Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Օրյոլում դատարանը կրկին երկարաձգեց Դենիս Քրիստենսենի նախնական կալանքի ժամկետը

Օրյոլում դատարանը կրկին երկարաձգեց Դենիս Քրիստենսենի նախնական կալանքի ժամկետը

ԹԱՐՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ 2017թ. դեկտեմբերի 22-ին Օրյոլի մարզային դատարանը մերժեց նախնական կալանքից պրն Քրիստենսենին ազատ արձակելու մասին փաստաբանի բողոքը։ Նրա նախնական կալանքի ժամկետը լրանում է 2018թ. փետրվարի 23-ին։ Այդ ժամանակ ևս մեկ դատական նիստ կկայանա, որի ընթացքում կքննվի քրեական գործն ըստ էության։

2017թ. նոյեմբերի 20-ին երեք ժամ տևած դատական նիստից հետո Օրյոլի սովետական շրջանային դատարանը (Ռուսաստան) երկարաձգեց Դենիս Քրիստենսենի նախնական կալանքի ժամկետը մինչև 2018թ. փետրվարի 23-ը։ Արդեն երկրորդ անգամ է, որ պրն Քրիստենսենի նախնական կալանքի ժամկետը երկարաձգվում է ևս երեք ամսով։ Նա կալանավորված է 2017թ. մայիսից, երբ ոստիկանները ներխուժել էին Օրյոլում կրոնական հավաքույթի վայր և ընդհատել խաղաղ հանդիպումը, որին նա ներկա էր։ Նրա գործով դատաքննություն դեռևս չի եղել։

Պրն Քրիստենսենը Դանիայի քաղաքացի է և Եհովայի վկա։ Նախքան նրա ձերբակալությունը Ռուսաստանի Գերագույն դատարանը արգելել էր Եհովայի վկաների կրոնական գործունեությունը՝ որպես ծայրահեղական գործունեություն։ Շրջանային դատարանը կրկին երկարաձգեց նախնական կալանքի ժամկետը, որպեսզի քննիչը ժամանակ ունենա հավաքելու «ապացույցներ»՝ ապօրինի կրոնական գործունեություն իրականացնելու մեղադրանքը հիմնավորելու համար։ Դատարանը մերժեց հետաքննության ընթացքում կալանավորումը տնային կալանքով փոխարինելու մասին միջնորդությունը և անտեսեց Դանիայի կառավարության այն հավաստիացումը, որ պրն Քրիստենսենին անձնագիր չի տրամադրի կամ այլ կերպ չի աջակցի նրան երկրից հեռանալու հարցում։

Իր ձերբակալության պահին պրն Քրիստենսենը և իր կինը, ով Ռուսաստանի քաղաքացի է, իրականացնում էին իրենց՝ կրոնի և միավորվելու ազատության հիմնարար իրավունքը։ Դատարանը կարող է նրան նախնական կալանքի տակ պահել մինչև երկու տարի ժամկետով։ Եթե պրն Քրիստենսենը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է վեցից տասը տարվա ազատազրկում։