Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 2, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Օրյոլի մարզային դատարանը կքննի Դենիս Քրիստենսենին նախնական կալանքի վերցնելու մասին որոշման դեմ բերված բողոքը

Օրյոլի մարզային դատարանը կքննի Դենիս Քրիստենսենին նախնական կալանքի վերցնելու մասին որոշման դեմ բերված բողոքը

Թարմացված։ 2017թ. հունիսի 7-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով

2017թ. հունիսի 7-ին ժամը 14։00-ին Օրյոլի մարզային դատարանը կքննի Դանիայի քաղաքացի Դենիս Քրիստենսենին նախնական կալանքի վերցնելու մասին որոշման դեմ բերված բողոքը։ Պրն Քրիստենսենը, որը Եհովայի վկաների Օրյոլի ժողովում երեց է ծառայում, ձերբակալվել է 2017թ. մայիսի 25-ին, երբ ոստիկանությունը ներխուժել է կրոնական հավաքույթի վայր և ընդհատել միջշաբաթյա խաղաղ կրոնական հանդիպումը։

Ռուսաստանի կառավարության կողմից Եհովայի վկաների կրոնական ազատությունը սահմանափակելուն ուղղված երկարատև գործողությունների հետևանքով Օրյոլի տեղի կրոնական կազմակերպությունը (ՏԿԿ) մեղադրվել է «ծայրահեղական գործունեություն» ծավալելու մեջ և 2016թ. հունիսին լուծարվել։ Այժմ, երբ Գերագույն դատարանը լուծարել է Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնը և ՏԿԿ-ները, Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) այն դիրքորոշումն ունի, որ պաշտամունքի համար հավաքվելով՝ Օրյոլում Վկաները շարունակում են ծայրահեղական կազմակերպության ապօրինի գործունեությունը։

ԱԴԾ-ն հետաքննություն է սկսել պրն Քրիստենսենի նկատմամբ, քանի որ պնդում է, թե վերջինս լուծարված Օրյոլի ՏԿԿ-ի անդամ է։ Սակայն պրն Քրիստենսենը երբեք այդ իրավաբանական անձի անդամ չի եղել։ Նա նախնական կալանքի տակ կլինի մինչև 2017թ. հուլիսի 23-ը, քանի որ դատախազը կարծում է, որ լինելով այլ երկրի քաղաքացի՝ նա կարող է փախուստի դիմել, նախքան ԱԴԾ-ն նրա դեմ գործ հարուցելու համար ապացույցներ կհավաքի։

Բացի այդ, պրն Քրիստենսենին նախնական կալանքի վերցնելու մասին որոշումը բողոքարկելով՝ Եհովայի վկաները թարմացված տեղեկություններով լրացնում են միջազգային ատյաններին ներկայացված իրենց գանգատները։ Գերագույն դատարանի որոշումից անմիջապես հետո Ռուսաստանում շատ Եհովայի վկաներ սկսեցին հասարակության կողմից վատ վերաբերմունքի արժանանալ և կրել կառավարության գործողությունների բացասական հետևանքները։