Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատարանը քննում է Աստվածաշունչը «ծայրահեղական» ճանաչելու վճռի դեմ բերված բողոքը

Ռուսաստանում դատարանը քննում է Աստվածաշունչը «ծայրահեղական» ճանաչելու վճռի դեմ բերված բողոքը

2017թ. դեկտեմբերի 6-ին Լենինգրադի շրջանային դատարանը քննեց Եհովայի վկաների բողոքը ընդդեմ ցածր ատյանի վճռի, որով արգելք է դրվում ռուսերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վրա։

Դատական նիստը սկսվեց Վկաների փաստաբանների՝ Վիբորգի քաղաքային դատարանի վճռի դեմ փաստարկներով։ Այդ վճիռը բացառապես հիմնված է «փորձագիտական» եզրակացության վրա, ինչն էլ հիմք է հանդիսացել Աստվածաշունչը «ծայրահեղական» ճանաչելու գործի համար։ Քաղաքային դատարանը ոչ մի մեջբերում չի արել «Նոր աշխարհ թարգմանությունից», որը «ծայրահեղական» է ճանաչվել եզրակացության հիման վրա։ Փոխարենը՝ դատարանը կենտրոնացել է եզրակացության այն հատվածի վրա, որ «Նոր աշխարհ թարգմանությունը» «ծայրահեղական» է, քանի որ այնտեղ օգտագործվում է Աստծու անունը՝ Եհովա։ Փաստաբանները հիշեցրին դատարանին, որ Աստծու անունը իր ազդեցությունն է ունեցել Ռուսաստանի հարուստ մշակութային պատմության վրա և օգտագործվել է Աստվածաշնչի շատ թարգմանություններում։ Նրանք նաև անդրադարձան եզրակացության մեջ նշված այն կեղծ պնդմանը, թե «Նոր աշխարհ թարգմանությունը» Աստվածաշունչ չէ, քանի որ այնտեղ հստակ նշում չկա այդ մասին։ Այս պնդումը հերքելու համար նրանք մեջբերում արեցին 2007թ. թարգմանության նախաբանից, որտեղ ասվում է. «Սա Աստվածաշնչի ռուսերեն նոր թարգմանություն է»։

Լենինգրադի շրջանային դատարանը որոշում կայացրեց խաչաձև հարցաքննության համար հրավիրել փորձագետների խմբին և հաջորդ դատական նիստը նշանակեց 2017թ. դեկտեմբերի 20-ին՝ տեղի ժամանակով ժ. 14։30-ին։