ՕԳՈՍՏՈՍԻ 2, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Միջազգային հանրության արձագանքը Եհովայի վկաների դեմ Ռուսաստանի Գերագույն դատարանի կայացրած որոշման վերաբերյալ
Միջկառավարական կազմակերպություններն ու պաշտոնյաները արձագանքել են Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմանը, որով քրեականացվում է Ռուսաստանում Եհովայի վկաների դավանանքը։ Նրանք քննադատել են Ռուսաստանի անարդար և անողոք դատական որոշումը՝ կայացված կրոնական փոքրամասնություն կազմող մի խմբի դեմ, որը հայտնի է իր խաղաղ կրոնական գործունեությամբ։
2017թ. հուլիսի 17-ին Ռուսաստանի Գերագույն դատարանի երեք դատավորներից կազմված վերաքննիչ պալատը անփոփոխ թողեց ««Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոն» կրոնական կազմակերպությունը և վերջինիս կառուցվածքային մաս հանդիսացող տեղի կրոնական կազմակերպությունները լուծարելու, լուծարված կրոնական կազմակերպության ամբողջ գույքը Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու» մասին Դատարանի՝ ապրիլի 20-ին կայացրած որոշումը։ Այս որոշմամբ Դատարանը արգելք դրեց ողջ Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեության վրա։
Արձագանքներ Վերաքննիչ պալատի՝ 2017թ. հուլիսի 17-ի որոշումից հետո
Ստորև ներկայացնում ենք հատվածներ այն արձագանքներից, որոնք հնչել են 2017թ. հուլիսի 17-ից հետո, երբ Ռուսաստանի Գերագույն դատարանի վերաքննիչ պալատը անփոփոխ թողեց ապրիլի 20-ի որոշումը։
«Մենք խորապես մտահոգված ենք Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ, որով մերժվեց Եհովայի վկաներին «ծայրահեղականներ» պիտակող որոշման դեմ նրանց բողոքը։ Այս որոշումը անփոփոխ է թողնում Ռուսաստանի 175000 քաղաքացիների խաղաղ կրոնական գործունեությունը քրեականացնելու մասին որոշումը և ոտնահարում է Ռուսաստանի Սահմանադրությամբ ամրագրված կրոնի ազատության իրավունքը» (լորդ Ահմադ Ուիմբլդոն՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության մարդու իրավունքների հարցերով նախարար։ https://www.gov.uk/government/news/minister-for-human-rights-statement-on-russian-supreme-court-ruling)։
«Այս շաբաթ Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից Եհովայի վկաների դեմ կայացված որոշումը Ռուսաստանում կրոնական փոքրամասնություններին հետապնդելու մտահոգիչ տենդենցի վերջին դրսևորումն է։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին վերացնել Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեության վրա դրված արգելքը և ազատ արձակել կրոնական փոքրամասնություններին պատկանող այն անդամներին, ովքեր դեռ անհիմն կերպով կալանավորված են այսպես կոչված «ծայրահեղական գործունեության» համար» (Հիթեր Նոյերթ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ։ https://www.state.gov/r/pa/prs/ps/2017/07/272679.htm)։
«Բոլոր այլ կրոնական խմբերի նման՝ Եհովայի վկաները պետք է հնարավորություն ունենան առանց միջամտության օգտվելու հավաքների ազատությունից, որը երաշխավորված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով» (Եվրոպական միության արտաքին գործերի ծառայության խոսնակ։ https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/30022/statement-spokesperson-upheld-ban-activities-jehovahs-witnesses-russia_en)։
«Ցավոք, Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումը արտահայտում է կառավարության՝ խաղաղ կրոնական գործունեությունը ծայրահեղականությանը հավասարեցնելու դիրքորոշումը։ Վկաները ծայրահեղական խումբ չեն, և նրանք պետք է հնարավորություն ունենան ազատ և անարգել դավանելու իրենց կրոնը՝ առանց կառավարության կողմից բռնաճնշումների ենթարկվելու» (Դանիել Մարկ՝ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի նախագահ։ http://www.uscirf.gov/news-room/press-releases/russia-jehovah-s-witnesses-banned-after-supreme-court-rejects-appeals)։
«Ինձ խորապես մտահոգում է այն, որ Ռուսաստանում Եհովայի վկաներին արգելելու մասին դատարանի որոշումը անփոփոխ է թողնվել։ Չնայած տարբեր մակարդակներում ներկայացված մեր բողոքներին՝ այս քայլը կրոնի և մտքի ազատության իրավունքից օգտվելը հանցագործություն է դարձնում» (Գերնոտ Էրլեր՝ Գերմանիայի կառավարության կազմում Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների հետ միջհասարակական համագործակցության հարցերի համակարգող։ http://www.auswaertiges-amt.de/sid_5DAC942B7DE50BCC4AFCDFC864C2E383/EN/Infoservice/Presse/Meldungen/2017/170719-Ko_RUS-Zeugen_Jehovas.html)։
«Ռուսաստանի այս վերջին աղաղակող որոշումը, որով Եհովայի վկաները դադարում են Ռուսաստանում ընդունված կրոնական համայնք լինելուց, միանգամայն խախտում է կրոնի և համոզմունքի ազատությունը՝ պաշտպանված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածով.... Այլ կրոնական համայնքներից բարի կամք ունեցող մարդիկ, ինչպես նաև բոլոր նրանք, ում համար թանկ է խղճի ազատության իրավունքը, պետք է իրենց աջակցությունն արտահայտեն Ռուսաստանի Եհովայի վկաներին» (Կատրինա Լանտոս Սվիտ՝ Լանտոսի հիմնադրամի նախագահ։ https://www.lantosfoundation.org/news/2017/7/17/lantos-foundation-condemns-russias-outrageous-decision-to-ban-jehovahs-witnesses)։
Արձագանքներ Գերագույն դատարանի՝ 2017թ. ապրիլի 20-ի որոշումից հետո
Նախքան Վերաքննիչ պալատի որոշումը տարբեր պետական մարմիններ և պաշտոնյաներ դատապարտել էին Ռուսաստանի Գերագույն դատարանի՝ ապրիլի 20-ի որոշումը։
«Ես խնդրեցի նախագահ Վլադիմիր Պուտինին օգտագործել իր ազդեցությունը՝ փոքրամասնությունների, ինչպես նաև Եհովայի վկաների իրավունքները այստեղ երաշխավորելու համար» (կանցլեր Անգելա Մերկել, նախագահ Պուտինի հետ համատեղ տրված մամուլի ասուլիս։ http://uk.reuters.com/article/uk-russia-germany-putin-syria-idUKKBN17Y1JZ)։
«Ռուսաստանի Գերագույն դատարանի՝ վերջերս կայացրած որոշումը, որով Ռուսաստանի Դաշնությունում Եհովայի վկաների վարչական կենտրոնը ճանաչվեց ծայրահեղական կազմակերպություն, և որով այն, ինչպես նաև Վկաների կողմից օգտագործվող 395 տեղի կրոնական կազմակերպությունները լուծարվեցին, լուրջ մտահոգություններ է առաջացնում Ռուսաստանում կրոնի ազատության հետ կապված։ Դա ևս մեկ օրինակ է այն բանի, որ ծայրահեղականության դեմ պայքարի մասին օրենսդրությունը անհիմն սահմանափակում է արտահայտվելու և հավաքների ազատությունը» (Թեոդորա Բակոյանիս և Լիլիան Մորի Պասկիե՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Ռուսաստանի Դաշնության հարցով համազեկուցողներ։ http://assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=6599)։
«Ռուսաստանի կողմից կրոնի ազատությունը չհարգելը Մոսկվայի ստանձնած ԵԱՀԿ [Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն] պարտավորությունների մեկ այլ անհանդուրժելի խախտում է։ Այն մարդիկ, ովքեր խաղաղ դավանում են իրենց կրոնը, երբեք չպետք է հալածվելու, տուգանվելու և կալանավորվելու վտանգի տակ լինեն։ Դատարանի՝ Եհովայի վկաների սեփականությունը հանդիսացող գույքը բռնագրավելու մասին որոշումը լրացնում է կոպիտ խախտումների շարանը։ Հուսով եմ, որ այս գործը կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան» (սենատոր Ռոջեր Ուիքեր՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի նախագահ։ http://csce.emailnewsletter.us/mail/util.cfm?gpiv=2100141660.2454.614)։
«Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնի գործունեությունը արգելելու մասին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի երեկվա որոշումը կարող է պատճառ լինել, որ Եհովայի վկաներին սկսեն հետապնդումների ենթարկել դավանանքի ցանկացած դրսևորման համար։ Բոլոր այլ կրոնական խմբերի նման՝ Եհովայի վկաները պետք է հնարավորություն ունենան առանց միջամտության օգտվելու հավաքների ազատությունից, որը երաշխավորված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով» (Եվրոպական միության արտաքին գործերի ծառայության խոսնակ։ https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/24870/statement-ban-activities-jeho)։
«Ինձ խորապես մտահոգում է Ռուսաստանում Եհովայի վկաների համայնքի անդամների խաղաղ գործունեության անհիմն քրեականացումը, որով այս համայնքը դադարում է այդ երկրում գործող միավորում լինելուց։ Գերագույն դատարանի այս որոշումը սպառնում է այն արժեքներին ու սկզբունքներին, որոնց վրա հիմնված է ժողովրդավարական, ազատ, լայնախոհ, բազմակարծիք և հանդուրժող հասարակությունը» (Մայքլ Գեորգ Լինք՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար։ http://www.osce.org/odihr/313561)։
«Այս արգելքը, որով հետապնդվում են խաղաղ մարդիկ զուտ դավանանքի դրսևորումների համար, միանգամայն խախտում է կրոնի ազատության հիմնարար իրավունքները և մարդու իրավունքների միջազգային չափանիշները, որոնք նաև երաշխավորված են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ։ Ուստի այն պետք է վերանայվի հնարավորինս շուտ» (պրոֆեսոր Ինգեբորգ Գաբրիել՝ Ռասիզմի, այլատյացության, խտրականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ։ http://www.osce.org/odihr/313561)։
«Ինձ անհանգստացնում է Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումը, որով Եհովայի վկաները «ծայրահեղականներ» են ճանաչվում։ Այս որոշմամբ քրեականացվում է 175000 Ռուսաստանի քաղաքացիների խաղաղ կրոնական գործունեությունը և ոտնահարվում է կրոնի ազատության իրավունքը, որն ամրագրված է Ռուսաստանի Սահմանադրությամբ։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում Ռուսաստանի կառավարությանը հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին՝ պաշտպանելով այս հիմնարար ազատությունը» (բարոնուհի Ջոյս Անըլեյ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և համագործակցության հարցերով պետական քարտուղար։ https://www.gov.uk/government/news/minister-for-human-rights-criticises-russian-supreme-court-ruling-for-labelling-jehovahs-witnesses-as-extremist)։
Միջազգային հանրությունը դատապարտում է Ռուսաստանի Գերագույն դատարանին
2017թ. հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը ընդունեց Եվրոպական միության (ԵՄ) հայտարարությունը, որով Ռուսաստանին կոչ է արվում թույլ տալ Եհովայի վկաներին «առանց պետական միջամտության օգտվել հավաքների ազատությունից, ինչը երաշխավորված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով»։ Հայտարարությունը միաձայն ընդունել են Վիեննայում ԵՄ բոլոր 28 անդամ պետությունները, և ԵՄ անդամ պետություն չհանդիսացող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան, Կանադան և Նորվեգիան, համամիտ են դրան։ (https://eeas.europa.eu/sites/eeas/files/pc_1155_eu_jehovahs_witnesses_in_russia.pdf)։
Ողջ աշխարհում Եհովայի վկաները խորապես ափսոսում են Ռուսաստանի Գերագույն դատարանի այս կամայական որոշման համար, որով այդ երկրում արգելվել է նրանց գործունեությունը։ Իրենց արձագանքներով միջկառավարական կազմակերպություններն ու պաշտոնյաները դատապարտում են Ռուսաստանին Եհովայի վկաներին անարդարացիորեն «ծայրահեղականներ» ճանաչելու և կրոնական ազատությունը պաշտպանելու մասին իր իսկ սահմանադրական և միջազգային պարտավորությունները անտեսելու համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ պետք է քննի այս հարցը, և հուսով ենք, որ այն կբեկանի ողջ երկրում դրված այս արգելքի մասին որոշումը։