու րոպե տևողությամբ մի տեսանյութ, որը ամփոփում էր այդ դեպքերը։ Պաշտոնյաների կողմից ամենաշատ տրված հարցը հետևյալն էր. «Ինչո՞ւ հենց Եհովայի վկաները»։ Ի պատասխան՝ եղբայրները զորեղ վկայություն տվեցին՝ բացատրելով, որ մենք քաղաքական հարցերում չեզոք ենք, և մեր քարոզչական գործունեությունը դրական փոփոխություններ է բերել բազմաթիվ ռուս քաղաքացիների կյանքում։ Մի դեսպան այսպես արձագանքեց. «Ուղղափառ եկեղեցուն դուր չի գալիս այն, որ դուք իր ջրերում ձկնորսությամբ եք զբաղվում»։ Տասից ավելի դեսպանատներ ներկայացուցիչներ ուղարկեցին, որպեսզի նրանք ներկա լինեն դատական նիստին։ Վերջիններս մնացին դատարանում ողջ նիստի ընթացքում, որը տևեց 8 ժամ։
Եղբայրների միջազգային պատվիրակությունը հեռացավ Ռուսաստանից՝ հավատով զորացած։ Նրանք սիրտ էին առել՝ տեսնելով իրենց եղբայրների հավատարիմ մնալու վճռականությունը, և որ հնարավորություն էին ունեցել պաշտոնյաներին արդյունավետ վկայություն տալու։
Մեդիա կոնտակտ:
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000