ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Բողոքը մերժվում է. Ռուսաստանի դատարանը անփոփոխ է թողնում Աստվածաշունչը «ծայրահեղական» ճանաչելու մասին վճիռը
Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ռուսերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» «ծայրահեղական» հրատարակություն ճանաչելու մասին դատարանի վճիռը։ Որոշումն արդեն ուժի մեջ է, համաձայն որի՝ այս Աստվածաշունչը արգելված է և շուտով կընդգրկվի ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում։ «Նոր աշխարհ թարգմանությունը» ուրիշներին տալը այժմ համարվում է հանցագործություն։ Նույնիսկ անձնական օրինակ ունենալը կարող է հանգեցնել խոշոր չափի տուգանքի կամ ավելի վատ հետևանքներ ունենալ։
Դատարանը անտեսում է «փորձագետների» ցուցմունքում ապացույցների բացակայությունը
2017թ. դեկտեմբերի 20-ին Լենինգրադի շրջանային դատարանը անփոփոխ թողեց Վիբորգի քաղաքային դատարանի վճիռը, թեև ո՛չ դատախազը և ո՛չ էլ դատարանի կողմից նշանակված «փորձագետները» չկարողացան «Նոր աշխարհ թարգմանությունը» «ծայրահեղական» ճանաչելու հիմքեր նշել։ Դատարանի որոշումները հիմնված են մեկ «փորձագիտական» եզրակացության վրա, որով քննադատության էր ենթարկվում Աստվածաշնչի այս ժամանակակից ռուսերեն թարգմանությունը։
Շրջանային դատարանի՝ երեք դատավորներից բաղկացած կազմը ընդունեց, որ «Նոր աշխարհ թարգմանության» վերաբերյալ եզրակացության մեջ կային հակասություններ, և հարցաքննելու համար հրավիրեց եզրակացությունը հեղինակած «փորձագետներին»։ Երբ նախագահող դատավոր Լարիսա Գորբատովան ավագ փորձագետ տիկին Կրյուկովային հարցրեց, թե արդյոք «Նոր աշխարհ թարգմանությունը» Աստվածաշունչ է, վերջինս պատասխանեց, որ այն Աստվածաշունչ չէ «ուղղափառ դավանանքի ավանդական իմաստով»։ Երբ պաշտպանական կողմի փաստաբաններից մեկը խնդրեց ծայրահեղական նշույլ պարունակող գոնե մեկ մեջբերում անել, տիկին Կրյուկովան չկարողացավ դա անել։ Ավելի ուշ դատավոր Գորբատովան տիկին Կրյուկովային հարցրեց, թե ինչն է տվյալ թարգմանության մեջ ծայրահեղական, սակայն վերջինս խուսափեց պատասխանից՝ նշելով, որ դա «իրավաբանական հարց» է։
Երբ պաշտպանական կողմի փաստաբաններից մեկը հարցրեց, թե ինչ չափորոշիչ է օգտագործվել որոշելու համար՝ արդյոք «Նոր աշխարհ թարգմանությունը» Աստվածաշունչ է, թե ոչ, տիկին Կրյուկովան ասաց, որ այն պետք է ունենա «պատրիարքի օրհնությունը» կամ պետք է բառ առ բառ համընկնի «օրհնված» թարգմանության հետ։ Այդ ժամանակ տիկին Կրյուկովային հարցրին, թե ինչու է եզրակացության մեջ նշված, որ «Նոր աշխարհ թարգմանությունը» «անհամապատասխան թարգմանություն» է։ Երբ ո՛չ նա և ո՛չ էլ մյուս «փորձագետները» չկարողացան որևէ օբյեկտիվ չափորոշիչ նշել, դատարանը ավարտեց «փորձագետների» հարցաքննությունը։
Այնուհետև Վկաների փաստաբանները դատարանին խնդրեցին ընդունել այն ապացույցները, որոնք բացահայտում էին «փորձագետների» կողմնակալությունը այն հարցում, որ եզրակացության մեջ ընդգրկել էին մեծ քանակությամբ նյութեր՝ վերցված Վիքիպեդիայից և ուղղափառ ճեմարանի սաներից մեկից։ Դատարանը բավարարեց այդ պահանջը, բայց մերժեց «Նոր աշխարհ թարգմանությունը» անկողմնակալ փորձաքննության ենթարկելու և գործը առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին բոլոր միջնորդությունները։
Ո՞րն է Աստվածաշնչի վրա նման հարձակման նպատակը
Վկաների փաստաբաններից մեկը իր պաշտպանական ճառում դատարանին հարցրեց. «Ի՞նչ օրինական նպատակ է հետապնդում դատախազությունը։ Ինչի՞ է այն ձգտում հասնել. որ հարյուր հազարավոր ռուսախոս քաղաքացիներ վառե՞ն այն։ Կամ եթե չուզենան վառել, մի՞թե քրեական հետապնդման պետք է ենթարկվեն»։
Ռուսաստանում բազմաթիվ Եհովայի վկաներ անհանգստացած են այն բանով, որ իշխանությունները անհամամասնորեն են կիրառել Վկաների գրականությունը «ծայրահեղական» ճանաչելու մասին մինչ այդ կայացված որոշումները։ Թեև ծայրահեղականության վերաբերյալ Ռուսաստանի օրենսդրությունը արգելում է նյութերի՝ այդ նպատակով տարածումը կամ զանգվածային պահեստավորումը, այդ երկրի իրավապահ մարմինները ավելի շատ սահմանափակումներ են կիրառել, քան նախատեսում է օրենքը։ Նրանք խուզարկել են Վկաների տներն ու վարչական իրավախախտումներ են արձանագրել զուտ անձնական օգտագործման նպատակով մի քանի հրատարակություն ունենալու համար։ Բացի այդ, դիմելով ամեն քայլի՝ ապացույցները կեղծելու համար՝ իշխանությունները Վկաների պաշտամունքի վայրերում գաղտնի մի քանի արգելված հրատարակություններ են դրել։ Այնուհետև իրենց «հայտնաբերած» գրականությունը որպես հիմք են օգտագործել Վկաների իրավաբանական անձինք լուծարելու և նույնիսկ նրանց քրեորեն հետապնդելու համար։
Արդյո՞ք Վկաների տները ավելի ագրեսիվ կերպով կխուզարկվեն։ Արդյո՞ք նրանց կմեղադրեն վարչական իրավախախտում կամ հանցագործություն կատարելու մեջ պարզապես «Նոր աշխարհ թարգմանության» անձնական օրինակ ունենալու համար։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես Ռուսաստանի իշխանությունները կկիրառեն այս որոշումը որպես զենք Վկաների կրոնի ազատությունը սահմանափակելու համար։