ՀՈՒԼԻՍԻ 24, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Օրյոլում դատարանը երկարաձգեց Դենիս Քրիստենսենի նախնական կալանքի ժամկետը
2017թ. հուլիսի 20-ին Օրյոլի սովետական շրջանային դատարանը երկարաձգեց Դենիս Քրիստենսենի նախնական կալանքի ժամկետը մինչև 2017թ. նոյեմբերի 23-ը։ Դանիայի քաղաքացի պրն Քրիստենսենը, որը Եհովայի վկա է, ձերբակալվել էր մայիսի 25-ին, երբ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները դիմակավորված և զինված ոստիկանների հետ ներխուժել էին Օրյոլում կրոնական հավաքույթի վայր և ընդհատել խաղաղ հանդիպումը, որին նա հաճախում էր։
Պրն Քրիստենսենի փաստաբանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու մասին միջնորդություն ներկայացրին, և նա պատրաստվում էր ծածկել այդ ծախսերը։ Սակայն դատարանը մերժեց բավարարել միջնորդությունը՝ չնայած այն հանգամանքին, որ նա դատվածություն չունի ու երբևէ բռնի վարքագիծ չի դրսևորել։
Պրն Քրիստենսենի կալանքի երկարաձգման վերաբերյալ որոշումը կայացվեց Ռուսաստանի Գերագույն դատարանի վերաքննիչ պալատի՝ հուլիսի 17-ին կայացրած որոշումից անմիջապես հետո, որով անփոփոխ թողնվեց Վկաների բոլոր իրավաբանական անձանց լուծարման ու ողջ երկրում նրանց գործունեությունը արգելելու մասին որոշումը։ Վկաների դեմ ավելի քան մեկ տասնամյակ տևող հալածանքներից և նրանց «ծայրահեղականներ» պիտակելուց հետո Ռուսաստանի իշխանություններին հաջողվեց կեղծ իրավական հարթություն ստեղծել Վկաների կրոնական գործունեությունը քրեականացնելու համար։
Մեկնաբանելով Ռուսաստանում ստեղծված այն իրավիճակը, որում հայտնվել են Վկաները, ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Մ. Բըրնսը ասում է. «Մենք անհանգստացած ենք Եհովայի վկաների գործունեությունը արգելելու և նրանց վարչական կենտրոնն ու 395 տեղի կրոնական կազմակերպությունները այսպես ասած «ծայրահեղական գործունեության» հիմքով լուծարելու մասին Գերագույն դատարանի՝ հուլիսի 17-ի որոշմամբ։ Անընդունելի է, որ Ռուսաստանում ավելի քան 175000 Եհովայի վկաներ այժմ հնարավոր է՝ քրեորեն հետապնդվեն պարզապես իրենց կրոնը դավանելու համար։ Մտահոգիչ է այն հանգամանքը, որ «ծայրահեղականության» մասին օրենսդրությունը ավելի լայն կիրառում է ստանում, ինչի զոհ են դառնում Ռուսաստանում կրոնական փոքրամասնություն կազմող խմբերի անդամները, որոնք խաղաղ գործունեություն են ծավալում»։