Ազատազրկված՝ հավատի համար—Ռուսաստան
Ժամանակակից Ռուսաստանում Եհովայի վկաները ճնշումների ու հալածանքների են ենթարկվում։ 20-րդ դարի ընթացքում Ռուսաստանի իշխանությունները վատ էին վարվում Վկաների հետ, թեև նրանք հայտնի էին որպես խաղաղ, օրինապահ քաղաքացիներ։ Խորհրդային Միության նպատակն էր նրանց դարձնել սովետական գաղափարախոսության հպատակ։ Վկաներին արգելված էր ունենալ Աստվածաշունչ կամ կրոնական գրականություն, նրանք մշտական հսկողության տակ էին և ստիպված էին գաղտնի անցկացնել իրենց կրոնական հանդիպումները։ Բռնվելու դեպքում Վկաները ենթարկվում էին ծեծի և երկարաժամկետ ազատազրկման: Իշխանությունները հազարավոր մարդկանց աքսորեցին Սիբիր։
Սակայն ամեն ինչ սկսեց փոխվել 1991 թ.-ին, երբ Ռուսաստանի կառավարությունը պետական գրանցում տվեց Եհովայի վկաներին և թույլատրեց դավանանքի ազատությունը՝ առանց խոչընդոտների։ Սակայն այդ խաղաղ ժամանակները երկար չտևեցին։
2009 թ.-ին ճնշումներն ու սահմանափակումները սկսեցին նոր թափ առնել, երբ Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատեց ստորին ատյանի՝ Եհովայի վկաների ժողովը «ծայրահեղական» պիտակավորելու մասին որոշումը։ Տարիներ տևած իրավական պայքարից հետո 2017 թ. ապրիլին Ռուսաստանի Գերագույն դատարանը վճռեց լուծարել Վկաների իրավաբանական անձանց՝ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։ Ռուսաստանի իշխանությունները անմիջապես քայլեր ձեռնարկեցին՝ նրանց ունեցվածքը բռնագրավելու, նրանց պաշտամունքի վայրերը փակելու և կրոնական գրականությունը «ծայրահեղական նյութեր» հայտարարելու ուղղությամբ։
Չդադարելով Եհովայի վկաների իրավաբանական անձանց դեմ հարձակումները՝ Ռուսաստանի իշխանությունները որոշել են անհատապես թիրախավորել Վկաներին։ Անցնելով բոլոր սահմանները՝ նրանք անհատ Վկաների երկրպագությունը կապում են արգելված կազմակերպության գործունեության հետ։ Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Վկաների տներում, որոնք ուղեկցվում են վիրավորական և դաժան վերաբերմունքով և հարցաքննությամբ։ Ձերբակալվում են բոլոր տարիքի Վկա տղամարդիկ, կանայք։ Նրանք մեղավոր են ճանաչվում և դատապարտվում են բանտարկության կամ տնային կալանքի:
2017 թ. ապրիլյան արգելքից ի վեր՝ հարյուրավոր Վկաներ դատապարտվել են նախնական կալանքի կամ ազատազրկման՝ ծայրահեղականության մեղադրանքով։ 2024 թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ՝ բանտարկված է ընդհանուր առմամբ 131 Վկա։
Բողոքներ ընդդեմ Ռուսաստանի՝ Եհովայի վկաների նկատմամբ դրսևորած դաժան վերաբերմունքի
Չնայած անողոք հետապնդումները դադարեցնելու միջազգային կոչերին՝ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են մեղադրել Վկաներին ծայրահեղական գործունեության համար: Ռուսաստանից դուրս իրազեկ դիտորդները և դատարանները խստիվ դատապարտել են Ռուսաստանի կառավարությանը Եհովայի վկաներին համառորեն հալածելու համար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 2022 թ. հունիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շրջադարձային վճիռ կայացրեց ընդդեմ Ռուսաստանի՝ Եհովայի վկաներին հալածելու համար («Տագանրոգի ՏԿԿ-ն և այլք ընդդեմ Ռուսաստանի», թիվ 32401/10 և 19 այլ բողոքներ)։ ՄԻԵԴ-ը հայտարարեց, որ 2017 թ.-ին Ռուսաստանի կողմից Եհովայի վկաների գործունեության վրա արգելք դնելը անօրինական էր։ Ռուսաստանից պահանջվել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Եհովայի վկաների դեմ առկա բոլոր քրեական դատավարությունները դադարեցնելու.... և ազատազրկված բոլոր Եհովայի վկաներին ազատ արձակելու ուղղությամբ»։ Դեռ ավելին՝ Ռուսաստանին հանձնարարվել է վերադարձնել ողջ առգրավված գույքը կամ վճարել ավելի քան 60 միլիոն դոլար փոխհատուցում, ինչպես նաև դիմումատուներին վճարել ընդհանուր առմամբ ավելի քան 3 միլիոն դոլար որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նամակը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին ուղղած 2022 թ. դեկտեմբերի 9-ի իր նամակում Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է. «Քննելով «Մոսկվայի Եհովայի վկաները և այլք ընդդեմ Ռուսաստանի» և «Կրուպկոն և այլք ընդդեմ Ռուսաստանի» գանգատները, որոնք վերաբերում են դիմումատու կրոնական համայնքի լուծարմանը, ինչը հանգեցրել է դրա գործունեությունը արգելելուն, խաղաղ կրոնական արարողությունները ցրելուն և դրանց մասնակիցներից ոմանց ազատությունը սահմանափակելուն՝ Կոմիտեն խստորեն հորդորել է իշխանություններին հանել Եհովայի վկաների բոլոր կազմակերպությունների գործունեության վրա դրված արգելքները և դադարեցնել նրանց դեմ առկա բոլոր քրեական դատավարությունները»։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշումը։ 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը Նախարարների խորհուրդը նշեց. «Մենք խիստ մտահոգված ենք, որ [Մարդու իրավունքների եվրոպական դատարանի] Կոնվենցիայի 46-րդ հոդվածի և «Տագանրոգի ԼԿԿ-ն և այլք ընդդեմ Ռուսաստանի» որոշման գործող մասի վերաբերյալ աներկբա ցուցմունքները ամբողջությամբ և գիտակցաբար անտեսվում են Ռուսաստանի իշխանությունների կողմից՝ մասնավորապես անտեսվում է.... բանտարկված Եհովայի վկաներին ազատ արձակելու պահանջը»։ Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը չի ենթարկվում այս պահանջներին՝ Նախարարների կոմիտեն «որոշեց այս գործերը ներկայացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի և այլ միջազգային համապատասխան մարմինների ուշադրությանը, որոնք զբաղվում են Ռուսաստանի Դաշնությունում Եհովայի վկաների հետապնդման խնդրով՝ նպատակ ունենալով ապահովել դատավճիռների պահանջների կատարումը»։
Վերջին խիստ պատիժների օրինակներ
2024 թ. հունվարի 25-ին Սոնա Օլոպովան՝ 37-ամյա ամուսնացած մի կին, դատապարտվեց երկու տարվա հարկադիր աշխատանքի՝ Սամարայի մարզի ուղղիչ գաղութում։ 2023 թ. մայիսին ոստիկանները խուզարկել էին նրա տունը։ Այնուհետև նրա դեմ քրեական գործ էր հարուցվել. նա մեղադրվել էր ծայրահեղական գործունեության մասնակցելու մեջ։ Իրականում, նրա միակ «հանցանքը» հավատակիցների հետ խաղաղ կերպով Աստծուն երկրպագելն էր։ Սոնան նշել է. «Դատաքննությունը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ անհնար է միևնույն ժամանակ լինել և՛ Եհովայի վկա, և՛ ծայրահեղական»։
2024 թ. փետրվարի 6-ին վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց Դմիտրի Բարմակինին մեղավոր ճանաչելու դատավճիռը։ Նրան նիստերի դահլիճից տարան կալանավայր իր ութամյա ազատազրկման պատժի մնացած մասը կրելու համար։ 2018 թ. հուլիսին զինված ոստիկանները ներխուժեցին այն բնակարանը, որտեղ մնում էին Դմիտրին և նրա կինը՝ Ելենան՝ վերջինիս 90-ամյա տատիկի մասին հոգալու համար։ Դմիտրիին և Ելենային հետ տարան հայրենի քաղաք՝ Վլադիվոստոկ։ Այնտեղ Դմիտրին ձերբակալվեց։ Հետագայում Դմիտրիի դեմ քրեական գործ հարուցվեց «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» մեղադրանքով։ Այժմ նա գտնվում է Խաբարովսկի երկրամասի կալանավայրերից մեկում և ազատ կարձակվի 2029 թ. նոյեմբերին։ Ելենան նույնպես հետապնդվում է իր հավատի համար։
2024 թ. փետրվարի 29-ին Ալեքսանդր Չագանը՝ 53-ամյա ամուսնացած մի տղամարդ, մեղավոր ճանաչվեց Սամարայի մարզի Տոլյատիի շրջանային դատարանի կողմից։ Նա դատապարտվեց ութ տարվա ազատազրկման։ Այդ պատժաժամկետը ամենաերկարներից է, որ Ռուսաստանում երբևէ նշանակվել է Վկա տղամարդկանց նկատմամբ։ Ալեքսանդրը կալանավորվեց անմիջապես նիստերի դահլիճից։ Ներկայումս նա գտնվում է Սամարայի մարզի № 4 քրեակատարողական հիմնարկում և ազատ կարձակվի 2032 թ. հունվարին։
2024 թ. մարտի 5-ին Արևելյան Սիբիրի Իրկուտսկի մարզում ինը Վկաներ մեղադրվեցին ծայրահեղականության մեջ։ Ինը հոգի, որոնցից ամենամեծը 72 տարեկան է, դատապարտվեցին տարբեր ժամկետների ազատազրկման՝ մինչև իսկ յոթ տարվա։ Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել 2021 թ. հոկտեմբերին՝ տների խուզարկությունից հետո։ Նրանցից մեկը՝ Յարոսլավ Կալինը, արդեն ավելի քան երկու տարի գտնվում էր նախնական կալանքի տակ։ Նա իր բանտարկությունը նկարագրեց որպես դառը փորձ «ամենավատ բանտախցերում և պայմաններում»։
2024 թ. ապրիլին բանտի ղեկավարությունը յոթ տարով ազատազրկված Ռինատ Կիրամովին տեղափոխեց բուժական ուղղիչ հիմնարկ՝ իբրև թե կասկածելով, որ նա հիվանդ է տուբերկուլյոզով։ 36-ամյա Ռինատի դեմ քրեական գործ էր հարուցվել 2021 թ. նոյեմբերին՝ ծայրահեղական գործունեություն ծավալելու մեղադրանքով։ Նախնական կալանքի կենտրոնում մեկուկես տարի անցկացնելուց հետո նա դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման։ Երբ Ռինատին տեղափոխեցին բուժական ուղղիչ հիմնարկ, մի խումբ բանտարկյալներ նրան ֆիզիկական կտտանքների ենթարկեցին, անգամ էլեկտրաշոկ կիրառեցին։ Ապա չորս օր շարունակ նրան թույլ չէին տալիս քնել և ուտել։ Բուժզննման արդյունքում պարզվեց, որ Ռինատը տուբերկուլյոզ չունի, և 2024 թ. մայիսի 17-ին նրան հետ տեղափոխեցին ուղղիչ գաղութ։ Նա ազատ կարձակվի 2027 թ. դեկտեմբերին։
2024 թ. հունիսի 20-ին Խաբարովսկում բնակվող երեք Վկաներ դատապարտվեցին կրելու Ռուսաստանում Եհովայի վկաների նկատմամբ կիրառված ամենաերկար պատժաժամկետները՝ նրանց իրավաբանական անձանց լուծարումից ի վեր։ Նիկոլայ Պոլևոդովը դատապարտվեց ութ տարի և վեց ամսվա, Վիտալի Ժուկը՝ ութ տարի և չորս ամսվա, իսկ Ստանիսլավ Կիմը՝ ութ տարի և երկու ամսվա ազատազրկման։ Սակայն, իրականում, նրանք ընդամենը իրենց ընտանիքների և հավատակիցների հետ հավաքվել էին՝ Աստվածաշունչը կարդալու և ուսումնասիրելու նպատակով։ 2024 թ. հոկտեմբերին նրանց ազատազրկման ժամկետները կրճատվեցին մեկ տարով և փոխարինվեցին պայմանական ազատազրկմամբ։ Երեք տղամարդիկ էլ ազատ արձակվեցին։
Անարդար ձերբակալությունների դեմ պայքարը շարունակվում է
Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները խորապես մտահոգված են իրենց հավատակիցների հանդեպ Ռուսաստանի դրսևորած դաժան վերաբերմունքի պատճառով։ Միլիոնավոր Վկաներ նամակներ են ուղարկել Ռուսաստանի պետական պաշտոնյաներին՝ հաջակցություն իրենց բանտարկված հավատակիցների։ Ազատազրկված վկաների փաստաբանները բողոքներ են ներկայացրել Ռուսաստանի բոլոր ատյաններ և դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եհովայի վկաները նաև բողոքներ են ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին և ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին և զեկույցներ են տրամադրել միջազգային կազմակերպություններին, որոնք վերահսկում են մարդու իրավունքների խախտումները: Կրոնական այս ծանր հալածանքին վերջ դնելու համար Եհովայի վկաները կշարունակեն գործադրել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի բարձրացնեն Ռուսաստանում իրենց հավատակիցների ծանր վիճակի մասին իրազեկության մակարդակը։
Ժամանակագրություն
Հոկտեմբերի 18, 2024
Ընդհանուր հաշվով ազատազրկված է 131 Վկա։
Հոկտեմբերի 24, 2023
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հրապարակեց երկու տեսակետ, որոնք վերաբերում էին Էլիստայի և Աբինսկի տեղի կրոնական կազմակերպություններին։ Երկու դեպքում էլ Կոմիտեն եզրակացրել է, որ Ռուսաստանը խախտել է Վկաների իրավունքները՝ համաձայն քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18.1-րդ («մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք») և 22.1 («հավաքների և միավորման ազատության իրավունք») հոդվածների։ Որոշումները հաստատում են, որ նրանց կրոնական գրականության մեջ չկա ոչինչ, որը ատելություն կամ բռնություն է քարոզում։
Հունիսի 7, 2022
ՄԻԵԴ-ը շրջադարձային վճիռ կայացրեց ընդդեմ Ռուսաստանի՝ «Տագանրոգի ԼԿԿ-ն և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով, մեղադրելով վերջինիս Եհովայի վկաների հանդեպ անարդար վերաբերմունք դրսևորելու մեջ։
Հունվարի 12, 2022
Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը JW Library հավելվածը ընդգրկեց ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում: Սա առաջին և միակ հավելվածն է, որը ծայրահեղական է համարվել և արգելվել է Ռուսաստանում։
Սեպտեմբերի 27, 2021
Սանկտ Պետերբուրգ քաղաքի դատարանը մերժեց 2021 թ. մարտի 31-ի որոշման դեմ ներկայացված բողոքը։ Ըստ այդ որոշման՝ JW Library հավելվածը համարվեց ծայրահեղական և արգելվեց ՌԴ-ի և Ղրիմի տարածքում։ Դատարանի առաջին որոշումը միանգամից ուժի մեջ մտավ։
Ապրիլի 26, 2019
ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը եկավ այն եզրահանգման, որ Դմիտրի Միխայլովի իրավունքները ոտնահարվել են, և դատապարտեց Ռուսաստանի կողմից Եհովայի վկաների նկատմամբ իրականացվող հալածանքը։
Ապրիլի 20, 2017
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը որոշում կայացրեց լուծարել Ռուսաստանի Եհովայի վկաների վարչական կենտրոնը, ինչպես նաև տեղի 395 կրոնական կազմակերպությունները։