ՄԱՅԻՍԻ 1, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի իշխանությունները փորձում են բռնագրավել Եհովայի վկաների՝ ԱՄՆ-ում գործող ընկերությանը պատկանող գույքը
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2018 թ. մայիսի 3-ին՝ հինգշաբթի, Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը կքննի Եհովայի վկաների բողոքն ընդդեմ Ռուսաստանում իրենց վարչական կենտրոնը բռնագրավելու մասին որոշման։ Եթե բողոքը մերժվի, պետությունը կարող է անմիջապես բռնագրավել 14 շինությունից բաղկացած համալիրը։ 10 հեկտար (25 ակր) տարածք զբաղեցնող գույքը գնահատվում է մոտ 31,8 միլիոն ԱՄՆ դոլար (2 միլիարդ ռուբլի)։
Սեստրորեցկի շրջանային դատարանի՝ 2017 թ. դեկտեմբերին կայացրած որոշմամբ անտեսվեց այն հանգամանքը, որ Վկաների վարչական կենտրոնի գույքը սեփականության իրավունքով պատկանում է Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությանը (Փենսիլվանիա) (այսուհետ՝ Ընկերություն), որը Միացյալ Նահանգներում գործող ոչ շահութաբեր ընկերություն է։ 2000 թ.-ին Ռուսաստանում Եհովայի վկաները գույքի սեփականության իրավունքը փոխանցեցին Ընկերությանը։ Այդ ժամանակվանից սկսած՝ Ընկերությունը Ռուսաստանի Դաշնությանը վճարել է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար (188 միլիոն ռուբլի) գույքահարկ։ Թեև Ռուսաստանի կառավարությունը ավելի քան 17 տարի ճանաչել է գույքի օրինական փոխանցումը, սակայն քաղաքային դատարանը այժմ պնդում է, որ գույքը Ընկերությանը փոխանցելու մասին պայմանագիրը անվավեր է։ Հետևաբար դատարանը Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնին (այսուհետ՝ Վարչական կենտրոն) ճանաչեց որպես գույքի փաստացի սեփականատեր։ Քանի որ Վարչական կենտրոնը լուծարվել է Գերագույն դատարանի՝ 2017 թ. որոշմամբ, եթե բողոքը չբավարարվի, պետությունը կարող է անմիջապես բռնագրավել գույքը։
Դատական նիստը տեղի կունենա առավոտյան ժամը 11:30-ին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանում, որը գտնվում է Բասեյնայա 6 հասցեում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Մեդիա կոնտակտ։
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000