Անցնել բովանդակությանը

Ռուսաստանում ներխուժման դեպքերի վայրերը

ՄԱՅԻՍԻ 2, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում Եհովայի վկաներին սկսել են ավելի ու ավելի հաճախ ահաբեկել

Ռուսաստանում Եհովայի վկաներին սկսել են ավելի ու ավելի հաճախ ահաբեկել

Ռուսաստանի առնվազն յոթ քաղաքներում ոստիկանությունը ագրեսիվ միջոցներ է ձեռնարկել Եհովայի վկաների նկատմամբ։ Երևում է, որ դա կազմակերպված արշավ է։ Ոստիկանության հատուկ ուժերը (այսուհետ՝ ՕՄՕՆ), երբեմն դիմակավորված և ատրճանակներով զինված, ներխուժել են Վկաների տները, ատրճանակները պահել են նրանց վրա և հարցաքննության համար ձերբակալել թե՛ երիտասարդներին, թե՛ տարեցներին։

Արկադյա Ակոպյանը կնոջ՝ Սոնյայի և երկու թոռնուհիների հետ

Անցած տարվա ընթացքում իշխանությունները հարուցել են առնվազն տասը քրեական գործ և ազատազրկել հինգ Վկա տղամարդկանց, որոնց թվում է Դենիս Քրիստենսենը, ով նախնական կալանքի տակ է 2017թ. մայիսի 25-ից։ Մեկ այլ Վկա 69-ամյա Արկադյա Ակոպյանը ներկայումս բանտարկված է Կաբարդինա-Բալկարական Հանրապետությունում։ Նրանց բոլորին սպառնում է երկուսից տասը տարվա ազատազրկում պարզապես իրենց կրոնը դավանելու նպատակով հավաքվելու համար։

2017թ. ապրիլի 20-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը արգելք դրեց Եհովայի վկաների վարչական կենտրոնի և Վկաների բոլոր 395 տեղի կրոնական կազմակերպությունների վրա։ Գերագույն դատարանում գործի քննության ժամանակ Ռուսաստանի կառավարությունը հայտարարեց, որ թեև լուծարում է Եհովայի վկաների իրավաբանական անձինք, անհատ Վկաները ազատ կդավանեն իրենց կրոնը։ Սակայն կառավարության այս հայտարարությունը չի համապատասխանում իր կողմից ձեռնարկված գործողություններին։

Այժմ, երբ Ռուսաստանի իշխանություններին հաջողվել է լուծարել Եհովայի վկաների իրավաբանական անձինք և առգրավել Վկաների գույքը, նրանք իրենց թիրախն են դարձրել մարդկանց և նրանց դավանանքը։ Ներկայումս Ռուսաստանի ավելի քան 175000 Եհովայի վկաների համար իրենց կրոնը դավանելը համարվում է քրեորեն հետապնդելի հանցանք։

Ներխուժման դեպքեր, հարցաքննություններ, ձերբակալություններ

2018թ. հունվարից սկսած՝ իրավապահ մարմինները ավելի հաճախ են իրենց թիրախը դարձնում Եհովայի վկաներին։

2018թ. ապրիլի 20, Շույա, Իվանովոյի մարզ։ Իրավապահ մարմինները խուզարկեցին չորս Վկաների տներ։ Ոստիկանները Դմիտրի Միխայլովին տարան ոստիկանություն, կալանավորեցին, ապա ազատ արձակեցին։ Իշխանությունները քրեական գործ հարուցեցին նրա դեմ և մեղադրանք ներկայացրին քրեական օրենսգրքի 282.2(2) հոդվածի հիմքով «ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու» համար։ Նրան չի թույլատրվում առանց տեղեկացնելու դուրս գալ Շույայից։

2018թ. ապրիլի 19, Վլադիվոստոկ։ Ոստիկանները և Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժեցին մի բնակարան և Վալենտին Օսադչուկին ու երեք տարեց կանանց տարան ոստիկանություն՝ հարցաքննելու համար։ Պրն Օսադչուկի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 282.2(2) հոդվածի հիմքով, որով սահմանվում է երկուսից չորս տարի ազատազրկում, և նրան վերցրին նախնական կալանքի։ Ֆրունզինսկի շրջանային դատարանի ապրիլի 23-ի որոշմամբ պրն Օսադչուկը նախնական կալանքի տակ կլինի մինչև 2018թ. հունիսի 20-ը։ Այժմ նա կալանավորված է Վլադիվոստոկի թիվ 1 քննչական մեկուսարանում։

2018թ. ապրիլի 18, Պոլյարնի, Մուրմանսկի մարզ։ Ուշ երեկոյան ոստիկաններն ու ՕՄՕՆ-ի դիմակավորված և զինված աշխատակիցները կոտրեցին Ռոման Մարկինի տան դուռը և ներս խուժեցին։ Ոստիկանները, ատրճանակը պահելով նրա վրա, ստիպեցին պառկել հատակին։ Նրա դեռահաս աղջիկը, տեսնելով զինված ոստիկաններին, ընկավ հատակին և ձեռքերով ծածկեց գլուխը։ Ոստիկանները խուզարկեցին շինությունը, որից հետո պրն Մարկինին տարան ոստիկանություն և վերցրին նախնական կալանքի։

Նույն երեկո ոստիկանները խուզարկեցին այդ տարածքում ապրող 14 այլ Վկաների տներ և առգրավեցին բջջային հեռախոսներ, էլեկտրոնային սարքեր և այլ անձնական օգտագործման իրեր։ Այնուհետև ոստիկանները Վկաներին տարան ոստիկանություն՝ հարցաքննելու համար։ Տեղի իշխանությունները քրեական գործ հարուցեցին պրն Մարկինի, ինչպես նաև մեկ այլ Վկայի՝ Վիկտոր Տրոֆիմովի դեմ։ Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 282.2(1) հոդվածի հիմքով «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» համար։ Եթե նրանք դատապարտվեն, նրանց սպառնում է վեցից տասը տարվա ազատազրկում։ Երկուսն էլ նախնական կալանքի տակ են Մուրմանսկի թիվ 1 կալանավայրում։

2018թ. ապրիլի 10, Զատոնի շրջան, Ուֆա։ Առավոտյան ժ. 6:30–7:00-ի սահմաններում քննիչներն ու ՕՄՕՆ-ի աշխատակիցները ներխուժեցին մի քանի Վկաների տներ և խուզարկեցին դրանք։ Խուզարկության ընթացքում ոստիկանները հարցաքննեցին Վկաներին։ Մի ոստիկան տուժողներից մեկին ասաց. «Մենք քեզ ազատ կարձակենք, եթե ասես, որ դու Եհովայի վկաների կազմակերպության անդամ չես»։ Մեկ այլ տուժողի էլ ոստիկաններից մեկն ասաց. «Մենք ձեզ վերացնելու ենք երկրի երեսից»։ Բոլորին տարան ոստիկանություն՝ մատնահետք վերցնելու և հավելյալ հարցաքննության համար։

Երբ ոստիկանները ներխուժեցին պարոն և տիկին Խաֆիզովների տուն, զենքը պահեցին նրանց վրա և խուզարկեցին շինությունը։ Խուզարկությունից հետո ոստիկաններից մեկը բռնեց տիկին Խաֆիզովայի ձեռքից, հրելով նստեցրեց ոստիկանական մեքենան և տարավ ոստիկանություն՝ հարցաքննելու համար։ Պրն Խաֆիզովը Եհովայի վկա չէ։

Անատոլի Վիլիտկևիչը կնոջ՝ Ալյոնայի հետ նախքան կալանավորումը

Ոստիկանները ներխուժեցին Անատոլի Վիլիտկևիչի տուն և ձերբակալեցին նրան։ Նրանք վերջինիս կնոջն ասացին, որ չի տեսնի իր ամուսնուն «երկար ժամանակ»։ Իշխանությունները նրան մեղադրանք առաջադրեցին քրեական օրենսգրքի 282.2(1) հոդվածի հիմքով «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» համար։ Նա նախնական կալանքի տակ կլինի մինչև 2018թ. հունիսի 2-ը։ Եթե նա դատապարտվի, նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։

2018թ. մարտ, Օրյոլ։ Բացի Դենիս Քրիստենսենի դեմ հարուցված քրեական գործից, 2017թ. մայիսին իշխանությունները Օրյոլում յոթ տներ խուզարկելուց հետո սկսեցին քրեորեն հետապնդել մեկ այլ Վկայի՝ Սերգեյ Սկրիննիկովին։ Պրն Սկրիննիկովի դեմ դեռ պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել։ Նրան հետապնդում են քրեական օրենսգրքի 282.2(2) հոդվածի հիմքով «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» համար։ Եթե նա դատապարտվի, նրան սպառնում է երկուսից չորս տարվա ազատազրկում։

2018թ. փետրվարի 7, Բելգորոդ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մեծ խմբերով ներխուժեցին Վկաների առնվազն տասը տներ։ Ոստիկանները տան տերերից մի քանիսին ուժով հրելով գցեցին հատակին կամ սեղմեցին պատին։ Նրանք խուզարկեցին տները, առգրավեցին էլեկտրոնային սարքերը, անձնագրերը, նկարները և փողը։ Այնուհետև բոլոր Վկաներին տարան ոստիկանություն, հարցաքննեցին և բոլորին ազատ արձակեցին՝ բացի Անատոլի Շալյապինից և Սերգեյ Վոյկովից։ 48 ժամ պահելուց հետո նրանց նույնպես ազատ արձակեցին։ Սակայն երկուսին էլ արգելվում է լքել Բելգորոդի տարածքը։

2018թ. հունվարի 23, Կեմերովո։ Ոստիկանները ներխուժեցին և խուզարկեցին Վկաների 12 տներ ու առգրավեցին բոլոր էլեկտրոնային սարքերը, կրոնական գրականությունը և շատ փաստաթղթեր։ Նախքան տներ ներխուժելը մի տղամարդ ձևացրել էր, թե իբր Եհովայի վկա է, հաճախել էր Վկաների հանդիպումներին, գաղտնի ձայնագրել նրանց և ձայնագրությունները տվել ոստիկանությանը։ Դրանց հիման վրա հետաքննություն է սկսվել։

Գերագույն դատարանի որոշումը պառակտում է ընտանիքները

Բացի ոստիկանության և գաղտնի ծառայության աշխատակիցների այս անհետևողական գործողություններից, Ռուսաստանի իշխանությունները սահմանել են, որ պետությունը կարող է երեխաներին վերցնել ծնողներից «հասարակությանն ինտեգրելու» համար։ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի պլենիումի 2017թ. նոյեմբերի 14-ի թիվ 44 բանաձևի համաձայն՝ ծնողներին կարող են «դատարանի որոշմամբ զրկել ծնողական իրավունքներից», եթե երեխաներին ներգրավեն «ծայրահեղականության» հիմքով արգելված կրոնական կազմակերպության մեջ։

2017թ. նոյեմբերի 23-ին կրթության և գիտության նախարարությունը երկրով մեկ հրապարակեց մի «հանձնարարական»՝ կոչ անելով «հասարակությանը ինտեգրել» այն երեխաներին, ովքեր ենթարկվում են «կրոնական-ծայրահեղական ... գաղափարախոսության»։ Նախարարությունն առանձնացրել է երեխաների ընդամենը երկու խումբ՝ «Իսլամական պետություն» (ԴԱԻՇ) խմբավորման անդամների և Եհովայի վկաների երեխաներին։ Այն նշել է, որ «տասնյակ հազարավոր երեխաների և պատանիների» ծնողներ Եհովայի վկաներ են։ Ոչ մի երեխա դեռ չի վերցվել իր Վկա ծնողից։

Որտե՞ղ կանգ կառնի այս արշավը

Եվրոպայի խորհրդի ոչ մի այլ անդամ երկիր նման դաժան հարձակում չի ձեռնարկել խաղաղ կրոնական փոքրամասնության նկատմամբ։ Ռուսաստանում Եհովայի վկաները այլևս չեն կարող ազատ հավաքվել՝ դավանելու իրենց կրոնը կամ կարդալու և ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Ձերբակալություններից և քրեորեն հետապնդվելուց խուսափելու համար նրանք պետք է գաղտնի դավանեն իրենց կրոնը, ինչպես անում էին խորհրդային ժամանակաշրջանում։

Ողջ աշխարհի Եհովայի վկաները խորապես մտահոգված են Ռուսաստանում իրենց հավատակիցների, ինչպես նաև այն բանի համար, թե կառավարության կողմից հովանավորվող այս արշավն ինչպես կազդի նրանց վրա զգացապես, հոգևորապես և ֆիզիկապես։ Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին ասում է. «Ռուսաստանի կառավարությունը պետք է դադարեցնի իշխանության նման չարաշահումը և իրականացնի մարդու իրավունքներն ու կրոնի ազատությունը հարգելու վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները։ Այժմ, երբ իշխանությունները Վկաների իրավաբանական անձանց վրա հարձակումից անցել են անհատ անձանց ազատազրկելուն, ի՞նչ է սպասում Ռուսաստանում Եհովայի վկաներին»։